Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի
1-ին ատյանի դատարանում լսվեց, ապա մինչեւ հունիսի 10-ը ընդմիջվեց նույն համայնքի
թաղապետի թեկնածու Սամվել Հովսեփյանի («Ադմիրալ») վստահված անձ Հովհաննես Նիկողոսյանի
հայցը՝ թիվ 11 ԸԸՀ-ի անգործության վերաբերյալ: Ըստ սույն հայցի, գործող թաղապետ
Ա. Գրիգորյանը որպես թեկնածու գրանցվելու ժամանակ թիվ 11 Ընտրատարածքային ընտրական
հանձնաժողովին (ԸԸՀ) ներկայացրած «Իր սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում
իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների մասին» հայտարարագրում թույլ է տվել փաստերի
կեղծում եւ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն եւ կնոջը պատկանող 0.7 եւ 0.5
հա տնամերձ հողամասերի մասին տվյալները, որոնց մասին ժամանակին պաշտոնապես տեղեկացրել
են «ՀՀ իշխանության մարմնի ղեկավար աշխատողների 01.01.01 թ.-01.01.02 թ. գույքի եւ
եկամուտների հայտարարագրում»: Ս. Հովսեփյանի վստահված անձն այս մասին ահազանգել է
թիվ 11 ԸԸՀ-ին, սակայն, ըստ հայցվորի, ընտրական հանձնաժողովը իրենց բողոքը չի քննարկել
եւ անգործություն է դրսեւորել: Հայցվորը վստահ էր, որ այդ կեղծիքը կարող էր թեկնածուի
գրանցումը անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ: Ճիշտ է, այս պնդումը պատասխանող կողմը
չէր ընդունում եւ ուներ իր փաստարկները, սակայն դատարանում երեկ դրանք չլսվեցին:
Դատավոր Տիգրան Պետրոսյանը մի քանի անգամ հայցվորից ճշտեց՝ կոնկրետ ի՞նչն
են բողոքարկում, քանի որ հայցը մի քանի մասից էր բաղկացած: Հայցվորը պնդեց, որ բողոքարկվում
է թիվ 11 ԸԸՀ անգործությունը: Հետեւաբար, դատական նիստն ընթացավ այդ հունով: Այսինքն՝
դատավորը հայցվոր կողմից՝ հանձին թաղապետի թեկնածու Սամվել Հովսեփյանի վստահված անձ
Հովհաննես Նիկողոսյանի, պահանջեց ԸԸՀ-ի անգործությունն ապացուցող փաստարկներ, իսկ
իր անգործությունը չընդունող թիվ 11 ԸԸՀ-ից, որը ներկայացնում էր ԸԸՀ նախագահ Օլեգ
Գրիգորյանը, պահանջում էր ԸԸՀ-ի անգործությունը հերքող ապացույցներ: Հայցվոր
կողմը պնդում էր, որ իրենց դիմումին պատշաճ ընթացք չի տրվել, դիմումը չի քննարկվել
եւ որոշում չի կայացվել: Իսկ ԸԸՀ նախագահը համոզում էր, որ օրենքին համապատասխան,
հունիսի 7-ին, դիմումը ստանալուց հետո 18 ժամվա ընթացքում, կայացել է հանձնաժողովի
նիստը, քննարկվել է Հովհ. Նիկողոսյանի բողոքը՝ բողոքարկուի ներկայությամբ, անգամ
որոշում է ընդունվել՝ մերժել այն: Սակայն Հովհ. Նիկողոսյանը հեռացել էր ԸԸՀ նիստից՝
ասելով, որ ժամանակ չունի եւ իրեն կփոխարինի թաղապետի թեկնածուի մեկ այլ վստահված
անձ, որն այդպես էլ չի հայտնվել: Իսկ երեկ դատարանում պարոն Նիկողոսյանը հայտարարեց,
որ իր ներկայությամբ իր բողոքն ընդհանրապես չի քննարկվել, առավել եւս որեւէ որոշում
չի ընդունվել, եւ ինքն առաջին անգամ է լսում, որ որոշում է կայացվել իր դիմումը մերժելու
մասին: Ավելին, նա ասաց, որ հենց ԸԸՀ նախագահն է շտապել: Նա պնդում էր, որ եթե որոշումն
ընդունված լիներ, ինքը պետք է պատշաճորեն, գրավոր տեղեկացվեր, ինչը չի եղել: Պատասխանող
կողմը հայտարարեց, որ օրենքով չի պարտադրվում, թե հենց նույն օրը պիտի գրավոր որոշումն
ուղարկվեր դիմումատուին, եւ իրենք պատրաստվում էին դա անել օրվա ընթացքում: Այնուամենայնիվ,
հայցվոր կողմը պահանջեց ԸԸՀ-ի նիստերի գրանցամատյանը, որպեսզի ապացուցվի, որ հունիսի
7-ի նիստի ընթացքում չի քննարկվել իրենց դիմումը եւ որոշում չի կայացվել: Դատավորը
համաձայնվեց եւ առաջարկեց 2 ժամով ընդմիջել նիստը, մինչեւ ԸԸՀ-ի նախագահը կբերի գրանցամատյանը:
Կողմերը համաձայնվեցին, բայց դատական նիստին ներկա Սամվել Հովսեփյանի կողմնակիցները
մտավախություն ունեին, որ այդ երկու ժամվա ընթացքում «ինչ ուզեն՝ կգրեն, ոնց ուզեն՝
կսարքեն մատյանը»: Այնուամենայնիվ, ժամը 15-ին նիստը շարունակվեց, սակայն շուտով
ընդմիջվեց մինչեւ հունիսի 10-ը՝ հանձնաժողովի որոշումների գրանցամատյանը ուսումնասիրելու
նպատակով: Ուշ երեկոյան, մեզ հետ զրույցում Սամվել Հովսեփյանն ասաց, որ իրենք
պատրաստվում են վաղն առավոտյան դիմել դատարան՝ դատական արագացված նիստի պահանջով:
Ի դեպ, հունիսի 7-ի երեկոյան 10-ին Սամվել Հովսեփյանին եւ նրա մոտ 30 կողմնակիցների
բերման էին ենթարկել տարածքի ոստիկանական բաժանմունք: Ս. Հովսեփյանի հարազատները
դա ներկայացնում էին որպես անօրինական ձերբակալություն, սակայն ինքը՝ պարոն Հովսեփյանն
ասաց, որ իրենց ընդամենը հրավիրել էին՝ բացատրություն տալու: Հիշեցնենք, որ այդ ամենը
կապված էր երեքշաբթի օրը համայնքում պայթեցված մի մեքենայի հետ, որի տերը եղել է
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Աղվան Գրիգորյանի կողմնակիցը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ