Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՏԻՎ, ԲԱՅՑ ԱՆՈՐԱ՞Կ

Հունիս 07,2005 00:00

ՕՊԵՐԱՏԻՎ,
ԲԱՅՑ ԱՆՈՐԱ՞Կ Երեկ քաղաքապետարանի նիստին հաջորդած ճեպազրույցում
քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանն ամփոփեց իրենց գերատեսչությունում
ներդրված «մեկ պատուհանի» աշխատանքը: Այդ ինստիտուտը քաղաքապետարանում գործում է
տարեսկզբից, որի նպատակն է քաղաքացիների դիմումները իշխանավորներին ավելի արագ հասցնել:
Այս տարվա սկզբից մինչեւ մայիսի 31-ը քաղաքապետարանը ստացել է 6 հազար 766 քաղաքացու
դիմում եւ պաշտոնական գրություն, որոնց 98 տոկոսը կատարված է: Աշխատակազմի ղեկավարին
ուրախացրել էր այն, որ դիմումների մոտ 30 %-ի հասցեատերն իրենք չեն: Դիմում-բողոքների
մեծ մասը հիմնականում անօրինական շինարարությունների, հողհատկացման, հողի վարձակալության
պայմանագրերի կնքման, սեփականաշնորհման, հողի օտարման վերաբերյալ են: Մեծ թիվ են
կազմում նաեւ մայրաքաղաքի իրացման գոտիներում տարվող աշխատանքների վերաբերյալ բողոքները:
Իսկ ամենաշատ դիմումները Ճարտարապետության եւ քաղաքաշինության (ՃՔ) վարչությունից
են: «Այդ բնագավառում ոչ թե բողոքներն են շատ, այլ պարզապես անելիքներ շատ կան»,-
ՃՔ վարչությանն արդարացրեց պարոն Կոշեցյանը: Նրա խոսքերով, «մեկ պատուհանի» ներդրումից
հետո 2004թ. համեմատությամբ աշխատանքները բարելավվել են: «Մեկ պատուհանի»
աշխատանքը վերահսկելու նպատակով ստեղծված խումբը, ինչպես նշեց պարոն Կոշեցյանը, մինչ
այժմ ուշադրություն չի դարձրել աշխատանքների որակին, եւ միայն երեկվա՝ քաղաքապետի
հորդորից հետո է պատրաստվում ուսումնասիրել, թե որքանով են լուծվում քաղաքացիների
խնդիրները: Երեկ «պատուհանի» մոտ հավաքված մոտ տասը քաղաքացիներից մի քանիսը, որոնք
չցանկացան ներկայանալ, քանի որ իրենց դիմումներն ուսումնասիրության փուլում են, դժգոհեցին
եւ ասացին, որ «տասն անգամ գնալ-գալուց հետո միայն պաշտոնյաներից կցկտուր պատասխաններ
ենք ստանում»: Մի քանիսն էլ փաստեցին, որ չնայած օպերատիվ պատասխանին, այնուամենայնիվ,
իրենց հարցն այդպես էլ չի լուծվում: Այս ամիսների ընթացքում քաղաքապետարանը հանրահավաքների
եւ ցույցերի կազմակերպման 60 հայտ է ստացել, որից 4-ը մերժել է: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել