Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱ՞Ն ՀԱՄԱՐ, ԹԵ՞ ՍԵՐՈԺԻ

Հունիս 07,2005 00:00

Գլխավոր պողոտայի ծրագրում հայտնված Կողբացու 28 շենքում մնացել է չիրացված մեկ բնակարան՝ Վարդանյաններինը: Սակայն երկու օր առաջ կադաստրից ստացած տեղեկանքի մեջ սեփականատերերի անունը բացակայում էր:

Կողբացի եւ Արամի փողոցների խաչմերուկում գտնվող շենքը հարուստ պատմություն ունի. Երեւանի առաջին եռահարկ տունը 1860-ին կառուցել է մեծահարուստ Տեր-Թադեւոսովը, հետագայում շենքը ծառայել է որպես Դաշնակցության գրասենյակ, ռուս զինվորների համար եկեղեցի, ռադիոտուն եւ նույնիսկ փողի տպարան: Հենց այս տպարանի աշխատողներին են հետագայում շենքի մի մասը տվել՝ որպես բնակարան, մնացած տարածքը մինչեւ քանդելը զբաղեցնում էին տարբեր հիմնարկներ: Նման պատմություն ունեցող շենքն արժանի էր պահպանության, բայց 2003-ից սկսել են քանդել, թեպետ այդ ժամանակ այն չի եղել Գլխավոր պողոտայի սահմաններում: Գլխավոր պողոտայի կառուցապատման գոտում շենքը հայտնվել է այս տարվա փետրվարից, քաղաքապետի՝ սահմանների փոփոխության մասին թիվ 129 որոշմամբ: Վարդանյանների ընտանիքը իրացման գոտում հայտնվելը կապում է պարսկահայ բիզնեսմեն Սերոժ Սուքիասյանի «անհագուրդ ցանկությունների» հետ:

2002-ի մարտին Կենտրոնի թաղապետարանը դատարանի միջոցով քաղաքապետարանից վերցրել է համայնքային սեփականություն համարվող այս շենքի տակի 1000 քմ կազմող հողը եւ 5000 դոլարով վաճառել «Անուր» ՍՊԸ-ին, որի գործադիր տնօրենը դաշնակցական ակտիվիստ Սերոժ Սուքիասյանն է: Մինչդեռ Հողային օրենսգրքի 66 եւ Քաղօրի 195 հոդվածներով սեփականության իրավունքով տարածք ունեցող բնակիչներն ունեն գնման նախապատվության իրավունք: Այս շենքի 525 քմ-ն սեփականության իրավունքով պատկանել է 7 ընտանիքի, սակայն նրանք նույնիսկ չեն տեղեկացվել առուվաճառքին: Այդ մասին իմացել են մայիսին, երբ թաղապետարանը փոխհատուցման առաջարկներ է ուղարկել նրանց. բնակարանները ճանաչվել են համայնքային կարիքների համար վերցվող գույք՝ շենքի վթարային վիճակի պատճառով: Ի դեպ, շենքը քանդելու մասին խոսակցություններն են եղել պատճառը, որ բնակվող 27 ընտանիքների մեծ մասը չի մտածել սեփականաշնորհելու մասին: Բոլոր դեպքերում մնացած սեփականատերերը ստացել են իրենց փոխհատուցումները եւ ազատել տարածքը: «Գուցե մնացած բնակիչները իրենց փաստաթղթերում թույլ տեղեր ունեին՝ կապված չափագրված սահմանների, գրանցված անձերի եւ այլնի հետ, այդ պատճառով էլ ժամանակի ընթացքում համաձայնեցին չնչին փոխհատուցմանը: Իսկ մենք 150 քմ բնակարանը սեփականության իրավունքով գրանցել ենք 1998-ին եւ անհանգստանալու ոչինչ չունեինք, ուստի չհամաձայնեցինք առաջարկված շուրջ 21000 դոլարին»,- «Առավոտին» ներկայացրեց թիվ 22 բնակարանի համասեփականատեր Նաիրա Վարդանյանը: Վտարման համար 2004-ին Երեւանի քաղաքապետը դատական գործ է սկսվել այս եւ երկու այլ ընտանիքների դեմ: Վարդանյանները սեյսմիկ ծառայությունից ստանում են եզրակացություն, որ շենքի Արամի փողոցի թեւը վթարային չէ (թեպետ Ս. Սուքիասյանը քանդել է ամբողջությամբ), իսկ Կողբացու հատվածը կարիք ունի հիմնանորոգման: Բացի այդ, բնակիչները Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից, կառուցապատման ԾԻԳ-ից գրություններ ունեն, որ Կողբացու 28 շենքը ընդգրկված չէ Գլխավոր պողոտայի իրացման գոտու սահմաններում, ինչի համար եւ դեռեւս Կենտրոն թաղապետարանի հայցը թողնվել է առանց քննության: Սակայն այս տարվա սկզբին Վարդանյանները կադաստրից ստանում են գրություն, որ շենքը օտարման գոտում գրանցվել է 2005-ի փետրվարին: Հետեւաբար, քաղաքապետարանը նախ վտարման դատական գործ է սկսել իրացման գոտում չգտնվող տարածքի տիրոջ դեմ, հետո հասկանալով, որ տանուլ է տալիս, որոշմամբ փոփոխել է իրացման գոտու սահմանները: Այժմ գործը վճռաբեկ դատարանում է: «Փաստորեն, մեր շենքը ոչ թե պետության, այլ Սերոժի կարիքների համար է վերցվում»,- եզրակացնում են Վարդանյանները:

Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել