Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ

Հունիս 04,2005 00:00

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, որտեղ այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հյուրընկալելու է Մակեդոնիայի ընտրանուն, կայացավ մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ հոլանդացի Հենկ Վիսմանի մամուլի ասուլիսը: Նա լրագրողներին պատմեց հավաքականի նախապատրաստության ընթացքի մասին, որից գոհ է: «Ֆուտբոլիստները տրամադրված են մարտականորեն ու կատարում են մարզիչների բոլոր առաջադրանքները,- ասաց նա:- Բոլորն էլ լավ մարզավիճակում են: Վնասվածքներ ունեցողներ չկան: Մենք պետք է աշխատենք՝ այս եւ Ռումինիայի հավաքականի հետ հանդիպումներում միավորներ վաստակել: Մակեդոնիայի հետ առաջին խաղը մրցակցի դաշտում տանուլ ենք տվել 0:3 հաշվով: Սակայն հիմա լավ ենք նախապատրաստվել եւ մեկ կամ երեք միավոր վաստակելու հնարավորություն ունենք: Ինչ վերաբերում է հավաքին մասնակցող խաղացողներին, նրանց ընտրության հարցում հենվել եմ հավաքի ընթացքում նրանցից ստացած իմ տպավորությունների վրա, ինչպես նաեւ խորհրդակցել մարզիչ Վարդան Մինասյանի հետ: Մակեդոնիայի հետ, հավանաբար, կընտրենք 3-5-2 սխեման: Իսկ ինչ վերաբերում է մարտավարությանը, ֆուտբոլիստներին պատրաստում ենք մրցակցի կիսադաշտից մամլիչ պաշտպանություն կիրառելուն»: Եղան լրացուցիչ հարցեր, որոնց պատասխանները նույնպես տրվեցին: – Թիմի մեկնարկային կազմը որոշե՞լ եք: – Այո: – Էդգար Մանուչարյանի ֆունկցիոնալ պատրաստականության վիճակն ինչպիսի՞ն է: – Նա լավ ֆուտբոլիստ է: Սակայն U-19-ում նա խաղացել է լրիվ ծանրաբեռնվածությամբ ու չի հասցրել լիարժեք վերականգնվել: Դրա համար էլ մեկնարկային կազմում նրան չենք ընդգրկել: – Ի՞նչ կասեք մինչեւ 19 տարեկանների հավաքականի մասին: – Լավ թիմ է: Տաղանդավոր ֆուտբոլիստները քիչ չեն: Կարծում եմ՝ այդ կազմով կարելի է առաջ գնալ: Թուրքիան փակել էր Մակեդոնիայի ճանապարհը դեպի Հայաստան Երեկ արտասահմանյան լրատվական գործակալությունները, մասնավորապես՝ Գերմանիայի DPA-ն, տեղեկություն էին տարածել այն մասին, որ MAT ինքնաթիռով Երեւան ժամանող Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականին Թուրքիայի համապատասխան ծառայությունները արգելել են իրենց օդային տարածքով Հայաստան մտնել, սակայն պատճառների եւ մանրամասների մասին ոչինչ չի ասվել: Երեկ նույնիսկ լուրեր էին պտտվում, որ մակեդոնացիների ինքնաթիռը ստիպված ետ է վերադարձել: ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ, ըստ իրենց ունեցած տեղեկատվության, պատճառները զուտ տեխնիկական են: Դրանք պետք է կարճ ժամանակում լուծվեին եւ Մակեդոնիայի ազգային հավաքականը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կատարեր երեկոյան ժամը 19-20-ի սահմաններում: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել