Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 09,2005 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔ «Ձախակենտրոնները» առաջարկում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում Հուլիս ամսին տեղի է ունենալու ձախ ուժերի միավորման համաժողովը: Միավորիչ Տիգրան Ուրիխանյանը (Հայաստանի առաջադիմական կուսակցություն) երեկ «Առավոտին» հավաստիացնում էր, որ համաժողովին ներկա են լինելու «հատկապես Ռուսաստանի Դաշնությունից խոշոր քաղաքական գործիչներ», մասնավորապես՝ իշխանամետ «Ռոդինա» դաշինքի ղեկավար Դմիտրի Ռագոզինը, նախկին կոմունիստ Գենադի Սելեզնյովը եւ այլք: Այդ ներկայացուցչական «դեսանտը», ինչպես նաեւ այն, որ այսօր Տիգրան Ուրիխանյանը եւս կմասնակցի ՌԴ ազգային տոնի առիթով նորանշանակ դեսպանի կազմակերպած ընդունելությանը (որտեղ սովորաբար հրավիրվում են հայաստանյան մի քանի տասնյակ գործիչներ), երիտասարդին հիմք են տալիս լրջորեն մտածելու, որ «այդ միավորումը կդառնա այնպիսի լուրջ քաղաքական գործոն, որը լինելով պրոռուսական՝ կկարողանա որոշակիորեն հակադրվել վերջերս մեր ներքաղաքական կյանքի ամենաուշագրավ էլեմենտը հանդիսացող արեւմտամետ դաշինքի ձեւավորման գործընթացին»: Ձեւավորվող դաշինքում, ի դեմս Տ. Ուրիխանյանի, համոզված են, որ ԱՊՀ-ն չի փլուզվի. «Գունավոր, մանկամսուրային հեղափոխությունների արդյունքում երեք հանրապետություն դե ֆակտո լքեցին ԱՊՀ-ն եւ էլի մեկ-երկուսը, որոնք առանց հեղափոխությունների են ուղղվածությունը փոխում: Նույնիսկ կեսից քիչ են նրանք, ովքեր ԱՊՀ-ի նկատմամբ այլեւայլ մոտեցումներ ունեն: Որտեղի՞ց այն կարծիքը, որ ԱՊՀ-ն իրեն սպառել է»: ՌԴ նախագահի՝ ԱՊՀ-ի վերաբերյալ հայտարարության առիթով էլ երիտասարդ հայ գործիչը հայտարարում է. «Դա Վլադիմիր Պուտինի ամենակոպիտ սխալներից մեկն է: Ես վաղը դրա մասին պատրաստվում եմ խոսել նաեւ դեսպանատանը»: Տարբեր առիթներով պարոն Ուրիխանյանը բարձրաձայնում է, որ 2008-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենք պաշտպանելու են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Արդյոք պրն Սարգսյանը լիազորե՞լ է ձեզ նման հայտարարություններ անել»՝ «Առավոտի» հարցին նա պատասխանեց, որ ինքը պաշտպանության նախարարից նման հանձնարարություն չի ստացել եւ, առհասարակ, որեւէ դեպքում որեւէ մեկի կողմից չի թելադրվում: Պարզվում է՝ դա պարոն Ուրիխանյանի ցանկությունն է, որը վերածվել է համոզմունքի. «Պաշտպանության նախարարը լավագույնս կկարողանա իրականացնել առաքելությունը, որը դրվում է հանրապետության նախագահի վրա, քանի որ նա տիրապետում է իրավիճակին, ընդունվում է գերտերությունների եւ միջազգային կառույցների կողմից, եւ նա այն մարդն է, որը կարող է իրականացնել մեր իղձերը՝ կայունություն, խաղաղություն, աստիճանական զարգացում»: Սա, ըստ մեր զրուցակցի, նաեւ ձախ ուժերի միավորման անդամ կուսակցությունների կարծիքն է: Տ. Ուրիխանյանը խոստանում է առաջիկա երկու շաբաթների ընթացքում ավարտին հասցնել «ձախերի» միավորումը եւ լծվել «աջերի» միավորման գործընթացին՝ խոստանալով, որ «այդ միավորման մեջ կմտնեն աջ թեւում գործող բոլոր լուրջ քաղաքական կուսակցությունները»: Նշենք, որ երեկ «ձախերի» շարքերը համալրել է «Արդարություն» կուսակցությունը: Ըստ «Ռեգնում» գործակալության, այդ կուսակցության ղեկավար ոմն Արթուր Բալոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր ղեկավարած քաղաքական կառույցի գործունեությունը բազմակողմանի է: Երբ պրն Բալոյանին խնդրեցին գոնե մի դրվագ ներկայացնել այդ բազմակողմանի աշխատանքից, կուսակցական լիդերը նշեց Երեւանի շենքերի ֆասադների մաքրումը: Սպասվում է, որ վաղը պրն Ուրիխանյանի ձեւավորելիք դաշինքին միանալու է նույնքան հեղինակավոր «Արցախ-Հայաստան» կուսակցությունը: Դաշինքի մասին «Առավոտը» կարծիք հարցրեց նաեւ ավելի հայտնի «ձախերից»՝ կոմունիստներից: Երեկ մեզ հետ զրույցում Հայաստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, թե ՀԿԿ-ն այդ միավորման մեջ մտնելու ցանկություն չունի. «Մենք ոչ մի առնչություն չունենք այն ուժերի հետ, որոնք սատարում են ներկա իշխանություններին: Որեւէ ուժ չի կարող լինել միաժամանակ հակաժողովրդական եւ «ձախ»: Բացի այդ, մենք տեղյակ էլ չենք, թե դա ինչ միավորում է, որքանով են այնտեղ ներկայացված ուժերը «ձախ»՝ իրենց ծրագրերով եւ գործունեությամբ, ինչ են հասկանում «ձախ» ասելով եւ արդյո՞ք նրանց նպատակը հիմա էլ «ձախերի» անվան տակ ջրի երեսին մնալը չէ»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել