Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈՅԿՈՏՈՒՄ

Հունիս 09,2005 00:00

ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ, գործադիր իշխանությունը բոյկոտում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Ինչպես հայտնի է, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանից Հայաստանի անվտանգության մարմինները առգրավել էին նաեւ գրասենյակի համակարգիչը, որտեղ, ըստ Լ. Ալավերդյանի, եղել են կարեւոր տվյալներ ու դիմումներ՝ կապված մարդու իրավունքների խախտման փաստերի հետ, որոնցից մեկը մի զինծառայողի, մյուսը՝ Հյուսիսային պողոտայի վտարված բնակիչների գործերով էր: Մյուս կողմից, ըստ Լ. Ալավերդյանի, ի դեմս Հանրային հեռուստաընկերության՝ իշխանություններն արշավ են ծավալել իր դեմ. «Այս դեպքը վկայում է այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանության անկախության կարեւորագույն երաշխիքը ուղղակիորեն ոտնահարվել է ամենակոպիտ, անօրինական, հակաօրինական գործողություններով: Սա աննախադեպ, միջազգային պրակտիկայում հավասարը չունեցող դեպք է…»,- հայտարարել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Իսկ օմբուդսմենի դեմ ծավալած իշխանությունների այդօրինակ գործողությունների հիմնապատճառը իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը ոչ թե Հայաստանի իշխանությունների ցանկությունն էր, այլ՝ ԵԽ պահանջը: «Դա ՀՀ իշխանություններին պարտադրված քայլ էր, մինչդեռ եթե նրանք իսկապես ցանկություն ունենային պաշտպանել Մարդու իրավունքները, ապա առաջին հերթին՝ մինչեւ այդ ինստիտուտի ձեւավորումը, Հայաստանում կապահովեին անկախ դատական իշխանություն»,- նկատեց Ա. Իշխանյանը՝ հիշեցնելով, որ ամեն դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն այնպիսին է, որ նրան նշանակում է ՀՀ նախագահը, որով, ըստ նրանց, օմբուդսմենը պետք է կախված լիներ իրեն նշանակողից: Մեր զրուցակցի ասելով, այն մեխանիզմը, որով նշանակվեց մարդու իրավունքների պաշտպանը, ցույց տվեց այդ ինստիտուտի անկարեւորությունը ՀՀ իշխանությունների համար: Այդուհանդերձ, Ա. Իշխանյանի համոզմամբ՝ «Եթե Հայաստանում ընտրությունների հետ կապված ԵԽ-ի հետ պրոբլեմներ չլինեին, շատ հավանական է, որ օմբուդսմենի պաշտոնում նշանակվեր որեւէ կուսակցական կամ նոմենկլատուրային չինովնիկ, ինչպիսին, ասենք՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն է՝ կամակատար», բայց ՀՀ-ԵԽ փոխհարաբերությունները, նրա ասելով, իշխանություններին ստիպեցին, որ օմբուդսմեն նշանակվի իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, որը գոնե լոյալ էր իշխանությունների նկատմամբ: «Սակայն իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվեցին: Գուցե հասարակությունը օմբուդսմենի հետ կապված ավելի մեծ հույսեր ուներ, մասնավորապես՝ հասարակական ու քաղաքական հնչեղություն ստացած գործերում մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ գործունեության իմաստով, բայց առավել եւս չարդարացան իշխանությունների սպասելիքները, որովհետեւ այլ գործերում, որոնց մասին հասարակությունը պակաս քաջատեղյակ է, Մարդու իրավունքների պաշտպանը, իմ կարծիքով, այնուամենայնիվ, փորձեց իր հնարավորությունների սահմաններում օգնել մարդկանց: Իշխանություններին դա էլ դուր չեկավ, եւ սա սկսեց ջղաձգել նրանց: Իշխանությունները չէին ուզում իրենց կամակատար դատական իշխանությունների կողմից օրինախախտումների մասին որեւէ վատ բան լսել»,- վստահեցրեց Ա. Իշխանյանը՝ հավելելով, որ սա է հիմնական պատճառը, որ սկսեցին հարձակումները օմբուդսմենի վրա՝ նրա լիազորությունները սահմանափակելուն ուղղված, եւ նրա աշխատակազմը քաղծառայողներով համալրելու նախաձեռնությունները: Ինչ վերաբերում է օմբուդսմենի գրասենյակի աշխատողի ձերբակալությանը, ապա Ա. Իշխանյանը դա ծիծաղելի համարեց: «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առանձնապես լիազորություններ չունի, առավել եւս՝ ինչ-որ հարցում որեւէ գործարարի սաստելու համար: Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա որեւէ գործարար, որը դա չի հասկացել եւ փորձել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողին կաշառել։ Պարզ է, որ այդ ամենն արված է հերթական անգամ օմբուդսմենին վարկաբեկելու համար, նաեւ ապացուցելու, թե ինչպիսի աշխատակազմ ունի օմբուդսմենը։ Մյուս կողմից՝ եթե նույնիսկ այդպիսի դեպք եղել է, ցանկության դեպքում իրավապահները կարող էին հարգել անմեղության կանխավարկածը եւ չշեշտել, որ կաշառքի կամ խաբեբայության մեղադրանքով ձերբակալված այսինչը աշխատում է օմբուդսմենի գրասենյակում։ Սա գրոհ է օմբուդսմենի աշխատողների նկատմամբ»,- կարծիք հայտնեց Ա. Իշխանյանը: Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին՝ մասնավորապես, արդարադատության նախարարի, դատախազի եւ վճռաբեկ դատարանի նախագահի արձագանքներին, իրավապաշտպանն ասաց, թե դրանցում հստակ երեւում է այն անհարգալից վերաբերմունքը, որ կա օմբուդսմենի եւ նրա զեկույցի նկատմամբ, եւ հավելեց, որ ըստ էության այդ օղակները բոյկոտում են օմբուդսմենի գործունեությունը: «Դա վկայությունն ու արդյունքն է այն բանի, որ այդ օղակներում հասկանում են, թե ինչպիսի վերաբերմունք կա օմբուդսմենի նկատմամբ երկրի բարձրագույն իշխանության կողմից։ Իսկ նպատակը պարզ է. հասնել օմբուդսմենի հրաժարականին եւ նրա փոխարեն այս անգամ նշանակել Ամալյանի նման մեկին»,- համոզմունք հայտնեց նա։ Ա. Իշխանյանը այն կարծիքին է, որ ստեղծված իրավիճակում Լ. Ալավերդյանի հրաժարական տալը սխալ քայլ կլինի. «Նա պետք է համառություն ցուցաբերի եւ հրաժարական չտա»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել