Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՄ

Հունիս 04,2005 00:00

ՄՐՑՈՒՄ ԵՆ ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԸ «Ա. Խաչատրյան» համերգասրահում շարունակվում է մայիսի 30-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան ավանդական միջազգային մրցույթը: Մրցանակակիրների եւ դիպլոմանտների պարգեւատրման արարողությունը եւ գալա համերգը կկայանա հունիսի 6-ին՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 102-րդ տարեդարձի օրը: Մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն մասնագետների, այլեւ երաժշտասերների շրջանում: Թերեւս առաջին անգամ կարեւորվել է հանդիսատեսի վերաբերմունքն ու գնահատականը այս կամ այն կատարողի հանդեպ: Ճեմասրահում տեղադրված արկղում մինչ մրցույթի ավարտը կհավաքվեն հանդիսատեսի համակրանքին արժանացած ջութակահարների անունները, որոնց հիման վրա էլ կորոշվի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը: Ժյուրիի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանից խնդրեցինք զուգահեռներ անցկացնել ԽՍՀՄ տարիներին եւ անկախ տարիներին անցկացվող մրցույթների միջեւ: «Մեր ժամանակ, երբ սովորում էինք, մրցույթներին մասնակցելը նույնիսկ անհրաժեշտ էր: Դա միակ ձեւն էր, որ կատարողին տալիս էր ճանաչում, որի արդյունքում էլ՝ հետագա համերգային գործունեության հնարավորություն: Հիմա ժամանակները փոխվել են: Բնականաբար, պարտադիր չէ երաժշտի մասնակցությունը այս կամ այն մրցույթին: Միանշանակ պետք է ասեմ, որ այս մրցույթում հավաքվել են կարող ուժեր: Եթե համեմատենք մերօրյա մրցույթները այն թվականներին անցկացվողների հետ, կնկատենք, որ այսօր կան մրցույթներ, որոնք անցկացվում են ընդամենը մեկ փուլով կամ երկու, նույնիսկ նման մրցույթների համար պարտադիր չէ, որ երաժիշտն անցնի ընտրական փուլ: Ես դրանց անվանում են անհայտ մրցույթներ, իսկ նման մրցույթների դափնեկիրներին էլ՝ անհայտ դափնեկիրներ: Ընդունված դասական կարգ է՝ մրցույթը պետք է լինի երեք փուլով եւ ավարտվի գալա համերգով»,- ասաց Էդ. Թադեւոսյանը: Ժյուրիի պատվավոր անդամ, Վրաստանի եւ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վադիմ Շուբլաձեն մրցույթի մասնակիցներին որակեց «հրաշք երեխաներ»: «Հայերդ անվանի շատ ջութակահարներ եք տվել աշխարհին: Երեւի իրավունք չունեմ այս մասին արտահայտվելու՝ որպես ժյուրիի անդամ, բայց չեմ կարող չնշել հայ մասնակիցների բարձրակարգ կատարումները: Հանկարծ չմտածեք, որ ես սա ասում եմ հաճոյանալու համար կամ որպես հայի փեսա (Վ. Շուբլաձեն օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանի ամուսինն է): Որ երկրում էլ լինեմ, առանձնացնում եմ հայկական արվեստը եւ այն ներկայացնողներին: Դա ինձ թույլ է տալիս իմ ավելի քան կեսդարյա շփումը հայերիդ ու ձեր արվեստի հետ: Հպարտություն եմ ապրում՝ նաեւ տեսնելով օտարերկրացի ջութակահարների խաչատրյանական մեկնաբանումները»,- նշեց Վ. Շուբլաձեն: Ժյուրիի անդամ, ֆրանսահայ անվանի ջութակահար Ժան Տեր-Մերկերյանն էլ ասաց. «Շատ կարեւոր է երաժշտի ստեղծագործական կյանքում՝ մրցույթների մասնակցելը: Յուրաքանչյուր մրցույթի նախապատրաստական շրջանում էլ ավելի ես կենտրոնացնում ուժերդ: Այս մրցույթին ներկայացրել եմ Փարիզի բարձրագույն կոնսերվատորիայի ուսանողուհուս՝ Սաթենիկ Խուրդոյանին: Ի դեպ, նա սովորում է եւ իմ, եւ պրոֆեսոր Ժան Ժակ Կանտարովի ղեկավարությամբ: 22-ամյա ուսանողուհիս արդեն 4 միջազգային մրցույթների դափնեկիր է»: Մեր հետաքրքրությանը՝ դուք այս պահին արդյո՞ք ձեր ուսանողուհուն չեք գովազդում, ի՞նչ երաշխիք, որ կլինեք անաչառ: «Մասնակիցը չի կարող իրեն զրկել մրցույթին մասնակցելուց միայն այն պատճառով, որ ժյուրիի կազմում հրավիրված է իր դասախոսը, աշխարհում ընդունված կարգ է, ժյուրիի անդամ դասախոսը ձեռնպահ է մնում գնահատել իր ուսանողին»,- տեղեկացրեց Ժ. Տեր-Մերկերյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել