Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

Հունիս 08,2005 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՀԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Այդպես են հայ կոմունիստները գնահատում Վրաստանից Հայաստան ռուսական զորքի եւ զինտեխնիկայի դուրսբերումը: «Երբ ԱՊՀ-ն ստեղծվեց, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները պատկերացնում էին, որ այն կհանդիսանա թռիչքային դաշտ՝ հետագայում սովետական կարգերին վերադառնալու ուղղությամբ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ իր մոտեցումները բարձրաձայնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Այս մոտեցումն այնքան կարծրացած է Հայաստանի գործող կոմունիստների շրջանում, որ անգամ հիմա, ընկեր Թովմասյանի համոզմամբ՝ «ԱՊՀ-ն ոչ թե կփլուզվի, այլ կապրի վերակառուցման պրոցեսներ, որն էլ ավելի ամրակուռ կդարձնի այն: Ինչքան էլ հեղափոխություններ ներմուծվեն եւ ինչպիսի գույնի էլ դրանք լինեն՝ ժողովուրդների բարեկամությունը, դրանից բխող տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները կնպաստեն ԱՊՀ-ի վերակառուցմանն ու էլ ավելի բովանդակալից դարձնելուն»: Ընկեր Թովմասյանի կարծիքով՝ սին են այն սպասումները, որ որոշ երկրներ կհեռանան ԱՊՀ- ից, քանի որ համագործակցությունը «այնպիսի ամուր հիմքով է ստեղծվել, որը դժվար թե տանի փլուզման»: Անգամ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ Հայաստանում արած հայտարարությունը, թե ԱՊՀ-ն ստեղծվել էր, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները քաղաքակիրթ բաժանվեն, հայ կոմունիստներին չի վհատում. «Այդ հայտարարությունն արժանացավ լուրջ հակահարվածների, որ չի կարելի ժողովուրդների ստեղծված բարեկամությունը վերածել մի արտահայտության, որը կտանի ԱՊՀ երկրների բաժանմանը»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Վերոասվածի համատեքստում Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմաբազաների Հայաստան տեղափոխումը հայ կոմունիստները դիտարկում են իբրեւ Ռուսաստանի բարեհաճ վերաբերմունք մեր երկրի նկատմամբ: Ի դեպ, ի պատասխան մեր թերթի երեկվա համարում տպագրված Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի՝ ընդդեմ Վրաստանից դուրս բերվող ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելու հայտարարության, երեկ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի բյուրոն հայտարարություն է ընդունել, որում խստորեն դատապարտվում է այդ առիթով «առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչների շարունակվող բարբաջանքը»: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Իրենց անհիմն, արհեստական, պատմական անցյալից հետեւություններ չանող, հայ ժողովրդի մեծ զավակների եւ միջազգային մեծահռչակ այրերի անմահ պատգամներն անտեսող համբակները իրենց մակերեսային դատողություններով փորձում են պաշտպանության տակ առնել տարածաշրջանում հայ ժողովրդի դարավոր թշնամիների շահերը՝ զինտեխնիկայի փոխադրումը համարելով քաղաքական ու տնտեսական հավասարակշռության խախտում եւ ռազմական դիսբալանս: Հարց է ծագում. այդ ո՞ւմ շահերն են պաշտպանում պարոնները: ԵՄ-ի՞, ՆԱՏՕ-ի՞, ԱՄՆ-ի ղեկավար այրերի՞, որոնք նույնիսկ մեր ժողովրդի մխացող վերքի անունը՝ ցեղասպանություն բառն անգամ խուսափում են արտասանել: Թե՞ հայ ժողովրդի այն «բարեկամների», ովքեր ժամանակին շաղակրատում էին, որ իրենց նավերը չեն բարձրանա մեր լեռները եւ նավթն ավելի թանկ է, քան… հայի արյունը»: Հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի սերտացումը ժամանակի հրամայական համարելով՝ ՀԿԿ կենտկոմի բյուրոն գտնում է, որ դա «ուղղված է հայ ժողովրդի շահերի ամրապնդմանը, տարածաշրջանում ազգամիջյան խժդժությունների սանձահարմանը, Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտությունների թատերաբեմ չդարձնելուն»: Իսկ զինտեխնիկայի Հայաստան տեղափոխումը, ըստ հայտարարության՝ «կնպաստի հանրապետության ապաշրջափակմանը, ինտեգրացիոն գործընթացներին ներգրավվելուն եւ տնտեսական հզորացմանը, հայ ժողովրդի անվտանգության ապահովմանը՝ հավաստելով իրադարձության պատմական ճշմարտացիությունը»: Իսկ «հակառուսական տրամադրություններով տառապողներին, արտերկրների կադրերի բաժնում հաշվառման կանգնածներին ու գունավոր հեղափոխությունների պատրանք փայփայողներին» Կոմկուսի կենտկոմը խոստանում է հետայսու եւս «արժանի հակահարված» տալ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել