Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԱՂԿԱՁՈՐ-3»-Ը ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

Հունիս 09,2005 00:00

Բարենպաստ
եղանակների հետ միասին Ծաղկաձորում լրիվ թափով սկսվել է ճոպանուղու երրորդ հերթի՝
«Ծաղկաձոր-3»-ի շինարարությունը: Դրա տեխնիկական չափորոշիչներն էականորեն
տարբերվում են նախորդ երկուսից: Եթե առաջին գծի երկարությունը 1171 մետր է, երկրորդինը՝
1412, երրորդինը լինելու է 1551 մետր: Բանակցությունների արդյունքում պետությունը
«Լայթներ» ֆիրմային երրորդ գծի իրական 1 մլն 706 հազար արժեքի փոխարեն վճարել է 1
մլն 486 հազար եվրո, որի մեջ մտնում է նաեւ ամբողջ սարքավորումների տեղափոխումը:
«Ծաղկաձոր-3»-ը կառուցման եղանակներով իր նախորդներից որոշակիորեն տարբերվում
է: Դրա մասին պատմեց ճոպանուղու շինարարության բոլոր խնդիրներով զբաղվող Սպորտպետկոմի
նախագահ Իշխան Զաքարյանը: «Աշխարհի բոլոր ճոպանուղիները, երբ քամու արագությունն
անցնում է վայրկյանում 13-14 մետրից, ուղեւորների անվտանգության նպատակով անջատվում
են,-ասաց նա:- Մեզ մոտ արդեն իսկ շահագործվող երկու հերթերում «Լայթների» մասնագետների
հետ միասին կարողացել ենք այդ սահմանը հասցնել մինչեւ 15 մ/վրկ-ի: Իսկ երրորդի համար
ֆիրմայից պահանջել ենք տեղադրել լրացուցիչ եւս երկու հենասյուն: Այդպես նախ ավելի
արդյունավետ կլինի դրա շահագործումը, բացի դրանից, ճոպանուղին հնարավոր կլինի շահագործել
քամու՝ վայրկյանում մինչեւ 17-18 մետր արագության պայմաններում»: Աշնան վերջին,
երբ կավարտվի նաեւ երրորդ հերթի շինարարությունը, ճոպանուղու ընդհանուր թողունակությունը
կկազմի ժամում 2600 մարդ (առաջինինը՝ 1200, երկրորդինը՝ 800, երրորդինը՝ 600): Տեղեկացանք
նաեւ, որ օրերս Հայաստան է ժամանել ճոպանուղու սարքավորումներով բարձված առաջին հսկա
բեռնատարը, որը բերել է վերհողային աշխատանքների համար անհրաժեշտ 10,5 տոննա բեռ:
Սպասվում է, որ ընդհանուր առմամբ ստացվելու է 15 այդպիսի բեռնատար: Այս տարի ձեռք
է բերվելու նաեւ ձյուն ամրացնող «Ռատրապ» կոչվող երրորդ մեքենան: Բնականաբար,
այս հիասքանչ կառույցի վերջնական շահագործումով Ծաղկաձորում մարդկանց հանգստի կազմակերպման
հարցերը չեն ավարտվում: Ընդհակառակը, առաջանում են բազմաթիվ այլ խնդիրներ, առանց
որոնց լուծման արվածը անիմաստ կլինի: Այդ իսկ պատճառով հիմա ճոպանուղու շինարարությանը
զուգահեռ կատարվում են նաեւ այդ աշխատանքները: Մասնավորապես, Թեղենիսի ամբողջ լանջով
մեկ առանձնացվում են դահուկուղիները, սահնակուղիները, ձյունագնաց մեքենաների ճանապարհները:
Նկատի ունենալով, որ Ծաղկաձորը հանգստի սիրված վայր է ոչ միայն ձմռանը, այլեւ տարվա
բոլոր եղանակներին, ճոպանուղու ամբողջ երկայնքով մարդկանց համար հաճելի հանգիստ անցկացնելու
պայմաններ են ստեղծվում, բայց բացառելով բնությունն ու շրջակա միջավայրն ապականելը:
Չեն լինելու խորովածի մանղալներ, այսօր մեզանում լայն տարածում ստացած «ավանդական-պարտադիր»
այլեւայլ օբյեկտներ: Դրա փոխարեն Շվեյցարիայից աշնանը ներկրվելու է շուրջ չորս հազար
հատ 60 սմ-անոց արծաթափայլ ու կապտափայլ եղեւնի, որ ապրում են հենց այդպիսի բնակլիմայական
պայմաններում: Արդեն այժմվանից ԱԺ պատգամավորների մի ստվար խումբ ցանկություն է հայտնել
Թեղենիսի լանջին ծառատունկ կազմակերպել: Հարկավոր է նաեւ ստեղծել հյուրանոցների խիտ
ցանց, որի պակասն արդեն զգացվում էր այս տարի: Սակայն այսօրվանից առկա են
խնդիրներ, որոնք մտահոգվելու լուրջ առիթ են տալիս: Խոսքը ոչ միայն ճոպանուղու տարածքում,
այլեւ ամբողջ Ծաղկաձորում շուրջտարյա ջուր ապահովելու մասին է եւ մշտական հոսանքի:
Եթե առաջին դեպքում խնդիրը լուծելի է մոտ 2 կմ երկարությամբ երկրորդ ջրագիծն անցկացնելով,
որով արդեն իսկ զբաղվում են, երկրորդի հարցով առայժմ շատ թե քիչ արդյունավետ հնար
դեռ չի գտնվել: Հաճախակի անջատումները շարքից դուրս են բերում ճոպանուղին աշխատեցնող
գերժամանակակից մասերը: Ու նման դեպքեր անցած ձմեռ եղել են: Խնդրի լուծման տարբերակ
է հոսանքամատակարարումը տնօրինող կազմակերպությունների կողմից Ծաղկաձորում ներդրումներ
կատարելը, մի բան, որի մասին կարծես վերջինները չեն էլ մտածում: Իսկ մինչ այդ, ճոպանուղու
ղեկավարությանը հանձնարարված է որպես միջանկյալ լուծում պայմանագրեր կնքել ճոպանուղու
գործունեությանն այս կամ այն կերպ առնչվող կազմակերպությունների հետ, որպեսզի նրանց
պատճառով խափանումներ լինելու դեպքում իրենք փոխհատուցեն պատճառված վնասը: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել