Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գունավոր ամպեր»՝ Բաքվի վրա

Հունիս 08,2005 00:00

Ադրբեջանում
առկա են աշնանը հեղափոխություն իրականացնելու հիմնական նախապայմանները Մինչ
Հայաստանում եւ ԱՊՀ մնացյալ «նախահեղափոխական» երկրներում ով չի ալարում՝ փնովում
է, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների գաղափարը, ադրբեջանական ընդդիմությունը
կարծես թե ամենեւին հակված չէ հալած յուղի տեղ ընդունել հեղափոխության վնասների մասին
առատորեն հյուսվող պարզունակ եւ պատվիրված մեթոդ-ձեռնարկները: Հատկապես վերջին օրերին
Ի. Ալիեւի վարչախմբի նկատմամբ ընդդիմադիր տրամադրված ուժերն ընդգծված հետեւողականություն
եւ վճռականություն են ցուցաբերում, ինչը հեշտությամբ կարող է խառնել հավանական գունավոր
հեղափոխության հաջորդ բեմահարթակ-երկրի վրա խաղադրույքներ կատարած քաղաքագետների
հաշվարկները: Հատկանշական է, որ Բաքվի ընդդիմադիրներին չսարսափեցրին ոչ Անդիջանի
հրեշավոր իրադարձությունները եւ ոչ էլ, առավել եւս՝ հենց իրենց նկատմամբ քիչ ավելի
վաղ Ադրբեջանի «հակահանրահավաքային» ուժերի սանձազերծած գազանությունները, ինչը,
ի դեպ, հարուցեց միջազգային հանրության խիստ կոշտ արձագանքը՝ այդպիսով ցրելով առասպելը,
թե Իլհամը Արեւմուտքի հետ «պրոբլեմ» չունի: Եվ ահա, ադրբեջանական միասնական
ընդդիմությունը 20-ամսյա անզիջում պայքարի արդյունքում արձանագրեց իր առաջին եւ բավականաչափ
շոշափելի հաղթանակը: Նրան, փաստորեն, հաջողվեց իր հանդուրժողականությամբ, մեղմ ասած,
աչքի չընկնող իշխանություններին ստիպել ապահովել քաղաքացիների ժողովներ անելու ազատության
իրավունքը: Միջազգային կառույցների աննախադեպ ճնշման պայմաններում Բաքվի իշխանություններն
ուղղակի ստիպված էին տեղի տալ եւ արտոնել ընդդիմադիր «Ուգուր» դաշինքի հանրահավաքը:
Այդ հանրահավաքին, ի դեպ, անկախ աղբյուրների պնդմամբ, մասնակցել են տասնյակ հազարավոր
մարդիկ, որոնք պահանջել են վարչակազմի հրաժարականն ու ազատ ընտրություների անցկացումը:
Ավելորդ չէ նշել, որ հիշյալ բողոքի հանրահավաքին եւ դրան հաջորդած երթին իբրեւ դիտորդներ
մասնակցել են Ադրբեջանում հավատարմագրված գործնականում բոլոր դիվանագիտական կորպուսների
ներկայացուցիչները: Մեկնաբանելով վերջին օրերի հանրահավաքային ակտիվությունն ու իշխանությունների
վարքագծում արձանագրված փոփոխությունները՝ ընդդիմադիր «Ժողճակատ» շարժման առաջնորդ
Ալի Քերիմլին հայտարարել է. «Սա առաջին քայլն է՝ ուղղված վերջնական հաղթանակին»:
«Ժողովրդավարություն՝ նշանակում է այս ռեժիմի վախճանը»,- ավելի պարզ է արտահայտվել
նախկին քաղբանտարկյալ Փանահ Հուսեինը, որը նաեւ հավաքվածներին կոչ է արել այսուհետեւ
հանրահավաքներ անել նախագահի եւ Միլլի Մեջլիսի վարչական շենքերի առջեւ: Այսպիսով,
Ադրբեջանում առկա են հերթական հեղափոխության իրականացման համար անհրաժեշտ գրեթե բոլոր
նախադրյալները՝ համաժողովրդական բուռն դժգոհություն գործող իշխանություններից, հետեւողական
ու վճռական ընդդիմություն, «արեւմտյան» աջակցություն եւ մի քանի ամսից սպասվող խորհրդարանական
ընտրություններ: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել