Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը տարածք չի հանձնելու

Հունիս 09,2005 00:00

Վստահ է «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը

«Եթե իշխանափոխությունը պետք է լինի ի վնաս Ղարաբաղի հիմնախնդրի, Ղարաբաղի հաշվին, մենք այդպիսի իշխանափոխություն չենք ուզում»,- մեր թերթին տված հարցազրույցում հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Կարապետյանը: «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահն ասաց նաեւ, որ ինքը չի հավատում, թե նախագահ Քոչարյանը կարող է ստորագրել հակաղարաբաղյան, հակահայկական որեւէ փաստաթուղթ:

Ալեքսան Կարապետյանը նոր է վերադարձել ՆԱՏՕ-ի ԽՎ հերթական նիստից, որի ժամանակ ադրբեջանցիները, սովորույթին հավատարիմ, դարձյալ սկսել են խոսել, այսպես կոչված, 20 տոկոս զավթված տարածքների եւ ղարաբաղյան խնդիրների մասին: Նաեւ այն մասին, որ իբր Ալիեւ-Քոչարյան վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է նույն այդ 20 տոկոսը ետ վերադարձնել: Իսկ Ադրբեջանն իբր խոստացել է դրա փոխարեն Ղարաբաղին տալ «ամենամեծ ինքնուրույնությունը»:

Ալեքսան Կարապետյանի ներկայացմամբ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորի ելույթին հաջորդել է այս կառույցում ասոցիացված անդամի կարգավիճակով հանդես եկող Հայաստանի պատվիրակության ղեկավար Մհեր Շահգելդյանի ելույթը, որին ի պատասխան՝ խոսել է այս անգամ Թուրքիայի ներկայացուցիչը: Սրան էլ հաջորդել է Ալեքսան Կարապետյանի խոսքը, որով նա հայտարարել է, որ իր համար առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ է Թուրքիան այսքան իրար անցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված: Պարոն Կարապետյանն ասել է, որ ինքը տպավորություն ունի, թե հենց որ դրական միտումներ են նկատվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, դա թուրքական կողմին դուր չի գալիս: Նա նկատել է, որ ամենեւին կարիք չկա, որ այս կարգի հարաբերություններում թուրքական կողմն իր քիթը խոթի. «Ամեն անգամ, իր խնդիրները քողարկելու նպատակով, Թուրքիան առաջ է քաշում Ղարաբաղի հարցը, սակայն այդ հարցը մենք կլուծենք Ադրբեջանի հետ, եւ ամենեւին կարիք չկա, որ Թուրքիան խառնվի: Առաջին հերթին հարցը լուծելու է Ղարաբաղը»:

Ադրբեջանցի պատգամավորը նույն այդ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Լեհաստանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բարի կամք է դրսեւորել յոթ շրջանները վերադարձնելու հարցում»: Սակայն Ալեքսան Կարապետյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե նման խոստում տար. «Կարծում եմ, նա ավելի շուտ հրաժարական կգրի հանրապետության նախագահի պաշտոնից ազատվելու մասին, քան կստորագրի որեւէ փաստաթուղթ ազատագրված շրջանները վերադարձնելու մասին»: Մեր զարմանքին ի պատասխան, թե ինչո՞ւ է ընդդիմադիր պատգամավորն այսպիսի վստահությամբ այս հարցում հավատում Ռոբերտ Քոչարյանին, պարոն Կարապետյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գահընկեցության հիմնական պատճառը ղարաբաղյան հիմնախնդիրն էր, Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ հենց այս հարցը հայանպաստ լուծելու խոստումով, եւ բոլորը նրանից դա էին ակնկալում: Եթե նա նույն բանն է անելու, ուրեմն ինչո՞ւ տեղի ունեցավ իշխանափոխությունը: Վստահ եմ, եթե ժամանակին ոչ ղարաբաղցի նախագահը հրաժարական տվեց, քանի որ ի զորու չէր հասնելու ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման, ուրեմն՝ ղարաբաղցի նախագահը միանշանակ պետք է հրաժարական տա: Դա կլինի բարոյական ամենաճիշտ քայլը: Ռոբերտ Քոչարյանն իրեն ներկայացնում է որպես միակ տղամարդ, որպես «վոյին», որպես ամենավճռական մարդ: Եթե այս ամենը նրա մասին ճիշտ է, ուրեմն նա ավելի շուտ կստորագրի իր հրաժարականը, քան շրջանները տալու մասին փաստաթուղթը կամ որեւէ փաստաթուղթ, որը կարող է վնասել Ղարաբաղի եւ ղարաբաղցու շահերը»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել