Գյումրիում սպասվում է բողոքի նոր ալիք Բնակբաշխումից դեռեւս շարունակում են բողոքել Այս մասին ոչ միայն հաստատում են ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի երկու շաբաթ շարունակ Շիրակի դաշնակցական մարզպետի աշխատաոճին ուղղված խիստ գնահատականները կամ էլ բնակբաշխման աղաղակող փաստերի շուրջ մեր հրապարակումները, այլեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին Գյումրիից հասցեագրված բողոքները: Նախորդ օրը Գյումրիի հասարակական ակտիվի հետ հանդիպման ժամանակ տիկին Ալավերդյանը հայտարարեց, որ իրենց՝ Գյումրի կատարած այցի նպատակներից մեկն էլ բնակբաշխումից ստացած բողոքները տեղում պարզաբանելն է: «Եթե չասեմ 90, ապա 80 տոկոսը բնակարանային հարցի ոչ արդար, գոնե բողոքատուների գնահատմամբ՝ ոչ արդար լուծումն է»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը: Մեր խնդրանքին՝ մանրամասնելու, թե հատկապես ինչպիսի բողոքներ են հնչում մարզպետարանի իրականացրած բնակբաշխումից, մարդու իրավունքների պաշտպանը մեղքն անմիջապես տեսավ նույն խնդրի շուրջ հաճախակի փոփոխվող օրենքների մեջ: Ըստ նրա, կա կամայական որոշումներ ընդունելու մի դաշտ, որի մեջ օրենքի տառը կարող է թույլ տալ այդ պահին այդպես գործել եւ չնայել, որ տվյալ դեպքում կոնկրետ մարդու շատ կոնկրետ իրավունք է ոտնահարվում: «Դա օրենսդրական դաշտի համար ցածր ոճ է, դեռ հարցը չլուծված՝ նոր որոշում են ընդունում, այսինքն մարդիկ խելակորույս վիճակում են հայտնվում: Լինելով ֆիզիկական նույն անձը, մնալով նույն մարդը, ինքը հանկարծ ընկնում է նոր իրավական դաշտի մեջ, խոսքը նրա մասին է, որ սկզբում բնակբաշխում իրականացնելիս հաշվի էին առնում անձերի քանակը, հիմա՝ կորցրած սենյակների քանակը, փաստորեն դաշտը այլայլվում է, եւ այն մարդը, որը նախկինում ավելի շատ իրավունքներ ուներ, քան հիմա, իր իրավունքները ոտնահարված է համարում, իսկ չինովնիկը ասում է՝ ես գործում եմ օրենքով»,- պարզաբանում է տիկին Ալավերդյանը: Իսկ եթե կան կոնկրետ բողոքներ, ինչու հանդիպում չկազմակերպել մարզպետարանում՝ պատասխանող կողմի հետ դեմառդեմ: Գյումրեցիներից շատերը հասցրել էին հանդիպել մարդու իրավունքների պաշտպանին ու մի լավ բողոքել բնակբաշխումից: Ի դեպ, չի բացառվում, որ Գյումրիում բողոքների մի նոր տարափ էլ սկսվի անօթեւանների հերթացուցակի կապակցությամբ: Երեկ վերջապես Գյումրիի քաղաքապետարանում փակցվեց 2004-ին հաշվառված եւ 2005-ին վերահաշվառված անօթեւանների հերթացուցակը՝ 4284 անուն-ազգանունով: Սակայն ինչպես արդեն հայտնի է, կառավարությունն ունի իր «զտված» տարբերակը, համենայնդեպս, պարտական է զգում 1500-2000 բնակարաններ կորցրածների առջեւ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բնակարանների գնման վկայագիր կառավարական ծրագրից» կարող են օգտվել մինչեւ 2004թ. մարտի մեկը հաշվառվածները, իսկ մյուսները, որոնք, ասենք, բյուրոկրատական քաշքշուկների ու ստեղծված թղթատարության, գուցե եւ հիվանդ լինելու պատճառով չեն հասցրել մինչեւ մարտի մեկը հերթագրվել, ներկա պահին զրկվել են բնակարան ստանալու քիչ թե շատ ստեղծված հնարավորությունից: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ