Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ

Հունիս 08,2005 00:00

Ամենաքաղցրը,
հավանաբար, «Բանգլադեշի» թաղապետի պաշտոնն է Մալաթիա-Սեբաստիա համայնքում
անցյալ կիրակի տեղի ունեցած թաղապետի ընտրություններից հետո կրքերը շարունակվում
են բորբոքվել: Մինչ թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգում է թաղապետի
թեկնածու Սամվել Հովսեփյանի՝ «Ադմիրալի» նախընտրական շտաբի ներկայացուցիչների ներկայացրած
շուրջ չորս տասնյակ բողոք-դիմումները, նրա քրոջ, եղբոր եւ վստահված անձանց, թեկնածուի
ասելով՝ շուրջ 20-25 հոգու, տներն ու բնակարանները ոստիկանությունը խուզարկության
է ենթարկում: Իրավապահների նման գործողությունների համար շարժառիթ է հանդիսացել այն,
որ նախորդ գիշեր նռնակ է նետվել համայնքի գործող թաղապետ ու համայնքի ղեկավարի թեկնածու
Աղվան Գրիգորյանի վստահված անձի ավտոմեքենայի վրա, թեեւ անվտանգության նկատառումներով
տուժողի անունը չի հրապարակվում: Տուժողներ չկան։ Շահումյանի շրջանի դատախազությունում
հաստատել են այդ տեղեկությունը եւ հավելել, որ փաստի առիթով հարուցվել է քրեական
գործ, որը վարում է քննիչ Վահրամ Մինասյանը։ Այդ առնչությամբ երեկ Ս. Հովսեփյանը
մեր զրույցի ժամանակ ասաց, թե խոսքը գնում է ոմն Ռաֆիկի դեմ կատարված ահաբեկման մասին,
եւ հավելեց, որ խուզարկության արդյունքում իրավապահներն այդպես էլ ոչինչ չեն հայտնաբերել:
«Ես նրան (Ռաֆիկին- Ն. Մ.) անձամբ չեմ ճանաչում, բայց լսել եմ, որ նորմալ տղա է:
Անձնական ոչինչ չունենք: Ասում են՝ ինքը ընտրությունների ժամանակ պասիվ է եղել, բայց
տղան է ակտիվություն ցուցաբերել»,- ասաց Ս. Հովսեփյանն ի պատասխան մեր այն հարցի,
թե ինքը տեղյա՞կ է՝ արդյոք տուժողը Ա. Գրիգորյանի կողմնակի՞ցն է եղել, թե՞ ոչ: Այդուհանդերձ,
«Ադմիրալն» ասաց, թե ինքն էլ է սկսել հետաքրքրվել այդ գործով, եւ «եթե պարզվի, թե
իրականում ինչ է եղել, նրանց (Ա. Գրիգորյանի թիմակիցների- Ն. Մ.) դեմքը լրիվ կբացվի»:
«Ուզում են ճնշում գործադրեն, գործ սարքեն, որ գնամ դատարանից հայցս ետ վերցնեմ:
Սա է ամբողջ պատմությունը: Ես կռված տղա եմ, եթե ուզենամ որեւէ մեկին վատություն
անեմ, ես ծուռ կրակող, ծուռ տրաքացնող չեմ, նման բան չի կարող լինել: Իրենք են անբարոյական
մոտեցում ցույց տալիս, ես նորմալ, ճիշտ ապրած մարդ եմ, ես նման բան անող չեմ»,- կատարվածի
վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն արեց Ս. Հովսեփյանը: «Թե ով է, ինչ է՝
ես չեմ կարող ասել: Դա միայն ներքին գործերի վարչությունը կպարզի, կարծում եմ»,-
նկատեց Ա. Գրիգորյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերգեյ Աղասյանը՝ մեր հարցին ի պատասխան
հավելելով միաժամանակ, թե՝ հավանաբար դա կապված է ընտրությունների հետ. «Հաստատ չեմ
կարող ասել, բայց այլընտրանք չեմ տեսնում»: Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի
առաջին ատյանի դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը քննելով թեկնածու Ս. Հովսեփյանի
վստահված անձի հայցն այն մասին, թե՝ գործող թաղապետ Ա. Գրիգորյանը որպես թեկնածու
գրանցվելու ժամանակ թիվ 11 ԸԸՀ-ին ներկայացրած «Իր սեփականության (ունեցվածքի) եւ
վերջին մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների մասին» հայտարարագրում
թույլ է տվել փաստերի կեղծում եւ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն եւ կնոջը
պատկանող 0.7 եւ 0.5 հա տնամերձ հողամասերի մասին տվյալները, որոնց մասին ժամանակին
պաշտոնապես տեղեկացրել են «ՀՀ իշխանության մարմնի ղեկավար աշխատողների 01.01.01 թ.-01.01.02
թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում», գործն ընդունել է վարույթ: Այսօր այդ
գործով առաջին դատական նիստն է հրավիրված: Այս հարցի շուրջ Ա. Գրիգորյանի նախընտրական
շտաբի ղեկավար Ս. Աղասյանը, որն, ի դեպ, այն գնահատեց իբրեւ «ստահոդ լուրեր», իր
բացատրություններն ուներ: «Կրթության պակասն է նրանց թույլ տալիս նման բան անել:
Հարկային հայտարարագրերում ղեկավար անձինք գրում են իրենց եկամուտների եւ շենք-շինությունների
մասին տեղեկատվություն, որտեղ նշվում է ինչպես սեփականության իրավունքով ունեցվածքը,
այնպես էլ վարձակալության իրավունքով ունեցած շինությունները: Ընտրությունների հետ
կապված հայտարարագրում նշվում են միայն սեփականության իրավունքով ունեցած տվյալները:
Այնպես որ, այն 500 քմ չարաբաստիկ տվյալը, որ նրանք շահարկում են՝ վարձակալության
իրավունքով օգտագործվող հողամաս է, այլ ոչ թե սեփականություն»,- պարզաբանեց պարոն
Աղասյանը: Այդուհանդերձ, Ս. Աղասյանն ասաց, որ այսօր կայանալիք դատական նիստին պատասխանող
կողմն անպայմանորեն ներկա կլինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել