Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրաչափերը կռվի բո՞ւյն

Հունիս 07,2005 00:00

Գյումրիի Շիրակացի փողոցի 61 զինվորական թաղամասի բնակիչները զրկված են ջրաչափեր տեղադրելու հնարավորությունից:

Պատճառը, ըստ նրանց, սովետի ժամանակներից «նվեր ստացած» ջրագծերի «փնթի ու խայտաբղետ» մոնտաժն է: Բնակիչների ասելով, գուցե եւ իրենց ջրաչափերը ընդհանրապես չհետաքրքրեին, եթե տարվա մեծ մասը չապրեին ջրի ու լույսի կարոտ: Պարզվում է, հիշյալ թաղամասում ջրամատակարարումն անմիջականորեն կապված է էլեկտրաէներգիայի հետ: Չնայած այն հետաքրքիր փաստին, որ այստեղ ապրում են նաեւ էլցանցի պաշտոնյաներ, հաճախակի են հոսանքազրկումները, որի հետեւանքով էլ, ըստ բնակիչների, ջրի «նասոսը» ոչ միշտ է աշխատում: «Մի անգամ կոմպն է վառվում, մյուս անգամ հոսանք չկա, երրորդ անգամ էլ ջրագծում ջուր չկա»,- պատմում էին թաղամասի թիվ 9 շենքի բնակիչները:

Անձի քանակով ջրավարձ մուծելը, բնականաբար, ձեռնտու չէ վերջիններիս, իսկ ջրաչափ տեղադրելը դարձել է իսկական պատմություն: Բնակիչների ասելով, տները մտնող ջրագծերը առանձին-առանձին մոնտաժված չեն, այսինքն ջրաչափ տեղադրելու դեպքում իրենք ստիպված են հարեւանի սպառած ջրի վարձը եւս մուծել: «Երբ գնում ես ջրմուղ դժգոհելու, որ ջուր չեմ սպառել, ի՞նչ ջրի վարձ եք պահանջում, անմիջապես առաջարկում են ջրաչափ տեղադրել, տեղադրելն էլ մի կրակ, հետո էլ սկսենք հարեւանների հետ ծեծվել, թե ով ինչքա՞ն է սպառել»,- դժգոհում են անելանելի վիճակում հայտնված բնակիչները՝ անգամ անիծելով սովետի կարգերը, թե «հեչ խերը չտեսանք»: Բնակիչները մտահոգված են բազմաբնակարան շենքերում ջրաչափեր տեղադրելու մասին կառավարության որոշման վերջնաժամկետից, այն մինչեւ սույն ամսի հուլիսի մեկն է: «Ջրմուղին խնդրում ենք, թե եկեք գոնե ջրագծերը խելքի բերեք, մենք էլ մեր գլխի ճարը տեսնենք, անմիջապես ուղարկում են կառավարչություն, թե դա մեր խնդիրը չէ, կառավարչությունում էլ հիստերիայի մեջ են ընկնում, թե սխալ հասցեով եք եկել»,- պատմեցին բնակիչները:

Նրանց նաեւ զարմացնում է էլցանցի՝ իրենց ուղղված պատասխանը. «Հենց հարցնում ես ինչու լույս չկա՝ էս ամառ օրով, ասում են գծերի նագռուսկա է: Էդ ոնց որ ձմեռը հեչ նագռուսկա չեղավ»,- զարմանում են բնակիչները: Սակայն եթե էլցանցի պարագայում փոքր-ինչ հստակություն կա. իրենք մշտապես բողոքող են, «էլեկտրիկներն էլ սկոռու պես վազող» (գուցե եւ սա պայմանավորված է թաղամասում էլցանցի պաշտոնյաների ապրելով), ապա ջրմուղի գործելակերպը անհասկանալի է մնում:

Հիշյալ խնդիրը պարզաբանելու նպատակով դիմեցինք «Շիրակ» ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանին: Պաշտոնյան եւս հաստատեց «Նոյի թվի» շենքերում նման գլխացավանքի առկայությունը եւ տեղեկացրեց, որ հիշյալ խնդրի մասին վերադասին զեկուցելու ու հատուկ մոտեցում մշակելու համար այժմ իրենց կողմից ուսումնասիրություններ են կատարվում, որպեսզի պարզեն, թե քաղաքում քանի նմանատիպ շենքեր կան: Մեր տեղեկություններով, միայն Շիրակացի փողոցի 61 զինվորական թաղամասում 7-ն ունեն այդպիսի պայմաններ:

Ի դեպ, մեր նյութը պատրաստելու պահին ջրաչափերի տեղադրման հետ կապված դժգոհություններ հնչեցին նաեւ Գյումրիի Անի թաղամասի որոշ թոշակառուներից: Նրանց ասելով, թեեւ SPFA միջազգային կազմակերպությունն արդեն մի տարի է՝ իրենց խոստացել է անվճար ջրաչափեր տրամադրել, սակայն մինչեւ օրս խոստումը չի կատարել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել