Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑԻՆ

Հունիս 07,2005 00:00

Բայց Մալաթիա-Սեբաստիայում կարող են խնդիրներ ծագել

Անցյալ կիրակի օրը Երեւանի երեք համայնքներում՝ Դավիթաշեն, Նորք-Մարաշ եւ Մալաթիա-Սեբաստիա, տեղի ունեցան թաղապետերի ընտրություններ: Բոլոր երեք ընտրատարածքներում, նախնական արդյունքների համաձայն, ընտրություններում հաղթել են գործող թաղապետերը: Մասնավորապես Դավիթաշենում քվեարկությանը մասնակցել է 12 503 ընտրող, որոնց թվում՝ բոլորի դեմ քվեարկել է 377-ը, անվավեր է ճանաչվել 466 քվեաթերթիկ: Գործող թաղապետ Սուրիկ Ղուկասյանը ստացել է 6 311 քվե, իսկ նրա մրցակից Ռուբեն Գեւորգյանը՝ 5 396 ձայն: Վերջինս հայտարարել է, որ թեեւ քվեարկության ընթացքում կեղծիքներ եղել են, բայց ինքը մտադիր չէ ընտրությունների արդյունքները բողոքարկել:

Նորք-Մարաշում ընտրություններին մասնակցել է 5127 ընտրող, որոնցից 5040 ձայնով, գրեթե 100 տոկոսանոց արդյունք, հաղթել է գործող թաղապետ Վարազդատ Մկրտչյանը: Իհարկե, այս դեպքում հաղթել ասվածը մի քիչ հարաբերական է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քվեարկությունից ընդամենը օրեր առաջ նրա մրցակից Առուշան Միքայելյանը, որը հավաքել է 117 ձայն, ինքնաբացարկ էր հայտարարել:

Ոչ Դավիթաշեն, ոչ Նորք-Մարաշ համայնքների ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները երեկ սահմանված ժամկետում դիմում-բողոքներ չէին ստացել:

Այլ է իրավիճակը Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ գործող թաղապետ, ՀՀԿ անդամ Աղվան Գրիգորյանն ու ԵԿՄ վարչության անդամ Սամվել Հովսեփյանը՝ «Ադմիրալ» մականունով: Ս. Հովսեփյանը դեռ կիրակի օրը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր ընտրական հանձնաժողովներում ներկայացված բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ «Արդարություն» դաշինքը իր տեղերը վաճառել է գործող թաղապետին, բացառությամբ ՄԱԿ-ի եւ «ԱՄ»-ի: Այդուհանդերձ, նա 100 տոկոսով վստահ էր, որ ինքը հաղթելու է, ընդ որում՝ մեծ առավելությամբ, թեեւ նրա վստահված անձինք դեռ հունիսի 4-ին՝ ընտրությունների նախորդ օրը, թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին դիմում-բողոքներ էին ներկայացրել:

Քվեարկության օրն արդեն կեսօրից հետո Ս. Հովսեփյանի նախընտրական շտաբում սկսվեցին ահազանգեր ստացվել ընտրական տեղամասերում կատարվող օրինախախտումների մասին: Նախ, շտաբում մեր ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ թաղի գործարարները, որ միաժամանակ նաեւ «մարշրուտկայի գծեր ունեն, իրենց երթուղային տաքսիները գծից հանել եւ ընտրողներին տեղամասեր են տանում»: Լրագրողներն իսկապես նման դեպքեր ընտրատարածքում արձանագրել էին: Թեկնածու Ս. Հովսեփյանի ասելով, իր մրցակից Ա. Գրիգորյանի թիմը քվեարկության օրը ամեն մի ձայնի համար 10 հազար դրամ է վճարում, թեեւ հանուն արդարության պետք է ասել, որ ընտրատարածքում գոնե մենք նման՝ նույնիսկ կասկածելի դեպք չարձանագրեցինք: Ընդհանրապես, գործող թաղապետի կողմից ընտրակեղծիքների, կաշառքի կամ ընտրողներին տեղամասեր տանելու մասին տեղեկությունները տարակուսանք առաջացրին՝ նկատի ունենալով, որ Ա. Գրիգորյանը այս համայնքում առանց այդ էլ ի վիճակի էր նորմալ ընտրություններով էլ վերընտրվել:

Այդուհանդերձ, Ս.Հովսեփյանի վստահված անձանց դիմում-բողոքները շատ էին: Դրանցից մեկը վերաբերում էր թիվ 11/50 տեղամասին, որտեղ վստահված անձը նկատել էր բացակայողների փոխարեն քվեարկության մի քանի դեպքեր: Արդյունքում, նրան ոստիկանության բաժին էին տարել այն պատճառաբանությամբ, թե նա տեղամասում ինչ-որ մեկի թեւից քաշել է:

Թիվ 10/52 տեղամասում Հայաստան Եղիազարյանի անձնագրով ներկայացել է մի կին, ով, ըստ Ս. Հովսեփյանի վստահված անձի բողոքի, տարիքային ոչ մի ընդհանրություն չի ունեցել անձնագրի տիրոջ տարիքի հետ: «Այդ կինը մասնակցել է ընտրությանը, իսկ մեր վստահված անձը ոչինչ չի կարողացել անել»,- պարզաբանեցին շտաբում: Թիվ 11/36 տեղամասում Ռոզա Թորոսյանը բողոքել է, որ մեկն իբր օգնել է քվեարկելու մի ընտրողի, բայց ընտրողի փոխարեն ինքն է քվեարկել, իսկ ավելի ուշ պարզվել է նաեւ, որ այդ ընտրողն իրավունք չուներ ընտրելու այդ տեղամասում: Ընդհանրապես, Ս. Հովսեփյանի նախընտրական շտաբում բողոքները, թե բացակայող մարդկանց փոխարեն ընտրել են, բազմաթիվ էին: Իսկ 11/03, 11/05 եւ 11/04 ընտրական տեղամասերում նախնական արդյունքների տվյալներով՝ մասնակցությունը եղել է գրեթե 100 տոկոս, ինչը, մեղմ ասած, կասկածահարույց է: Ի դեպ, «Ադմիրալի» նախընտրական շտաբի ասելով, այս երեք ընտրական տեղամասերում երեկ քվեարկության արդյունքների ամփոփման պահին լույսերը առժամանակ անջատված են եղել:

Այդուհանդերձ, երեկ Մալաթիա-Սեբաստիայի թիվ 11 ԸԸՀ-ի նախագահ Օլեգ Գրիգորյանը գոհունակություն հայտնեց կիրակի տեղի ունեցած ընտրությունների ընթացքից: Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, այս ընտրատարածքում շուրջ 64 հազար ընտրողներից քվեարկության է մասնակցել 27 005 մարդ: Գործող թաղապետ Աղվան Գրիգորյանը ստացել է 21 022, իսկ նրա մրցակից Սամվել Հովսեփյանը՝ 4 672 ձայն: Երեկ օրենքով սահմանված ժամկետում թիվ 11 ԸԸՀ-ում ստացվել էր թվով 45 տարաբնույթ դիմում-բողոք՝ բոլորն էլ Ս. Հովսեփյանի վստահված անձանց կողմից: Թիվ 11 ԸԸՀ նախագահ Օ. Գրիգորյանը դրանց առնչությամբ կարծիք հայտնելով՝ ասաց, թե՝ ըստ էության, դրանք անհիմն բողոքներ են, թեեւ այսօր քննության են առնվելու:

Իսկ գլխավոր անակնկալը պարզվեց դեռ առջեւում էր: Երեկ Ս. Հովսեփյանը լրագրողներին հայտարարեց, որ դիմել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան՝ իր մրցակից Ա. Գրիգորյանի՝ որպես թաղապետի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանին ներկայացված հայցում Ս. Հովսեփյանի վստահված անձ Վլադիմիր Հովսեփյանը նշել է, որ գործող թաղապետը թիվ 11 ԸԸՀ-ին ներկայացրած «Իր սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իր եւ իր ընտանիքի անդամների եկամուտների մասին» հայտարարագրում թույլ է տվել փաստերի կեղծում, ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 124-ի, 3-րդ կետի համաձայն՝ թեկնածության գրանցումը կարող է համարել անվավեր: Ըստ այդմ, «Ա. Գրիգորյանը թաքցրել է սեփականության իրավունքով իրեն եւ կնոջը պատկանող 0.7 եւ 0.5 հա տնամերձ հողամասերի մասին տվյալները, որի մասին ինքն ու իր կին՝ Վալիդա Բադասյանը պաշտոնապես տեղեկացրել են «ՀՀ իշխանության մարմնի ղեկավար աշխատողների 01.01.01թ.-01.01.02թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում» ներառվող տեղեկությունների վերաբերյալ թիվ 1 եւ թիվ 2 տեղեկանքներում (էջ 5256 եւ 5258)»:

Երեկ Ս. Հովսեփյանի շտաբում մեզ տեղեկացրին, որ այդ տեղեկությունն իրենք թիվ 11 ԸԸՀ-ին ներկայացրել են հունիսի 6-ի առավոտյան, բայց ԸԸՀ-ն դա անտեսել է եւ քննության չի առել, ուստի իրենք արդեն դատարան դիմելիս պահանջել են ոչ միայն անվավեր ճանաչել գործող թաղապետի գրանցումը՝ որպես թեկնածուի, այլեւ ԸԸՀ-ի անգործությունը:

Դատարանն այսօր որոշում կկայացնի՝ գործն ընդունո՞ւմ է վարույթ, թե՞ ոչ: «Ադմիրալը» համոզված էր, որ դատարանը փախչելու տեղ չունի եւ պետք է ներկայացված հայցը բավարարի:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել