Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ

Հունիս 09,2005 00:00

ՈՐ ԿՈՂՄՆ Է ՓՉՈՒՄ ՔԱՄԻՆ Որոշ նախանշաններից կամաց-կամաց պարզ է դառնում, որ հաջորդ «ժողովրդավարական հեղափոխությունը» հավանաբար տեղի կունենա Ադրբեջանում: Հիշյալ բառակապակցությունը չակերտների մեջ եմ առնում այն պատճառով, որ չեմ հավատում, թե ժողովրդավարությունը հնարավոր է հաստատել հեղափոխության միջոցով: Մինչեւ յուրաքանչյուր մարդու հոգում եւ ուղեղում չարմատավորվեն ազատության, հանդուրժողականության եւ լայնախոհության սկզբունքները, ոչ մի ժողովրդավարություն էլ չի լինի: Վերնախավերի մեխանիկական փոփոխությունը, այն էլ՝ զանգվածային անհանդուրժողականության ֆոնի վրա, հանգեցնում է տեղապտույտի եւ ոչ թե զարգացման: Այն, ինչ կատարվել է Ուկրաինայում եւ Վրաստանում եւ, հավանաբար, վաղ թե ուշ կատարվելու է նախկին խորհրդային այլ երկրներում, ոչ թե ժողովրդավարացում է, այլ ռուսական ազդեցությունից ազատագրում, եւ արեւմտամետ, ավելի ճիշտ՝ ամերիկամետ դիրքորոշման որդեգրում: Որքան էլ մեր ոչ այնքան հեռատես գործիչները շարունակում են օրհնել «էն սհաթները», այդ վերակողմնորոշումը, կարծես թե, անխուսափելի պրոցես է: Այդ գործընթացը խթանում է նաեւ պուտինյան Ռուսաստանը, որը ժամանակակից աշխարհին ինտեգրվելու որեւէ ձգտում չի ցուցաբերում, եւ հակառակը՝ ընկղմվում է իր ավանդական ավտորիտար-բյուրոկրատական ճահճի մեջ: Ամբողջ խնդիրն այն է, թե նախկին խորհրդային ո՛ր հանրապետությունում ե՛րբ է այդ «հեղափոխությունը» տեղի ունենալու: Ակնհայտ է, որ աշնանը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները իրենց հայ կոլեգաների նման կսկսեն լցնել, նկարել եւ ջարդել: Այլ բան նրանք չեն կարող անել՝ հաշվի առնելով իրենց ռեյտինգը: Ընդդիմությունը կսկսի բողոքի ցույցերը, որոնք կվերածվեն արեւմտամետ «հեղափոխության»: Իլհամ Ալիեւը կզրկվի իշխանությունից եւ նրա փոխարեն նախագահ կդառնա, ասենք, Ալի Քերիմլին: Ի՞նչ է անելու այդ երիտասարդն առաջին հերթին: Նա հայտարարելու է, որ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ անձամբ Ջորջ Բուշի ամենամտերիմ բարեկամն է, Անդրկովկասում ժողովրդավարության փարոսը, եւ հիմա իր առաջնային նպատակն է այդ ժողովրդավարությունը տարածել Լեռնային Ղարաբաղի վրա: Այդպիսով, Ադրբեջանը կստանա մեծ առավելություն Հայաստանի նկատմամբ, որը կընկալվի որպես «չհեղափոխականացված» եւ հետեւաբար՝ «հետամնաց» երկիր: Այնպես որ, ավելի լավ է Ադրբեջանում հեղափոխություն չլինի: Համենայնդեպս՝ մեզանից առաջ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել