ՕՊԵՐԱՏԻՎ, ԲԱՅՑ ԱՆՈՐԱ՞Կ Երեկ քաղաքապետարանի նիստին հաջորդած ճեպազրույցում քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանն ամփոփեց իրենց գերատեսչությունում ներդրված «մեկ պատուհանի» աշխատանքը: Այդ ինստիտուտը քաղաքապետարանում գործում է տարեսկզբից, որի նպատակն է քաղաքացիների դիմումները իշխանավորներին ավելի արագ հասցնել: Այս տարվա սկզբից մինչեւ մայիսի 31-ը քաղաքապետարանը ստացել է 6 հազար 766 քաղաքացու դիմում եւ պաշտոնական գրություն, որոնց 98 տոկոսը կատարված է: Աշխատակազմի ղեկավարին ուրախացրել էր այն, որ դիմումների մոտ 30 %-ի հասցեատերն իրենք չեն: Դիմում-բողոքների մեծ մասը հիմնականում անօրինական շինարարությունների, հողհատկացման, հողի վարձակալության պայմանագրերի կնքման, սեփականաշնորհման, հողի օտարման վերաբերյալ են: Մեծ թիվ են կազմում նաեւ մայրաքաղաքի իրացման գոտիներում տարվող աշխատանքների վերաբերյալ բողոքները: Իսկ ամենաշատ դիմումները Ճարտարապետության եւ քաղաքաշինության (ՃՔ) վարչությունից են: «Այդ բնագավառում ոչ թե բողոքներն են շատ, այլ պարզապես անելիքներ շատ կան»,- ՃՔ վարչությանն արդարացրեց պարոն Կոշեցյանը: Նրա խոսքերով, «մեկ պատուհանի» ներդրումից հետո 2004թ. համեմատությամբ աշխատանքները բարելավվել են: «Մեկ պատուհանի» աշխատանքը վերահսկելու նպատակով ստեղծված խումբը, ինչպես նշեց պարոն Կոշեցյանը, մինչ այժմ ուշադրություն չի դարձրել աշխատանքների որակին, եւ միայն երեկվա՝ քաղաքապետի հորդորից հետո է պատրաստվում ուսումնասիրել, թե որքանով են լուծվում քաղաքացիների խնդիրները: Երեկ «պատուհանի» մոտ հավաքված մոտ տասը քաղաքացիներից մի քանիսը, որոնք չցանկացան ներկայանալ, քանի որ իրենց դիմումներն ուսումնասիրության փուլում են, դժգոհեցին եւ ասացին, որ «տասն անգամ գնալ-գալուց հետո միայն պաշտոնյաներից կցկտուր պատասխաններ ենք ստանում»: Մի քանիսն էլ փաստեցին, որ չնայած օպերատիվ պատասխանին, այնուամենայնիվ, իրենց հարցն այդպես էլ չի լուծվում: Այս ամիսների ընթացքում քաղաքապետարանը հանրահավաքների եւ ցույցերի կազմակերպման 60 հայտ է ստացել, որից 4-ը մերժել է: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ