Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԻ ԵՎ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՉՊԵ՛ՏՔ Է ՏԱՐԲԵՐՎԵՆ

Հունիս 08,2005 00:00

Կարծում
է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը Օրերս Երեւանում ավարտված
Ալ. Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը
աննախադեպ էր երկու առումով. ընդգրկված էին երաժշտական դպրոցներում դասավանդվող բոլոր
գործիքները (դասական եւ ժողովրդական) եւ մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերն
ու Արցախը: Վերջին տարիներին, ավելի ստույգ՝ 90-ականներից հետո, երաժշտական
դպրոցների երբեմնի համբավը աննախադեպ ընկավ տարբեր պատճառներով: Դպրոցներում բացակայում
էին լույսն ու ջերմությունը եւ ստիպված էին աշխատել ընդամենը մի քանի ամիս, սոցիալապես
անապահով ընտանիքները հնարավորություն չունեին վճարել ուսման վարձը, ուսուցիչների
ցածր աշխատավարձն էլ պատճառ դարձավ, որ շատերը թողնեն իրենց մասնագիտությունը եւ
այլն: Այդուհանդերձ, վերոնշյալ մրցույթ-փառատոնը՝ իր աշխարհագրությամբ ու մասնակիցների
թվով (452 աշակերտ), կարծես սփոփում է: «Առավոտին» հուզող հարցերի պատասխանները լսելու
ակնկալիքով դիմեցինք մրցույթ-փառատոնի կազմակերպիչ, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական
դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանին: – Ի՞նչ ցույց տվեց մրցույթ-փառատոնը, ի՞նչ
ունենք այսօր: – Միանշանակ դժվար է պատասխանել հարցին: Օրինակ, Գյումրին,
որ թվում էր, թե արհավիրքից ու դրան հաջորդող տարիներից հետո կարող էր առաջատարի
իր դիրքերը զիջած լինել, շշմեցրեց փայտյա փողային, պղնձյա փողային գործիքներով նվագող
իր աշակերտներով: Հատկապես նշենք «Գոհար» երաժշտանոցը, «Ժան եւ Ալբեր Պողոսյան» երաժշտական
դպրոցը եւ այլն: Հիացած էինք Գյումրիի ու Երեւանի պատանի վոկալիստներով: Միանշանակ
պետք է հերքեմ այն տարածված կարծիքը, թե երաժշտական դպրոցներում հետզհետե քչանում
են ժողգործիքներով հետաքրքրվողները: – Դուք նշում եք «Գոհար» եւ «Ժան եւ Ալբեր
Պողոսյան» երաժշտանոցների մակարդակը, որոնք ստեղծվել են վերջին տարիներին՝ մասնավոր
հիմունքներով: Իսկ պետական երաժշտական դպրոցների մասին ի՞նչ կասեք: – Պարզ
է, որ մասնավոր դպրոցներում աշխատանքային պայմանները բարվոք են, աշխատավարձերը՝ բարձր,
ձմռան ամիսներին ստիպված պարապուրդ չեն տալիս, մասնագիտական առարկաները անցկացվում
են շաբաթական երեք անգամ: Ինչ վերաբերում է պետական դպրոցներին, նկատենք, որ դանդաղ,
բայց դրական շարժ կա: – Եթե հավատանք ձեր՝ մասնագետի ասածին, ուրեմն ամեն
ինչ այնքան էլ վատ չէ: Բայց թույլ տվեք բարձրաձայնել. դեռ խորհրդային տարիներին գոյություն
ուներ գյուղի եւ քաղաքի դպրոցների մակարդակների տարբերություն: Այսօր կարելի է ակնկալել,
որ այն շատ ավելի է մեծացել: Ինչպե՞ս պետք է վերացնել գյուղի եւ քաղաքի դպրոցների
տարբերությունը: – Համամիտ եմ ձեր դիտարկմանը: Տարիներ շարունակ եղել է այդ
տարբերությունը: Բայց նկատենք, որ խորհրդային տարիներին այն չնչին էր: Շատ դեպքերում
շրջանների երեխաները գալիս էին Երեւան ու հաղթանակած վերադառնում: Միանգամից հայտնվեցինք
շուկայական հարաբերություններում: Ոչ դպրոցն էր պատրաստ, ոչ էլ ժողովուրդը: Թույլ
տվեք մեկ անգամ եւս ընդգծել այս մրցույթ-փառատոնին մասնակցած մարզերի, Արցախի պատանի
երաժիշտների, չէի ասի՝ հիանալի, բայց հուսադրող ելույթները: Մեկ հանգամանքի մասին
եւս կուզեի խոսել: Մեծ աշխարհագրական շրջանակ ընդգրկելու նպատակով նախօրոք լսումներ
չէինք կատարել: Հուրախություն մեզ, շատ էր ցանկացողների թիվը: Այո, ի տարբերություն
նախկին մրցույթների, մասնակցեցին նաեւ միջին ընդունակությունների տեր աշակերտներ:
Բոլորն էլ խրախուսվեցին, նաեւ նրանց ուսուցիչները: Կարծում եմ, մեր օրերի համար խրախուսելը
ոչ թե կարեւոր է, այլ անհրաժեշտ: Պատրաստվում ենք դիմել մշակույթի նախարարություն,
քաղաքապետարան՝ խնդրանքով, որպեսզի ստեղծվի մասնագետներից բաղկացած համադրող կենտրոն,
որի անունը ինչ ուզում է թող լինի: Այդ կենտրոնը գյուղի եւ քաղաքի միջեւ ստեղծելով
ընդհանուր դաշտ, իր վրա կվերցնի մեթոդական օգնության, մանկավարժների փորձի փոխանակման
եւ էլի շատ խնդիրներ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել