Լրահոս
Օրվա լրահոսը

70 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԱՄԵՐԻԿԱ ՉՄԵԿՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ

Հունիս 09,2005 00:00

«Work&Rest»-ը
խաբել է 70 քաղաքացու՝ յուրաքանչյուրից կորզելով 1000 դոլար 2004թ. մարտին
Արտակ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության վազող տողի հայտարարությունից եւ
«Գինդ» շաբաթաթերթից տեղեկացավ «Work&Rest» կազմակերպության մասին: Կազմակերպությունը
ուսանողներին հրավիրում էր քառամսյա շրջագայության եւ աշխատանքի Միացյալ Նահանգներ:
«Work&Rest»-ի գրասենյակում պայմաններին ծանոթանալիս Արտակն անկեղծորեն պատմում
է ընտանիքի դրությունը եւ ԱՄՆ մեկնելու բուն մտադրությունը: Նրան խոստանում են աջակցել՝
գտնելով հնարավորինս բարձր վարձատրությամբ աշխատատեղ: Անհրաժեշտ մուծումները կատարելուց
հետո, Արտակին առաջարկում են մեկնել Նյու Ջերսի՝ «Fast food»-ում որպես գանձապահ
աշխատելու, երկուշաբթիից՝ ուրբաթ, ժամը 9-ից մինչեւ 18-ը՝ 9 դոլար 80 ցենտ ժամավարձով,
իսկ աշխատանքային ժամերից դուրս՝ շաբաթ եւ կիրակի օրերին, յուրաքանչյուր ժամը 5 դոլար
հավելավճարով: Սակայն Հյուսիսային համալսարանի իրավագիտական ֆակուլտետի ուսանող Արտակ
Մնացականյանը այդպես էլ չմեկնեց Ամերիկա: Նույն ճակատագրին արժանացան 70 քաղաքացիներ:
«Work&Rest»-ը 2004-ի փետրվարից տեղակայված էր Երեւանի Մոսկովյան փողոցի 31
շենքի առաջին հարկում՝ Սպարտակ Ստեփանյանից վարձակալած տարածքում: Կազմակերպության
տնօրենը Ալբերտ Ավետիսյանն էր, գործադիր տնօրենը՝ Հասմիկ Յագմուլյանը, գործավարը՝
Քրիստինեն: Ալբերտը հաճախորդներին վստահեցրել է, թե «Work&Rest»-ը մասնաճյուղ
ունի նաեւ Վրաստանում, գործում է 4 տարի, եւ իրենց միջոցով ամեն տարի դեսպանատուն
դիմած 100 ուսանողներից մերժվել է ընդամենը 1-2 հոգի, այն էլ՝ դիմող ուսանողների
մեղքով: «Work&Rest»-ի ծառայությունից օգտվել ցանկացողներից պահանջվում էր
վճարել 20 000 դրամ՝ գումարած 950 դոլար: Աշխատանքային պայմանագրերը կնքվել են 1-2
օրվա ընթացքում: Վճարումների դիմաց Հասմիկ Յագմուլյանը Ալբերտ Ավետիսյանի անձնագրի
համարով եւ ստորագրությամբ կամ միայն իր ստորագրությամբ ստացական է տվել: «Work&Rest»-ում
ուսանողների ծնողները ստորագրել են պայմանագիր, որ եթե ուսանողը չվերադառնա, ապա
նրանք պարտավորվում են տվյալ կազմակերպությանը վճարել 10 000 դոլար: Ուշագրավն այն
է, որ այս պարտավորագրերը կնքվել են «Հասարակական կապերի միջազգային փոխգործունեության
կենտրոն» հասարակական կազմակերպության կնիքով: Այս կազմակերպության ղեկավարը նույն
ինքը՝ «Work&Rest»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Յագմուլյանն է: Իսկ տնօրեն Ալբերտը եւ
գործավար Քրիստինեն նույն հասարակական կազմակերպության անդամներն են: Խաբված
ուսանողների ծնողների ահազանգից հետո, 2004-ի հունիսի 11-ի երեկոյան ոստիկանության
աշխատակիցները եկել, գրասենյակի բոլոր փաստաթղթերը, այդ թվում նաեւ հասարակական կազմակերպության
կնիքը հավաքել, աշխատակիցներին ու հավաքված ծնողներին եւ ուսանողներին տարել են ոստիկանության
քաղաքային վարչություն: Այստեղ Հասմիկի պայուսակի աստառի տակից գտել են 20 000 դոլարից
ավելի գումարի բանկային կտրոններ, որոնք ուղարկված են եղել ՌԴ: Ոստիկանությունում
Հասմիկը պնդել է, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, Ալբերտի մոտ ուղղակի աշխատող
է եղել: Այն, որ 10 000 դոլարի պարտավորագրերը կնքված են եղել իր ղեկավարած հասարակական
կազմակերպության կնիքով, բացատրել է, որ Ալբերտը կնիք չի ունեցել, եւ ինքը պարզապես
օգնել է նրան: Հասմիկին նույն օրն իսկ ազատ են արձակել: Ոստիկանության Կենտրոնի
բաժնում հարուցվել է քրեական գործ, որը մի քանի ամիս անց տեղափոխվել է Երեւանի քաղաքային
դատախազության վարույթ: Ոստիկանությունում եւ դատախազությունում ցուցմունք տված բոլոր
տուժածները հայտնել են, որ գործ են ունեցել Հասմիկ Յագմուլյանի հետ: Սակայն Երեւանի
դատախազության քննիչ Սարգիս Հովհաննիսյանը նրան այս գործով չգիտես ինչու ճանաչել
է տուժող: «Հասարակական կապերի միջազգային փոխգործունեության կենտրոն» ՀԿ
նախագահ, «Work&Rest»-ի գործադիր տնօրեն Հասմիկ Յագմուլյանն այսօր հրաժարվում է որեւէ
կերպ մեկնաբանել իր քայլերը: Ինչպես նա նշեց մեր հեռախոսազրույցի ժամանակ, քննիչներն
արգելել են այս թեմայով խոսելը: «Work&Rest»-ի խաբեության զոհ է դարձել 70
մարդ: Նրանցից յուրաքանչյուրը այդ կազմակերպությունում թողել է հազար դոլար: Ալբերտ
Ավետիսյանը եւ Հասմիկ Յագմուլյանը յուրացրել են 70 հազար դոլար եւ մնացել անպատիժ:
ԱՐԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել