Լրահոս
Օրվա լրահոսը

4 ՏԱՐԻ՝ ԲԻԼԻԱՐԴԻ 8 ԳՆԴԱԿ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունիս 08,2005 00:00

4 ՏԱՐԻ՝ ԲԻԼԻԱՐԴԻ 8 ԳՆԴԱԿ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ «Նուբարաշենում» մարդասպանների եւ սադիստների կողքին նստած են հասարակության համար ոչ վտանգավոր մարդիկ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հունիսի 3-ի դրությամբ կար 725 կալանավոր: Նրանցից 46-ը դատապարտված է ցմահ: «Առավոտի» հունիսի 3-ի այցի ժամանակ երեք կալանավորներ՝ Հենրիկ Հակոբջանյան, Արմեն Զաքարյան, Արթուր Անդրեասյան, հացադուլ էին հայտարարել: Վերջինս տան մեջ այրել էր իր երեխային եւ զոքանչին, բայց բողոքում էր ցմահ ազատազրկման դատապարտվելու դեմ: Կալանավորներից շատերն այստեղ են հայտնվել գողության համար: Ցավոք, նրանց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք պատճառաբանում են, որ սոցիալական ծանր պայմաններն են ստիպում դիմել հանցագործության: Մի երիտասարդ գողություն էր կատարել, որովհետեւ կինը ծննդատանն էր, իսկ բժիշկները փող էին ուզում: Մեր այն պնդմանը, թե ծննդօգնությունը Հայաստանում անվճար է, նա չհավատաց: Կալանավորները հիմնականում բողոքում էին ոստիկանների բռնություններից, դաժան խոշտանգումներից. «Ես հրազդանցի եմ, հաշմանդամ եմ եւ չեմ կարող աշխատել,- ձեռքը ցույց տվեց գողության համար բռնված մի կալանավոր,- երբ բռնեցին-տարան բաժին, Հրազդանի միլպետը, քրեականի պետը, հետո մնացածը այնպես ծեծեցին, որ անհնար է նկարագրել: Կարծես մրցում էին միմյանց հետ, թե ով է ավելի դաժան»: «Կան կալանավորներ, որոնց նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելը, մեղմ ասած, ճիշտ մոտեցում չէ: Նրանցից շատերին կարելի է պատժել տուգանքով,- ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Արամ Սարգսյանը:- Երկու պարկ սոխ կամ ժանգոտ խողովակ գողանալու համար սահմանված է 3-6 տարի»: Սարգիս Մանվելյանը, իր խոսքերով, երկու խողովակ էր վերցրել իր բարեկամի մոտից, որի պատճառով խափանման միջոց էին ընտրել կալանքը: Բարեկամը չի բողոքում: «Չեմ հասկանում, պլան են կատարում մեր կյանքը խորտակելու հաշվի՞ն: Այստեղից դուրս գալիս մենք հաստատ ավելի վատն ենք դառնում»,- ասաց մի երիտասարդ: Գավառից Վլադիմիր Հովհաննիսյանը սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Նա մեղադրվում է նույն ինստիտուտում սովորող գյումրեցի երիտասարդին ինքնասպանության դրդելու մեջ, սակայն իրեն մեղավոր չի համարում: Հետաքրքիր է Գավառից Հայկ Պետրոսյանի պատմածը. «1991-ից հետախուզման մեջ եմ եղել: Մոսկվայում դատապարտվել եմ Հայաստանում կատարած բնակարանային գողության համար: 1997-ին գրանցվել եմ Երեւանի Զավարյան 187 հասցեում: 98-ին նորից դատապարտվել եմ: Դրանից հետո որոշեցի անասնապահությամբ զբաղվել: Սարերում հանգիստ ինձ համար ապրում էի: Եկա Երեւան՝ բարեկամիս ծնունդին, բռնեցին, թե 91-ից հետախուզման մեջ ես: Իսկ այդ ընթացքում երկու անգամ ինձ Հայաստանի քաղաքացիություն են տվել ու գրանցել»: Աբովյանից Սասուն Մելքոնյանին տեղի իրավապահները «շատ են սիրում»: Ըստ նրա, իրեն հինգ անգամ դատապարտել են «նիզաշտո». «Ինձ ասում են՝ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ ես: Երեխա վախտվանից բռնում դատում են: 15 օրվա ամուսնացած էի, եկան-կալանավորեցին, թե 8 հատ բիլիարդի գնդակ ես գողացել: Ես խանութ ունեմ, իրենք էլ գիտեն՝ ոնց եմ ապրում: Բա ես նման բան կանե՞մ: Ամոթ էլ ա, վրաս կծիծաղան: Աբովյանի դատարանի նախագահը ասաց՝ գիտե՞ս ինչի համար ես դատվում: Մեկ՝ որ նախկին հանցագործ ես, մեկ էլ՝ որ Աբովյանում աչքով աչք չունեն քեզ տեսնելու: 8 գնդակի համար 4 տարի տվեցին»: «Բանակ եւ հասարակություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հարությունյանը դատապարտվել է ՊՆ-ի հետ կնքած պայմանագրի միջոցով յուրացված $5000 եւ բանակում հեռախոսակապի համար ներդրված $8000-ի համար: Վստահ է, որ արդեն սկսված դատավարության ընթացքում իր բերած փաստարկները կհերքեն մեղադրանքը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել