Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ

Հունիս 08,2005 00:00

«ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ՀԱՄԱՐ ԿԱՄԱՆԴԻՐ Է» Ինչպես հայտնել ենք, մայիսի սկզբին մի խումբ վրացական օմօնականներ Ծալկայի շրջանի Ղուշչի հայաբնակ գյուղում հարձակվել էին խաղաղ ժողովրդի վրա։ Անցած շաբաթ «Առավոտի» թղթակիցը հնարավորություն ունեցավ զրուցելու այդ միջադեպին ներկա Ծալկայի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանի հետ։ Նրա ներկայացմամբ, տեղի է ունեցել հետեւյալը. «Ընդհարում եղավ զինվորների եւ ժողովրդի միջեւ, զինվորները հարձակվեցին ժողովրդի վրա եւ սկսեցին ծեծել, ես միջամտեցի, հարցրի, թե ինչո՞ւ են խփում, ինձ էլ սկսեցին խփել: Հետո հասկացան, որ պատգամավոր եմ, ներողություն խնդրեցին: Պատճառը, առիթը ոչ ոք չգիտի, մենք հանկարծ մի երեսուն- քառասուն ավտոմատի կրակոցներ լսեցինք, հասկացանք, որ ճանապարհով անցնող ավտոներին խփում էին, ջարդում եւ եղածը լցնում իրենց ավտոները: Ոչ մի զոհ չկար, բայց միջադեպը խիստ վտանգավոր էր: Ծալկայում որեւէ զինվորական մաս պահելու կարիք չկա, բայց զինվորներ կան այնտեղ, բերում-լցնում են, ոչ մի կամանդիր չունեն, ամեն մարդ իր համար կամանդիր է»: Մեր հարցին՝ կատարվածի մասին տեղյակ պահե՞լ են Վրաստանի իշխանություններին, պատգամավորը դրական պատասխան տվեց, սակայն անցել է արդեն մեկ ամսից ավելի, կատարվածի առիթով ոչ քրեական գործ է հարուցվել, ոչ էլ որեւէ լրատվամիջոց տեղեկություններ է հաղորդել: Կասկածներ կան, որ այս կարգի միջադեպերը հատուկ նպատակով են հրահրվում. Ծալկայում տեղի է ունենում ոչ պաշտոնական վերաբնակեցում, ոմանք խոսում են այն մասին, որ այստեղ են բերվում թուրք մցխեթցիներ: Վարչապետ Ա. Մարգարյանին հարցրինք, թե ինքը Վրաստանի իր գործընկերոջ կամ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ բարձրացրե՞լ է հայերով բնակեցված այս տարածքի բնակիչների անվտանգության հարցերը: Վարչապետն ասաց, որ դրանք վրացական կառավարությանը վերաբերող հարցեր են, որ իրենց ներքին խնդիրներն են: Իսկ մեր խոսակցությանը ներկա Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւը անմիջապես հայտարարեց, թե նման միջադեպ տեղի չի ունեցել: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել