2004-2005 թթ. ուսումնական տարվա ավարտին Հայաստանում առաջին անգամ հանրակրթական դպրոցներում քննություն անցկացվեց ֆիզիկական կուլտուրա առարկայից:
Ու քանի որ այդ նախաձեռնության հեղինակը ՀՀ սպորտպետկոմն է, դրանց նախնական արդյունքները ամփոփել խնդրեցինք նրա նախագահ Իշխան Զաքարյանին:
– Համոզված եմ, որ նախաձեռնությունը տեղին էր ու անհրաժեշտ,-ասաց նա:- Սակայն սա դեռ գործի սկիզբն է ու, բնականաբար, թերություններից խուսափել հնարավոր չէր: Ժամանակի ընթացքում շատ բաներ պետք է կարգավորվեն: Հաշվի առնելով, որ տարիներ շարունակ հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկան կամ թերի է դասավանդվել, կամ ընդհանրապես չի անցկացվել, որ մարզադահլիճները խիստ անմխիթար վիճակում են, համապատասխան գույք չկա, մեր մասնագետները տարվա ընթացքում բավականին աշխատանք կատարեցին քննության չափորոշիչները կազմելիս: Դրանց պահանջները խիստ մեղմացված են, որպեսզի աշակերտները կարողանան նորմատիվները հանձնել: Քննությունների օրերին ես Սպորտպետկոմի մասնագետներին գործուղեցի հիմնականում Երեւանի համայնքների դպրոցներ: Նրանք ոչ միայն հետեւում էին քննությունների պատշաճ անցկացմանը, այլեւ տնօրեններից, ուսուցիչներից գրավոր առաջարկություններ ստանում: Դրանք հիմա ուսումնասիրման փուլում են: Աշնանը հրավիրելու ենք առավել ակտիվ տնօրեններին՝ նրանց հետ միասին կքննարկենք հաջորդ տարվա քննությունների անցկացման կարգը, նոր չափորոշիչները: Կարծում եմ, որոշ փոփոխություններ անպայման կլինեն:
– Դուք անդրադարձաք դպրոցների անմխիթար վիճակին, մարզագույքի խիստ պակասին: Պարզ է, որ առանց դրանց լուծման՝ քննությունները լիովին չեն ծառայի նպատակին, գուցե ինչ-որ տեղ էլ ձեւական բնույթ կկրեն:
– Դրանում երկու կարծիք լինել չի կարող: Վերջին տարիներին մեր իրականացրած գույքային ծրագիրը, որի մասին շատ է ասվել ու գրվել, հենց այդ նպատակն է հետապնդում: Մենք մարզագույք ենք ներկրում ինչպես մեծ սպորտի, այնպես էլ զանգվածային ֆիզկուլտուրայով զբաղվելու, հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդելը հնարավոր դարձնելու համար: Առայժմ մեր հնարավորությունները ներում են այս տարի միայն մայրաքաղաքի շուրջ 203 հանրակրթական դպրոցներն առաջին անհրաժեշտության մարզագույքով ապահովելուն: Մարզերով կզբաղվենք մյուս տարվանից: Մտնելու ենք յուրաքանչյուր գյուղական դպրոց: Սակայն բաշխումը կառավարության որոշմամբ այլեւս իրականացնելու ենք ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, միջնորդ կազմակերպությունների միջոցով, երբ, ցավոք, նախորդ տարիներին բավականին նեգատիվ երեւույթներ են նկատվել, այլ գույքը ցուցակով հանձնելու ենք անմիջապես հասցեատիրոջը:
– Ֆիզկուլտուրայի քննություններն արդեն ավարտվել են: Դրանց ամփոփում կատարվե՞լ է: Ինձ ավելի շատ հետաքրքրում են մարզերը:
– Ներկայումս Երեւանում դպրոցներին կցված մեր պատասխանատուները, մարզերի սպորտկոմիտեների նախագահները զբաղված են հաշվետվությունները կազմելով: Մոտ ժամանակներս ամբողջ ինֆորմացիան կհավաքվի ու կիմանանք քննությունների ընթացքի ամբողջական պատկերը, ինչն էր դրական, ինչը՝ բացասական:
– Նախնական մոտավոր պատկեր չկա՞:
– Ինձ զեկուցել են, որ աչքակապության, անպատասխանատու մոտեցումների դեպքեր գրանցվել են: Դրանց էլ մանրամասն կանդրադառնանք ընդհանուր ամփոփման ժամանակ եւ համապատասխան քայլեր կձեռնարկենք, որոնց մասին անպայման տեղյակ կպահվեն նաեւ լրատվամիջոցները:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ