Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերաններին նորից կողոպտեցին

Հունիս 08,2005 00:00

«Երեւանի ջերմային տնտեսությունը» վետերաններից գանձել է 100 տոկոս վարձավճար, չնայած օրենքով սահմանված 50 տոկոս զեղչին:

1998-ին ընդունված օրենքով Հայրենական պատերազմի վետերաններին եւ նրանց հավասարեցված անձանց, ի թիվս այլ արտոնությունների, սահմանված է նաեւ ջերմամատակարարման վարձավճարի 50 տոկոս զեղչ: Օրենքի 4-րդ հոդվածում նշվում է, որ կենտրոնական ջեռուցում չունեցողները իրավունք ունեն նույնքան զեղչով ձեռք բերել վառելիք՝ սահմանված նորմերի շրջանակում: 2003-ի դեկտեմբերին նույն օրենքում կատարված փոփոխության համաձայն, 2004-ի սկզբից կոմունալ մի քանի վարձերի, ինչպես նաեւ տրանսպորտի համար նախատեսված զեղչերը վերացվեցին, փոխարինվելով ամսական որոշակի գումարով: Դրանց մեջ էր նաեւ ջերմամատակարարումը: Սակայն մինչ այդ «Երեւանի ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ն վարձավճարների հաշվարկն արել է ոչ թե կես, այլ ամբողջ չափով: Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքների շենքերի հիմնական մասը ջեռուցվում էր: Իսկ, օրինակ, Դավիթաշենում ջեռուցում ունեին բոլոր շենքերը: Իհարկե՝ չենք կարող ասել, որ բոլորը վճարում էին դրա դիմաց, ինչ պատճառով էլ եղած շենքերում կենտրոնացված ջեռուցումը դադարեց: Սակայն վճարողներ էլ կային, այդ թվում՝ վետերաններ, որոնք, փաստորեն, չեն օգտվել իրենց՝ զեղչով վճարելու արտոնությունից, շնորհիվ Ջերմային տնտեսության «օրինապահ» հաշվապահների: Համենայնդեպս, այդ մասին է վկայում օրերս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում, դատավոր Ռ. Ներսիսյանի խորհրդակցական սենյակում քննված ու կասեցված դատական գործը: Հայցվորը՝ Հայրենական պատերազմի հաշմանդամ ճանաչված Հովհաննես Ռուշանյանը, արդեն քանի տարիներ միայնակ, առանց Վետերանների հանրապետական խորհրդի աջակցության, փորձում է տարբեր ատյանների դռները թակելով ու դատական հայցեր ներկայացնելով պաշտպանել իր եւ իր նմանների իրավունքները: Այս անգամ էլ նա պահանջում էր, որ Ջերմային տնտեսությունը վերահաշվարկի 1998-2004 թթ. ժամանակահատվածում վետերանների «գլխին» կուտակած պարտքերը՝ զեղչելով դրանք 50 տոկոսով: Սակայն դատավորը որոշել է կասեցնել գործը, հիմնվելով «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ ներկայացուցիչ Մ. Արզումանյանի միջնորդությանը, այն է՝ ընկերությունը 2004-ի դեկտեմբերին սնանկ է ճանաչվել, իսկ Անվճարունակության, նույն է թե՝ սնանկության մասին օրենքով «կասեցվում են սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող այն քաղաքացիական գործերի վարույթները, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ նրա կողմից՝ երրորդ անձ»:

Դատարանն անուշադրության է արժանացրել Ռուշանյանի ներկայացրած հիմնավոր փաստաթղթերը: Նրա մասին ընդհանրապես խոսք չկա նաեւ որոշման մեջ: Հայցվորը վճիռը չի բողոքարկելու՝ «վստահ եմ, որ մյուս ատյաններն էլ նույնը կորոշեն»:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել