ՈՐ
ԿՈՂՄՆ Է ՓՉՈՒՄ ՔԱՄԻՆ Որոշ նախանշաններից կամաց-կամաց պարզ է
դառնում, որ հաջորդ «ժողովրդավարական հեղափոխությունը» հավանաբար տեղի կունենա Ադրբեջանում:
Հիշյալ բառակապակցությունը չակերտների մեջ եմ առնում այն պատճառով, որ չեմ հավատում,
թե ժողովրդավարությունը հնարավոր է հաստատել հեղափոխության միջոցով: Մինչեւ յուրաքանչյուր
մարդու հոգում եւ ուղեղում չարմատավորվեն ազատության, հանդուրժողականության եւ լայնախոհության
սկզբունքները, ոչ մի ժողովրդավարություն էլ չի լինի: Վերնախավերի մեխանիկական փոփոխությունը,
այն էլ՝ զանգվածային անհանդուրժողականության ֆոնի վրա, հանգեցնում է տեղապտույտի
եւ ոչ թե զարգացման: Այն, ինչ կատարվել է Ուկրաինայում եւ Վրաստանում եւ,
հավանաբար, վաղ թե ուշ կատարվելու է նախկին խորհրդային այլ երկրներում, ոչ թե ժողովրդավարացում
է, այլ ռուսական ազդեցությունից ազատագրում, եւ արեւմտամետ, ավելի ճիշտ՝ ամերիկամետ
դիրքորոշման որդեգրում: Որքան էլ մեր ոչ այնքան հեռատես գործիչները շարունակում են
օրհնել «էն սհաթները», այդ վերակողմնորոշումը, կարծես թե, անխուսափելի պրոցես է:
Այդ գործընթացը խթանում է նաեւ պուտինյան Ռուսաստանը, որը ժամանակակից աշխարհին ինտեգրվելու
որեւէ ձգտում չի ցուցաբերում, եւ հակառակը՝ ընկղմվում է իր ավանդական ավտորիտար-բյուրոկրատական
ճահճի մեջ: Ամբողջ խնդիրն այն է, թե նախկին խորհրդային ո՛ր հանրապետությունում
ե՛րբ է այդ «հեղափոխությունը» տեղի ունենալու: Ակնհայտ է, որ աշնանը, խորհրդարանական
ընտրությունների ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները իրենց հայ կոլեգաների նման
կսկսեն լցնել, նկարել եւ ջարդել: Այլ բան նրանք չեն կարող անել՝ հաշվի առնելով իրենց
ռեյտինգը: Ընդդիմությունը կսկսի բողոքի ցույցերը, որոնք կվերածվեն արեւմտամետ «հեղափոխության»:
Իլհամ Ալիեւը կզրկվի իշխանությունից եւ նրա փոխարեն նախագահ կդառնա, ասենք, Ալի Քերիմլին:
Ի՞նչ է անելու այդ երիտասարդն առաջին հերթին: Նա հայտարարելու է, որ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի
եւ անձամբ Ջորջ Բուշի ամենամտերիմ բարեկամն է, Անդրկովկասում ժողովրդավարության փարոսը,
եւ հիմա իր առաջնային նպատակն է այդ ժողովրդավարությունը տարածել Լեռնային Ղարաբաղի
վրա: Այդպիսով, Ադրբեջանը կստանա մեծ առավելություն Հայաստանի նկատմամբ, որը կընկալվի
որպես «չհեղափոխականացված» եւ հետեւաբար՝ «հետամնաց» երկիր: Այնպես որ, ավելի
լավ է Ադրբեջանում հեղափոխություն չլինի: Համենայնդեպս՝ մեզանից առաջ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ