Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս

Հունիս 08,2005 00:00

Ինչպե՞ս բարձրացնել թափանցիկության մակարդակը ԱԳՄԱԿ-ը պայքարում է իշխանությունների «փակվածության» դեմ Նախորդ տարի «Ազատականացման գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոն» ՀԿ-ն (ԱԳՄԱԿ) ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրեց երկօրյա սեմինար՝ «Պետական մարմինների գործունեության թափանցիկություն եւ տեղեկատվության մատչելիություն» թեմայով: Դա թերեւս առաջին դեպքն էր, երբ միաժամանակ, միեւնույն սեղանի շուրջ բանավիճելու հնարավորություն ստացան լրագրողները եւ պետական մարմինների PR-մենները: ՀԿ նախագահ Լուսինե Մարգարյանի հավաստմամբ, սեմինարը մեծ արձագանք է ստացել. դրա մասին վկայում են լրատվամիջոցների հրապարակումները եւ պետական մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների նամակները: Սեմինարի մասնակիցները փաստել են, որ գոյություն ունեցող խնդիրները կրում են ինչպես ընդհանուր, այնպես էլ յուրաքանչյուր ոլորտին բնորոշ բնույթ: Ուստիեւ խնդիրն առավել մանրակրկիտ ուսումնասիրելու նպատակով սեմինարի մասնակիցներն առաջարկել են ԱԳՄԱԿ-ին՝ հետագայում եւս կազմակերպել նման քննարկում-սեմինարներ: ԱԳՄԱԿ-ն էլ ընդառաջ գնալով սեմինարի մասնակիցների առաջարկներին, նախաձեռնել է սեմինարների մի նոր շարք, ինչը հնարավոր եղավ իրականացնել դարձյալ շնորհիվ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցության: Շարքի առաջին սեմինարը կկայանա այսօր՝ սոցիալական ոլորտի գերատեսչությունների եւ լրագրողների մասնակցությամբ: «ԱԳՄԱԿ-ն իր գործունեության հիմնական նպատակներից մեկը համարում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաեւ պետական տեղեկատվական այլ աղբյուրներից ինֆորմացիայի մատչելիության ապահովման գործում քաղաքացիների եւ լրագրողների օրինական իրավունքների պաշտպանությունը: Ինչպես նաեւ այդ տեղեկատվության ուղղորդումը իշխանությունների «փակվածության» խնդրի լուծմանը եւ այն չինովնիկների դեմ, ովքեր անտեսում են քաղաքացիների եւ լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու օրենքով սահմանված իրավունքը»,- նշում է Լուսինե Մարգարյանը: Վերջինիս ներկայացմամբ, ՀԿ-ն իր գործունեությամբ փորձում է բարձրացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության մակարդակը, որը եւ կնպաստի այդ մարմիններից տեղեկատվության մատչելիության ապահովմանը: «Տնտեսական եւ քաղաքական նոր ձեւավորվող հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը կարեւորագույն գործոն է համարում քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ նրա կողմից նշված գործընթացների վերահսկողությունը: Իսկ քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողության իրականացումը հնարավոր է միայն պետական մարմինների հրապարակային գործունեության ապահովման դեպքում: Հակառակ դեպքում՝ կոռուպցիայի առաջացման համար կստեղծվեն բոլոր նախապայմանները»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել