Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱԳԻՐ

Հունիս 07,2005 00:00

ՀՈՒՇԱԳԻՐ Է, ՈՉ ԹԵ «ՂԱԶԱԳԻՐ» Որով մասնավորապես մեր իշխանությունները պարտավորվում են ընտրովի դարձնել Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ինչը, բնականաբար, չեն անի: Վենետիկի հանձնաժողովի փորձագետների այցելության արդյունքում ծնվել է մի փաստաթուղթ, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Որոշ քաղաքական ուժեր միանշանակ պնդում են, որ վենետիկցիներն այլեւս չեն հավատում հայաստանյան իշխանություններին, որոնք շարունակ փորձեր են անում «ֆռռացնել» եվրոպական մասնագետներին եւ Սահմանադրությունը ձեւել ոչ թե ըստ եվրոպական չափանիշների, այլ՝ ըստ սեփական ամբիցիաների: Վենետիկցիները, ըստ նույն տեսակետի կողմնակիցների, կոալիցիային ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որով կոալիցիան պարտավորված է լինելու արդեն գրավոր հանձն առնել կատարել եվրոպացիների պահանջները: Ըստ այս մեկնաբանությունների, կոալիցիան վենետիկցիների պահանջով ստորագրել է մի փաստաթուղթ, որը կարելի է կոչել «ղազագիր»: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի համար միանշանակ պարզ է. «Մարդիկ, որոնց մտահորիզոնը «ղազագրի» շրջանակներում է, այլ գնահատական փաստաթղթին չէին էլ կարող տալ՝ անկախ փաստաթղթի բովանդակությունից: Ոմանք ուղղակի շատ վատ պատկերացումներ ունեն տարբեր կողմերի համագործակցության մասին եւ իրենց նեղ մտահորիզոնի շրջանակներում էլ փորձում են ինչ-որ ձեւակերպումներ տալ: Եվ երրորդ՝ Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներում շատ հաճախ է կիրառվել հուշագիրը, եւ սա ընդհանրապես ընդունված քաղաքակիրթ աշխատանքի ձեւ է: Հուշագիրը մի փաստաթուղթ է, որտեղ տարբեր քննարկումներից հետո արձանագրվում են կողմերի տեսակետները, համաձայնությունները եւ հետագա աշխատանքային փուլերը»: Հուշագիրը կոչվում է՝ «Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի եւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումների փոխհամաձայնեցված եզրակացություններ»: Հուշագրի հինգ կետերում նշված է. «Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խումբը համարում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ունի կարեւոր բացթողումներ հետեւյալ երեք ուղղություններում: Առաջինը՝ իշխանության թեւերի միջեւ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմն է: Երկրորդ՝ արդարադատության անկախությունը: Երրորդ՝ Երեւանի քաղաքապետի նշանակման ձեւը: Հաջորդ կետն այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են նախագիծը վերամշակել կարեւոր փոփոխություններով, Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների շրջանակներում, վերոհիշյալ երեք ուղղություններով: Նախագիծը Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին կներկայացվի մինչեւ հունիսի 20-ը՝ նախքան երկրորդ ընթերցում անցկացնելը: Հուշագրում նշված է նաեւ, որ ԱԺ ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումը կանցկացվի Ստրասբուրգում, հունիսի 23-ին եւ անհրաժեշտության դեպքում կշարունակվի հունիսի 24-ին՝ քննարկելու համար նախագծի հետագա բարելավման խնդիրները: Հուշագրում նշված է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի փոխհամաձայնեցված տարբերակի երկրորդ ընթերցումը պետք է անցկացվի որքան հնարավոր է շուտ: Նշված է նաեւ, որ սահմանադրական հանրաքվեն կանցկացվի 2005-ի հոկտեմբերից ոչ ուշ: Տիգրան Թորոսյանը, մեր խնդրանքով ներկայացնելով հուշագրի այս կետերը՝ նշեց, որ հուշագիրը կարեւոր է մի քանի պատճառով, նախ՝ արձանագրվում են արվելիք քայլերը, եւ հետո. «Կարծում եմ, սա պատասխան է այն քաղաքական գործիչներին, ովքեր հայտարարում էին, թե Վենետիկի հանձնաժողովը դադարեցնում է աշխատանքները սահմանադրական փոփոխությունների հետ կապված»: Ըստ Տիգրան Թորոսյանի, այս փաստաթղթով ոչ թե որեւէ մեկը որեւէ մեկին ինչ-որ բան է առաջարկում, այլ դրանում արձանագրված են հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնեցումները եւ կողմերի դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահը վստահեցրեց, որ այս փաստաթղթում արտահայտված հայաստանյան իշխանության դիրքորոշումը «ոչնչով չի տարբերվում այն դիրքորոշումից, որը ներկայացվում էր առաջին ընթերցման ժամանակ: Այստեղ ընդամենը մեկ խնդիր կա. այն հանդիպումները, որ պետք է տեղի ունենային հունիսի 1-2-ին, տեղափոխվում են հունիսի 23-24-ին, մնացյալի հետ կապված որեւէ նորություն չկա: Եվ վերջինը՝ ԵԽԽՎ-ն իր հոկտեմբերյան բանաձեւում հանրաքվեի ժամկետ նշել էր հունիսը, իրենց առաջարկությամբ եւ փոխադարձ համաձայնությամբ մենք արձանագրում ենք հոկտեմբերը, որպես հանրաքվեի ժամկետ: Իրենք համարում են, որ, իհարկե, կարելի է աշխատանքներն ավելի շուտ ավարտել, ասենք՝ օգոստոսին, սակայն քանի որ դա հարմար ժամկետ չէ հանրաքվեի անցկացման համար, գտանք, որ ավելի հարմար է աշունը»: Իսկ հնարավո՞ր է, որ իշխանությունները մտադիր են վերադառնալ իրենց ուզածին եւ սահմանադրական հանրաքվեն անցկացնել ՏԻՄ ընտրությունների հետ միաժամանակ: Պատասխանելով մեր այս հարցին՝ Տիգրան Թորոսյանն ասաց, որ հանրաքվեի օրվա որոշումն ամենահեշտ խնդիրն է, իսկ այսօր «բոլոր ջանքերը պետք է ուղղվեն նախագծի բարելավմանը»: Մենք նկատեցինք, որ Վենետիկի մասնագետների առաջարկություններն այնպիսին են, որոնց ընդունման համար իշխանությունը ստիպված է լինելու քաղաքական որոշում կայացնել, սակայն, հաշվի առնելով մեր իշխանությունների որոշ մենթալիտետային առանձնահատկությունները, կարծում ենք, որ դա լինելու բան չէ: Իր ունեցած լիազորությունների շրջանակը ոչ նախագահը, ոչ էլ որեւէ այլ իշխանավոր չի պատրաստվում սահմանափակել: Տիգրան Թորոսյանն այն կարծիքին է, որ, այո, Վենետիկի հանձնաժողովի մասնագետների նշած բոլոր երեք ուղղություններում կան թերություններ, որոնք պետք է շտկվեն. «Կարեւոր է, որ այդ բոլորը լինի փոխհամաձայնեցված»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել