Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՁՐԵՎԸ

Հունիս 07,2005 00:00

ԱՆՁՐԵՎԸ ՉՄԱՔՐԵՑ ՀԵՏՔԵՐԸ Ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրում 1-ին խմբում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:2 հաշվով պարտություն կրեց Մակեդոնիայի թիմից: Գորան Պանդեւը նախ 29-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով առաջ մղեց իր թիմին, այնուհետեւ, 47-րդին կրկնապատկեց հաշիվը: Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, որը փոխարինման ելնելով՝ անմիջապես կրճատեց հաշվի տարբերությունը: Սակայն դրանից ավելին անել մեր ֆուտբոլիստները չկարողացան: Թեեւ երկու թիմերն էլ գործնականում զրկված են աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու հեռանկարից, սակայն հանդիպումը նրանց, հատկապես՝ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ուներ: Նախ, երեք միավոր վաստակելու դեպքում մեր ընտրանին վրեժխնդիր էր լինում առաջին հանդիպումում կրած պարտության դիմաց, շրջանցում էր Մակեդոնիային եւ մրցաշարային աղյուսակում բարելավում դիրքերը, ապա դա հոլանդացի մարզիչ Հենկ Վիսմանի համար լինում էր հաղթական նորամուտ, որը կարեւոր նշանակություն կունենար հավաքականի հետագա հաջող մրցելույթների համար: Հորդառատ անձրեւի պայմաններում ընթացած հանդիպման առաջին 20 րոպեներին դաշտի տերերը խաղին բարձր տեմպ հաղորդեցին՝ հույս ունենալով արագ գոլ խփելով վճռել հանդիպման ելքը: Դա հնարավոր էր, եթե հատկապես միջին եւ հարձակման գծերի միջեւ կապի խզվածություն չլիներ: Մեր տղաները հենց մրցակցի կիսադաշտում դիմելով Վիսմանի խոստացած մամլիչ պաշտպանությանը՝ շատ արագ տիրեցին նախաձեռնությանը, սակայն գոլային պահեր Մակեդոնիայի դարպասի առջեւ քիչ էին ստեղծում: Եվ քանի որ դարպասի գրավումն ուշանում էր, մտավախություն կար, որ մեր ֆուտբոլիստները կարող են չդիմանալ իրենց իսկ առաջադրած տեմպին: Դիմակայելով բուռն գրոհներին՝ հյուրերը շուտով որոշ չափով հավասարեցրին խաղն ու իրենք սկսեցին ավելի հաճախակի հակագրոհներ ձեռնարկել: Դրանցից մեկն էլ մեր տուգանային հրապարակում կանոնների խախտումով կասեցնելու համար մրցավարը դաշտի տերերին պատժեց 11 մետրանոցով, որը հստակ իրացրեց Պանդեւը: 0:1 հաշիվը պահպանվեց մինչեւ առաջին խաղակեսի ավարտը: Հասկանալի էր, որ ընդմիջմանը մեր թիմի մարզիչներն անհրաժեշտ հանձնարարականներ էին տալու խաղացողներին ու երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները անելու էին ամեն բան՝ գոնե հաշիվը հավասարեցնելու համար: Սակայն խաղը վերսկսվելուց երկու րոպե անց սեփական տուգանայինում մեր երկու պաշտպանների կոպիտ վրիպման պատճառով հյուրերը նոր հաջողության հասան: Կրկին աչքի ընկավ Պանդեւը՝ 0:2: Դրանից հետո խաղը փրկելու համար մերոնց այլեւս ոչինչ չէր մնում՝ բացի միայն գրոհելուց: Հենկ Վիսմանը փոխարինման հանեց Էդգար Մանուչարյանին: Ու դա ճիշտ ժամանակին եղավ: Ընդամենը մի քանի րոպե խաղադաշտում անցկացրած «Այաքսի» հարձակվողը մրցակցի դարպասի առջեւ խառն իրավիճակում գնդակն ստանալով՝ մեն-մենակ հայտնվեց դարպասապահի առջեւ ու խփեց իր գոլը՝ 1:2, եւ խաղը փրկելու իրական հեռանկարներ բացվեցին: Հենկ Վիսմանը շուտով խաղադաշտ մտցրեց նաեւ արագաշարժ Արա Հակոբյանին, Ռոմեո Ջենեբյանին, որոնք նոր թափ հաղորդեցին Հայաստանի հավաքականի գրոհներին: Վտանգավոր պահերը Մակեդոնիայի դարպասի առջեւ ավելի հաճախակի դարձան: Թե Էդգարը, թե Արան դարպասը գրավելու առնվազն մեկական հարյուր տոկոսանոց հնարավորություն ունեցան, սակայն չօգտվեցին ընձեռված հնարավորությունից: Այս եւ նմանատիպ եւս մի քանի դրվագներում մերոնց պակասում էր վարպետությունը, ճիշտ ու սառնասիրտ գործելու կարողությունը կամ բախտը, պարզապես, երես էր թեքում նրանցից: Ինչեւէ, Հայաստանի ազգային հավաքականը կրեց վեցերորդ պարտությունը ու առաջին խմբում մնաց նախավերջին տեղում: 1-ին խմբի մրցաշարային աղյուսակ 1. Հոլանդիա 7 6 1 0 19 2. Չեխիա 7 6 0 1 18 3. Ռումինիա 8 4 1 3 13 4. Ֆինլանդիա 6 3 0 3 9 5. Մակեդոնիա 8 2 2 4 8 6. Հայաստան 8 1 1 6 4 7. Անդորրա 8 1 1 6 4 Հ. Գ. Այս էլ որերորդ անգամ մարզական լրագրողները «Հանրապետականում» բախվում են մի խնդրի հետ, որը, սակայն, այդպես էլ լուծում չի գտնում: Խոսքը լրագրողների համար առանձնացված տեղերի մասին է: Աթոռակներին հարմարեցված են փոքրիկ սեղանիկներ, որոնք հարմար են նոթատետր դնելու, նշումներ կատարելու համար: Սակայն ով ասես, որ չի նստում այդտեղ ու լրագրողների մի մասը ստիպված է լինում հանդիպումներին հետեւել ոտքի վրա, կամ հյուսիսային, հարավային, արեւելյան տրիբունաներից: Այդ դեպքում ինչի՞ համար են ստադիոնում կարգուկանոնի պահապանները: Ոստիկաններն ասում են, որ դա իրենց գործը չէ: Իսկ երբ դիմում ես կարգադրիչներին, պարզվում է, որ նրանք չգիտեն իրենց պարտականությունները: Ավելին, պատասխանում են. «Նստողների դեմքերից երեւում ա, որ կարգին մարդիկ են: Ի՞նչ կարամ անեմ»: Կարծում ենք, որ ստադիոնի տնօրինությունը եւ ֆեդերացիան այս հարցին մեկընդմիշտ լուծում կտան: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել