Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Հունիս 08,2005 00:00

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ Երբ գալիս է ամառը, կրկեսի մոտի սրճարանը վերածվում է ռաբիսների հավաքատեղիի: Մինչեւ ուշ երեկո երեք «ֆորտե»-ով լսվում են դհոլ-կլարնետի ձայները եւ մի տղամարդու ոռնոցներն ու կլկլոցները: Եթե Մամուլի շենքում, որտեղ մենք աշխատում ենք, կան ԱԼՄ-ի երկրպագուներ, ապա նրանք կարող են չմիացնել այդ ալիքը եւ «ժիվոյ» լսել իրենց նախընտրած ժանրի երաժշտությունը: Ճաշակի հարց է: Միայն թե պարզ չէ, թե ինչու այդ երգերը պետք է ստիպված լինեն լսել բոլորը՝ մեկ կիլոմետր շառավղով: Քանի որ մենք դրա մասին գրում ենք ամեն ամառ, ապա ստիպված ենք խոստովանել, որ մեր գրածը որեւէ ազդեցություն չունի: Ինչպես եւ մի շարք այլ դեպքերում: Մայիսի 13-ին, օրինակ, մենք գրել էինք, որ Բաղրամյան փողոցում «Ժալյուզի» (շերտավարագույրի) խանութի կողքին կա մի «հյուրանոց». մեր թղթակիցը մտել եւ հավաստիացել է, որ դա այդպես է: Բայց այդ հիմնարկի ոչ ճակատից, ոչ էլ կողքից չկա որեւէ ցուցանակ, որը հաստատի կիսանկուղային այդ շինության հենց այս գործառույթը, ինչը ենթադրել է տալիս, որ դա, մեղմ ասած, յուրահատուկ հյուրանոց է: Անցավ գրեթե մեկ ամիս. ոչ մի արձագանք, իսկ «հյուրանոցն» իր տեղում է՝ դարձյալ առանց որեւէ ցուցանակի: Հունիսի 3-ին եւ երեկ «Առավոտը» գրել էր, որ Սմբատ Թորոսյան անուն-ազգանունով մի «ջենթլմեն» հարձակվել եւ ծեծի է ենթարկել մեր աշխատակիցների մորաքրոջը՝ Սուսաննա Պողոսյանին: Սուսաննան ուղեղի ցնցում է ստացել եւ մի շաբաթ է՝ գտնվում է հիվանդանոցում: Դատաբժիշկը միայն երեկ բարեհաճեց գալ Սուսաննայի մոտ, իսկ Սմբատը հաստատ որեւէ պատասխանատվություն չի կրելու, որովհետեւ ունի Ռուբիկ Միրիմանյան անուն-ազգանունով մի ոստիկան բարեկամ: Այդպես էլ կրկեսի կողքի սրճարանի ռաբիսների զռզռոցը կշարունակվի ամեն երեկո: Այս հրապարակումը կունենա 3 հնարավոր հետեւանք. 1/ քար լռություն, 2/ օբյեկտի տերը կգա ինձ մոտ եւ կասի՝ «արա ախպեր, բա մենք էտձե՞ւ տղերք ենք, որ դու մեր վրա գրում ես», 3/ օբյեկտ կայցելեն թաղապետարանի (քաղաքապետարանի, սանէպիդկայանի, նախագահի վերահսկողականի) ներկայացուցիչները, որոնց հետ սրճարանի տերը լեզու կգտնի եւ որոնք կեզրակացնեն, թե «աղմուկի աստիճանը համապատասխանում է ընդունված նորմերին»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել