ԿԱԶԻՄԻՐՈՎԻՑ
ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԼՔԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան
նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի ժամանումը Բաքու հենց առաջին րոպեներից սկանդալային
բնույթ է ստացել։ Դիվանագետը Բաքվում հրավիրված էր մասնակցելու «Ադրբեջանի աշխարհառազմավարական
նշանակությունը» սեմինարին։ Դեռ օդակայանում ադրբեջանցի լրագրողների հարցին՝
«Ճանաչո՞ւմ է նա արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Վլ. Կազիմիրովը
հրաժարվել էր հստակ պատասխան տալ, իսկ երեկ, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման
կազմակերպությունը» փորձել է խափանել նրա մասնակցությունը սեմինարին: ՂԱԿ անդամները
պահանջել են Կազիմիրովից լքել ոչ միայն սեմինարի դահլիճը, այլեւ Ադրբեջանի տարածքը:
Նրանք փորձել են նաեւ տապալել Կազիմիրովի ելույթը՝ հիմնավորելով դա նրանով, որ «այս
ռուս դիվանագետը հայտնի է որպես Հայաստանի շահերի պաշտպան եւ չի ճանաչում վերջինիս
որպես ագրեսոր»: Սեմինարի մեկ այլ մասնակից պահանջել է, որ Կազիմիրովը ի լուր բոլորի
հայտարարի, թե ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,
ինչին միացել են սեմինարի մյուս մասնակիցները՝ մի քանի րոպե շարունակ խանգարելով
դիվանագետի ելույթը։ Արդյունքում միջոցառման մի քանի մասնակիցներ եւ լրագրողներ ի
նշան բողոքի ցուցադրաբար լքել են դահլիճը՝ Ռուսաստանին մեղադրելով ԼՂ հակամարտությունը
սանձազերծելու մեջ։ Իսկ Կազիմիրովը դարձյալ պնդել է, որ Հայաստանը Ադրբեջանին կվերադարձնի
7 շրջանները, բայց ոչ անհատույց։ Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է բազմաստիճան երաշխիքներ,
որոնցից առաջինն այն է, որ Ադրբեջանը պետք է ստանձնի կոնկրետ պարտավորություններ,
որովհետեւ նա ամենահակվածն է խնդիրը լուծել ուժային մեթոդներով։ Կազիմիրովը հավելել
է նաեւ, որ եթե Ադրբեջանը փորձի ԼՂ հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով՝
անհաջողության կմատնվի։ Սեփ. լր.