ԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազան համալրվելու է Վրաստանից դուրս բերված զինծառայողներով եւ տեխնիկայով «Էխո Մոսկվի» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը երեկ մանրամասնորեն պատմել է, թե ինչպես են դուրս բերվելու Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները։ Հիշեցնենք, որ ռուս-վրացական բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել Վրաստանի տարածքից ռուսական ռազմաբազաների դուրսբերումը ավարտել 2008 թվականին։ ՌԴ պաշտպանության նախարարի ասելով՝ այդ գործընթացի հետ զուգահեռ կամրապնդվի նաեւ վրաց-ռուսական սահմանը։ Սահմանապահներին օգնելու համար կստեղծվեն երկու հրաձգային բրիգադներ։ Նախարար Ս. Իվանովը նաեւ հաստատել է, որ Վրաստանից ռուսական ռազմաբազաների մի մասը կտեղափոխվի ՀՀ տարածքում գտնվող ռուսական բազա, ընդ որում՝ նախարարը շեշտել է, որ խոսքը Հայաստանին զենքի փոխանցման մասին չէ։ «Տեխնիկան պարզապես վերատեղակայվելու է մի ռազմակայանից մյուսը»,- հայտարարել է Իվանովը։ Նրա ասելով՝ մոտակա չորս տարիների ընթացքում ՌԴ-ն պետք է դուրս բերի 2,5 հազար զինծառայող, 2,5 հազար միավոր ծանր տեխնիկա, 80 հազար տ զինամթերք, ռազմական ունեցվածք եւ տարբեր բեռներ: Նախարարը հայտարարել է, որ Վրաստանի տարածքում ռուսական բազաները տեղակայել է ոչ թե Ռուսաստանը, այլ նախկին ԽՍՀՄ-ը, եւ ռազմական տեսանկյունից դրանք այլեւս հատուկ նշանակություն իրենցից չեն ներկայացնում։ Անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից այդ բազաները Հայաստան տեղափոխելու մասին հայտարարություններին, որտեղ ադրբեջանցիները մասնավորապես մտահոգություն էին հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռության խախտման վերաբերյալ, ապա, ՌԴ պաշտոնյաների ասելով, այդ անհանգստությունն անհիմն է։ «Վրաստանից Հայաստան տեղափոխվող տեխնիկայի եւ անձնակազմի թվաքանակը այնքան քիչ է, որ տարածաշրջանում ապակայունացման մասին խոսելն անիմաստ է»,- «Էխո Մոսկվի» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ՌԴ Պետդումայում Վետերանների հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Ռադիոնովը։ Նրա ասելով՝ Ադրբեջանի կողմից ներկայացվող հնարավոր բողոքներին պետք չէ ուշադրություն դարձնել, այլ «պետք է անել այն, ինչ ձեռնտու է Ռուսաստանին, առավել եւս, որ Վրաստանում ընդամենը 2,5 հազար ռուս զինծառայողներ կան, ինչը անհամեմատելի է նախկինում եղած հզորության հետ»: Այս հարցի առնչությամբ կարծիք է հայտնել նաեւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, որի համոզմամբ՝ Վրաստանից Հայաստանի տարածք տեղափոխվող ռուսական ռազմաբազաների առնչությամբ ադրբեջանցիների բողոքները ոչ այլ ինչ, քան քաղաքական սպեկուլյացիա են։ «Ադրբեջանը պարզապես փորձում է ցանկացած փաստ օգտագործել Անդրկովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության մասին խոսակցությունները վերսկսելու համար եւ փորձում է ճնշում գործադրել մեր վրա, որպեսզի Ռուսաստանը փոխի իր վերաբերմունքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ»,- հավելել է Զատուլինը։ Ռուս ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենհաուերը իր հերթին կարծիք է հայտնել. ռուսական բազաների տեղափոխումը Հայաստան վաղուց ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, ինչը ամենեւին էլ չի հանգեցնի ռեգիոնի ապակայունացմանը։ Նա ընդգծել է, որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանն ուզում է, որ ռուսական զինվորները մնան տարածաշրջանում։ Գրեթե նույնի մասին է վկայել ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որը, ռադիոկայանի փոխանցմամբ, կարծիք է հայտնել, թե շատերը Հայաստանում համարում են, որ ռուսական բազաները զգալիորեն երաշխավորում են տարածաշրջանի անվտանգությունը։