Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ

Հունիս 08,2005 00:00

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ Ամենաքաղցրը, հավանաբար, «Բանգլադեշի» թաղապետի պաշտոնն է Մալաթիա-Սեբաստիա համայնքում անցյալ կիրակի տեղի ունեցած թաղապետի ընտրություններից հետո կրքերը շարունակվում են բորբոքվել: Մինչ թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգում է թաղապետի թեկնածու Սամվել Հովսեփյանի՝ «Ադմիրալի» նախընտրական շտաբի ներկայացուցիչների ներկայացրած շուրջ չորս տասնյակ բողոք-դիմումները, նրա քրոջ, եղբոր եւ վստահված անձանց, թեկնածուի ասելով՝ շուրջ 20-25 հոգու, տներն ու բնակարանները ոստիկանությունը խուզարկության է ենթարկում: Իրավապահների նման գործողությունների համար շարժառիթ է հանդիսացել այն, որ նախորդ գիշեր նռնակ է նետվել համայնքի գործող թաղապետ ու համայնքի ղեկավարի թեկնածու Աղվան Գրիգորյանի վստահված անձի ավտոմեքենայի վրա, թեեւ անվտանգության նկատառումներով տուժողի անունը չի հրապարակվում: Տուժողներ չկան։ Շահումյանի շրջանի դատախազությունում հաստատել են այդ տեղեկությունը եւ հավելել, որ փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, որը վարում է քննիչ Վահրամ Մինասյանը։ Այդ առնչությամբ երեկ Ս. Հովսեփյանը մեր զրույցի ժամանակ ասաց, թե խոսքը գնում է ոմն Ռաֆիկի դեմ կատարված ահաբեկման մասին, եւ հավելեց, որ խուզարկության արդյունքում իրավապահներն այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել: «Ես նրան (Ռաֆիկին- Ն. Մ.) անձամբ չեմ ճանաչում, բայց լսել եմ, որ նորմալ տղա է: Անձնական ոչինչ չունենք: Ասում են՝ ինքը ընտրությունների ժամանակ պասիվ է եղել, բայց տղան է ակտիվություն ցուցաբերել»,- ասաց Ս. Հովսեփյանն ի պատասխան մեր այն հարցի, թե ինքը տեղյա՞կ է՝ արդյոք տուժողը Ա. Գրիգորյանի կողմնակի՞ցն է եղել, թե՞ ոչ: Այդուհանդերձ, «Ադմիրալն» ասաց, թե ինքն էլ է սկսել հետաքրքրվել այդ գործով, եւ «եթե պարզվի, թե իրականում ինչ է եղել, նրանց (Ա. Գրիգորյանի թիմակիցների- Ն. Մ.) դեմքը լրիվ կբացվի»: «Ուզում են ճնշում գործադրեն, գործ սարքեն, որ գնամ դատարանից հայցս ետ վերցնեմ: Սա է ամբողջ պատմությունը: Ես կռված տղա եմ, եթե ուզենամ որեւէ մեկին վատություն անեմ, ես ծուռ կրակող, ծուռ տրաքացնող չեմ, նման բան չի կարող լինել: Իրենք են անբարոյական մոտեցում ցույց տալիս, ես նորմալ, ճիշտ ապրած մարդ եմ, ես նման բան անող չեմ»,- կատարվածի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն արեց Ս. Հովսեփյանը: «Թե ով է, ինչ է՝ ես չեմ կարող ասել: Դա միայն ներքին գործերի վարչությունը կպարզի, կարծում եմ»,- նկատեց Ա. Գրիգորյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերգեյ Աղասյանը՝ մեր հարցին ի պատասխան հավելելով միաժամանակ, թե՝ հավանաբար դա կապված է ընտրությունների հետ. «Հաստատ չեմ կարող ասել, բայց այլընտրանք չեմ տեսնում»: Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը քննելով թեկնածու Ս. Հովսեփյանի վստահված անձի հայցն այն մասին, թե՝ գործող թաղապետ Ա. Գրիգորյանը որպես թեկնածու գրանցվելու ժամանակ թիվ 11 ԸԸՀ-ին ներկայացրած «Իր սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների մասին» հայտարարագրում թույլ է տվել փաստերի կեղծում եւ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն եւ կնոջը պատկանող 0.7 եւ 0.5 հա տնամերձ հողամասերի մասին տվյալները, որոնց մասին ժամանակին պաշտոնապես տեղեկացրել են «ՀՀ իշխանության մարմնի ղեկավար աշխատողների 01.01.01 թ.-01.01.02 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում», գործն ընդունել է վարույթ: Այսօր այդ գործով առաջին դատական նիստն է հրավիրված: Այս հարցի շուրջ Ա. Գրիգորյանի նախընտրական շտաբի ղեկավար Ս. Աղասյանը, որն, ի դեպ, այն գնահատեց իբրեւ «ստահոդ լուրեր», իր բացատրություններն ուներ: «Կրթության պակասն է նրանց թույլ տալիս նման բան անել: Հարկային հայտարարագրերում ղեկավար անձինք գրում են իրենց եկամուտների եւ շենք-շինությունների մասին տեղեկատվություն, որտեղ նշվում է ինչպես սեփականության իրավունքով ունեցվածքը, այնպես էլ վարձակալության իրավունքով ունեցած շինությունները: Ընտրությունների հետ կապված հայտարարագրում նշվում են միայն սեփականության իրավունքով ունեցած տվյալները: Այնպես որ, այն 500 քմ չարաբաստիկ տվյալը, որ նրանք շահարկում են՝ վարձակալության իրավունքով օգտագործվող հողամաս է, այլ ոչ թե սեփականություն»,- պարզաբանեց պարոն Աղասյանը: Այդուհանդերձ, Ս. Աղասյանն ասաց, որ այսօր կայանալիք դատական նիստին պատասխանող կողմն անպայմանորեն ներկա կլինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել