Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառամիտ

Հունիս 07,2005 00:00

Գավառամիտ խորամանկություն Այդպիսին է, ըստ Վազգեն Մանուկյանի, մեր իշխանության կեցվածքը սահմանադրական փոփոխությունների հարցում: «Մենք տեսնում ենք, որ մեր հարեւանի տունը լավն է, հարմարավետ է, նույն տունն ուզում ենք կառուցել: Ճարտարապետը գալիս ասում է՝ տղաներ ջան, մեկ սյան վրա էդ տունը կառուցել չի լինի, երեք սյան վրա պետք է կառուցել: Մենք էլ ասում ենք՝ դուք ո՞վ եք, որ խառնվեք մեր գործերին»,- Վենետիկի հանձնաժողովի՝ սահմանադրական բարեփոխումների առիթով դիտողություններին, հայ իշխանավորների ըմբոստությունների առիթով նման համեմատություն արեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Այս ամենի համատեքստում պարոն Մանուկյանը չի զլանում որերորդ անգամ կրկնել, որ «դեռ անկախություն ստանալուց առաջ մենք հռչակագիր ենք ընդունել եւ անընդհատ հայտարարել ենք, որ ուզում ենք կառուցել ժողովրդավարական պետություն՝ նմանությամբ եվրոպական պետությունների: Այդ՝ «մեր գործերին խառնվելու» պիտակն անհեթեթություն է: Դա (Վենետիկի հանձնաժողովը- խմբ.) մասնագիտական խումբ է, որը մեզ օգնում է անել այն, ինչը մենք ենք ցանկացել, ոչ թե իրենք»: Դիտողությունները, որոնք արել են «վենետիկցիները», բազմիցս արվել են խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմության, հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն իշխանությունների կողմից մշտապես անընդունելի են եղել: Վազգեն Մանուկյանը չի բացառում, որ հիմա դրանք ընդունվեն՝ «միայն այն պատճառով, որ Վենետիկի խումբն է ուզում»: «Սա ցույց է տալիս, որ մեր պետությունն ինքնուրույն կառուցումով չի զբաղված, այլ հարմարվում է այս կամ այն ազդեցություններին,- հերթական անգամ արձանագրում է ԱԺՄ առաջնորդը:- Այն գավառամիտ խորամանկությունը, որը մեր իշխանություններն անում են եւ Ռուսաստանի, եւ ԱՄՆ- ի, եւ եվրոպական կառույցների նկատմամբ… լավ, մեկ-երկու անգամ արեցիր, դիմացինդ ընդունեց, բայց անընդհատ ֆռռցնելը՝ հիմա էլ, թե առանձին օրենքով անենք էդ փոփոխությունները (խոսքը իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքի, դատական համակարգի անկախության եւ Երեւանի քաղաքապետի ընտրովի պաշտոնի մասին է- Ն. Գ.), որպեսզի օրենքում չմտցնենք՝ դա ծիծաղելի է եւ պատիվ չի բերում մեր պետությանը»: Այդուհանդերձ, եթե հանձնաժողովի կողմից արված առաջարկներն ընդունվեն, ըստ պարոն Մանուկյանի, վիրավորական կլինի, քանի որ «բոլորս գիտենք, որ դա մեզ պետք է՝ ուրիշի ասելով են ընդունում: Չեն ընդունի՝ ե՛ւ պետության համար է վատ՝ Սահմանադրությունը վատը կլինի, ե՛ւ Հայաստանի նկատմամբ էլ Եվրամիության կողմից որոշակի վերաբերմունք կնկատվի»: Սահմանադրական հանրաքվեն կվերածվի՞ վստահության հանրաքվեի: Վազգեն Մանուկյանը «ֆանտազիայի» շարքից է համարում այն, որ ժողովուրդը այս իշխանության նկատմամբ վստահություն ունենար: Ինչի՞ կվերածվի հանրաքվեն, ըստ մեր զրուցակցի՝ կախված է նաեւ նրանից, թե երկրորդ ընթերցման ժամանակ ինչ փոփոխություններ կլինեն՝ «եթե դրական, վճռական փոփոխություններ լինեն՝ ձգտումը, դա անվստահության հանրաքվե դարձնելու, շատերի մոտ կնվազի»: Եթե պարոն Մանուկյանի հաշվարկները ցույց տան, որ խորհրդարան ներկայանալով ընդդիմությունը կարող է ազդեցություն ունենալ Սահմանադրության իրապես բարեփոխման վրա, ապա նա դաշինքին կառաջարկի դադարեցնել բոյկոտը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել