ԱԳՄԱԿ-ը
պայքարում է իշխանությունների «փակվածության» դեմ Նախորդ տարի «Ազատականացման
գործընթացների մոնիտորինգի ազգային կենտրոն» ՀԿ-ն (ԱԳՄԱԿ) ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի
աջակցությամբ անցկացրեց երկօրյա սեմինար՝ «Պետական մարմինների գործունեության թափանցիկություն
եւ տեղեկատվության մատչելիություն» թեմայով: Դա թերեւս առաջին դեպքն էր, երբ
միաժամանակ, միեւնույն սեղանի շուրջ բանավիճելու հնարավորություն ստացան լրագրողները
եւ պետական մարմինների PR-մենները: ՀԿ նախագահ Լուսինե Մարգարյանի հավաստմամբ, սեմինարը
մեծ արձագանք է ստացել. դրա մասին վկայում են լրատվամիջոցների հրապարակումները եւ
պետական մարմինների հասարակայնության հետ կապերի պատասխանատուների նամակները: Սեմինարի
մասնակիցները փաստել են, որ գոյություն ունեցող խնդիրները կրում են ինչպես ընդհանուր,
այնպես էլ յուրաքանչյուր ոլորտին բնորոշ բնույթ: Ուստիեւ խնդիրն առավել մանրակրկիտ
ուսումնասիրելու նպատակով սեմինարի մասնակիցներն առաջարկել են ԱԳՄԱԿ-ին՝ հետագայում
եւս կազմակերպել նման քննարկում-սեմինարներ: ԱԳՄԱԿ-ն էլ ընդառաջ գնալով սեմինարի
մասնակիցների առաջարկներին, նախաձեռնել է սեմինարների մի նոր շարք, ինչը հնարավոր
եղավ իրականացնել դարձյալ շնորհիվ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցության: Շարքի
առաջին սեմինարը կկայանա այսօր՝ սոցիալական ոլորտի գերատեսչությունների եւ լրագրողների
մասնակցությամբ: «ԱԳՄԱԿ-ն իր գործունեության հիմնական նպատակներից մեկը համարում
է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաեւ պետական տեղեկատվական
այլ աղբյուրներից ինֆորմացիայի մատչելիության ապահովման գործում քաղաքացիների եւ
լրագրողների օրինական իրավունքների պաշտպանությունը: Ինչպես նաեւ այդ տեղեկատվության
ուղղորդումը իշխանությունների «փակվածության» խնդրի լուծմանը եւ այն չինովնիկների
դեմ, ովքեր անտեսում են քաղաքացիների եւ լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու օրենքով
սահմանված իրավունքը»,- նշում է Լուսինե Մարգարյանը: Վերջինիս ներկայացմամբ, ՀԿ-ն
իր գործունեությամբ փորձում է բարձրացնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների
թափանցիկության մակարդակը, որը եւ կնպաստի այդ մարմիններից տեղեկատվության մատչելիության
ապահովմանը: «Տնտեսական եւ քաղաքական նոր ձեւավորվող հարաբերություններում Հայաստանի
Հանրապետությունը կարեւորագույն գործոն է համարում քաղաքացիական հասարակության ձեւավորումը
եւ նրա կողմից նշված գործընթացների վերահսկողությունը: Իսկ քաղաքացիական հասարակության
կողմից վերահսկողության իրականացումը հնարավոր է միայն պետական մարմինների հրապարակային
գործունեության ապահովման դեպքում: Հակառակ դեպքում՝ կոռուպցիայի առաջացման համար
կստեղծվեն բոլոր նախապայմանները»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ