Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽՅԱՆ

Հունիս 04,2005 00:00

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԱԾ Է Սամվել Բաբայանը պաշտպանում է Ամուլյային ԼՂ ժողովուրդը նախապատրաստվում է իր խորհրդարանական ընտրություններին, որը կայանալու է հունիսի 19-ին: Մայիսի 16-ից սկսվել է քարոզարշավը եւ ամբողջ հանրապետության շենքերի պատերը արդեն զարդարված են Հայաստանի հրատարակչություններում պատրաստված եւ բավականին թանկարժեք ու ճոխ քարոզչական պաստառներով: Ստեփանակերտում կարելի է տեսնել թեկնածուների քարոզչական «բուկլետներ», որոնք առաջարկվում են փողոցներում, ցանկացած խանութում կարող են գնումների ժամանակ քեզ առաջարկել իրենց թեկնածուի բուկլետը: 22 մեծամասնական եւ 11 համամասնական ընտրակարգով առաջադրված է շուրջ 120 թեկնածու՝ տարբեր քաղաքական հոսանքներից եւ կուսակցություններից: Ամենաազդեցիկը այսօր Արցախում համարվում է «ՀՅԴ-Շարժում 88»՝ ընտրությունների նախաշեմին ստեղծված դաշինքը, որը նաեւ ամենաընդդիմադիրն է, որովհետեւ այստեղ են վերջերս իշխանություններից «նեղացած» դաշնակցականները՝ հրաժարական տված կրթության նախարար Արմեն Սարգսյան, ԼՂՀ ԱԺ-ի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալյոշա Գաբրիելյան, ինչպես նաեւ մշտապես ընդդիմադիր Մուրադ Պետրոսյանը, «Դեմո» թերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, «Շարժում 88» կուսակցության անդամ է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Էդիկ Աղաբեկյանը (որը վերջերս ժողովրդավարական ընտրությունների արդյունքում հաղթեց իշխանության թեկնածուին), վերջապես, այս դաշինքը առաջնորդում է Արցախի հերոս, գեներալ-մայոր, «Արցախի պատերազմի վետերանների» միության նախագահ Վիտալի Բալասանյանը, որը նույնպես վերջերս լուրջ հակասություններ ուներ իշխանությունների հետ, որի արդյունքում նրան հեռացրին բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Բավականին ակտիվ է գործում նաեւ ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որում ընդգրկված են նաեւ ղարաբաղյան որոշ ձեռներեցներ եւ մտավորականներ՝ Ռուդիկ Հուսնունց, Արայիկ Հարությունյան, Վարդգես Ուլուբաբյան, Արարատ Օհանջանյան եւ այլք: Նշված այս երկու քաղաքական ուժերը ներկայացնում են ընդդիմադիր թեւը, չնայած Արցախում ոմանք կասկածում են «Ազատ հայրենիք» կուսակցության լիդերների ընդդիմադիր լինելուն: Իշխանության թեւը ներկայացնում է «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը, որում ընդգրկված են ԼՂՀ ներկայիս նախարարներ, ԱԺ հանձնաժողովների նախագահներ, ինչպես նաեւ հանրապետության շատ չինովնիկներ: Հետաքրքիրն այն է, որ փողոցներում մարդկանց հետ զրուցելիս զգացվում է հայաստանյան քաղաքական ուժերի ազդեցությունը: Ըստ հարցումների, հայաստանյան իշխանություններին ձեռնտու է, որ ԱԺ ընտրություններում մեծամասնություն կազմի ԼՂՀ իշխանությունների կողմից հովանավորվող ԱԺԿ-ն, չնայած, ըստ որոշ լուրերի, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը իր կապերով աջակցում է ընդդիմադիր դաշնակցականներին, իսկ Սամվել Բաբայանը կարծես թե հեռահար պայմաններ է ստեղծում, որ ընտրություններում մեծամասնություն կազմի նույն ընդդիմադիր թեւի այն հատվածը, որն իրականում անցել է պատերազմի բովով: Հետաքրքիրն այն է, որ ղարաբաղյան ընտրություններում բավականին հետաքրքրություն ունի Հայաստանի ԵԿՄ-ն, որն անգամ վարչության հայտարարությունն է ուղարկել Արցախ: Բանակի նախկին փոխնախարար Արմեն Աբգարյանը՝ հանրաճանաչ «Ամուլյան», որը ԵԿՄ վերջին համագումարում ընտրվեց նաեւ վարչության անդամ, Ղարաբաղում համարվում է Սամվել Բաբայանի թիվ 1 մարդը եւ միաժամանակ նրա թեկնածությունը պաշտպանում է Հայաստանի երկրապահը: Հիշեցնենք, որ 1993 թվականին Ա. Աբգարյանը ձերբակալվել էր տնտեսական բնույթի հանցագործության համար: Ընտրապայքարի դուրս եկած թեկնածուներին կարելի է դասել երկու խմբի. փոխզիջումներով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման կողմնակիցներ՝ «Ազատ հայրենիք», «ԱԺԿ» եւ «ոչ մի փոխզիջում»՝ ՀՅԴ, «Շարժում 88», գումարած նաեւ Սամվել Բաբայանի եւ ԵԿՄ-ի կողմից հովանավորվող թեկնածուներ: («Առավոտին» տված հարցազրույցում Ս. Բաբայանը չներկայացավ որպես ցանկացած փոխզիջման հակառակորդ-խմբ.): Ի տարբերություն Հայաստանի, Արցախում հավատում են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններին: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրության ժամանակ ժողովրդի այդ հավատն ամրապնդվեց: Մյուս կողմից էլ՝ կասկած կա, որ եթե ընտրությունները կեղծվեն, ապա կկեղծվեն միայն ղարաբաղյան իշխանության կողմից, այն էլ Հայաստանի իշխանությունների հրահանգով: Մասնավորապես, ըստ դիտորդների, ջանքեր են գործադրվում, որպեսզի պատգամավորներ չդառնան Վիտալի Բալասանյանը եւ Արմեն Աբգարյանը: ԱՆԱՀԻՏ ԱՅՎԱԶՅԱՆՍտեփանակերտ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930