Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԻՆ «ԿՏՈՐ ՄԸ ԱՐԱՐԱՏ», ՄՅՈՒՍԻՆ՝ ԿՈՄՖՈՐՏ

Հունիս 04,2005 00:00

ՄԵԿԻՆ «ԿՏՈՐ ՄԸ ԱՐԱՐԱՏ», ՄՅՈՒՍԻՆ՝ ԿՈՄՖՈՐՏ Այս ամառվա ընթացքում անշարժ գույքի կտրուկ թանկացում մասնագետները չեն կանխատեսում Ըստ որոշ լուրերի, Երեւանում կառուցվելու է նոր էլիտար թաղամաս («Կանադական»), որտեղ 1 քմ տարածքն արժենալու է մոտ 2000 դոլար: Թաղամասի կառուցման շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, բայց թե մայրաքաղաքի որ հատվածում, ով է կառուցողը, ինչ նախագծերով, երբ է պատրաստ լինելու՝ գաղտնի է պահվում: Անգամ անշարժ գույքի գործակալությունները չհայտնեցին այդ մասին տվյալներ՝ պատճառաբանելով կոմերցիոն գաղտնիքով: Ռիելտորները չէին նշում նաեւ, թե վաճառքը երբ կսկսեն իրականացնել: Անշարժ գույքի VVP գործակալության տնօրեն Վրույր Փենեսյանի հավաստմամբ, այդ թաղամասում բնակարանները ցանկացած քաղաքացու չեն վաճառվելու, հաշվի է առնվելու գնորդի հեղինակությունը. «Այնտեղ պետք է ապրեն ամենահեղինակավորները»: «Առավոտի» տեղեկություններով, «Կանադական» թաղամասը կառուցվելու է Մոնումենտում՝ Բաբայան փողոցում: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի մյուս թաղամասերին, ինչպես միշտ, ձմռան ամիսների համեմատությամբ բնակարանների գներն ընդհանուր առմամբ մոտ 50%-ով բարձրացել են, բայց այս տարի, նույնիսկ մեծ թվով զբոսաշրջիկների այցելության պարագայում, գործակալությունները չեն կանխատեսում գների առավել կտրուկ բարձրացում, ինչպես եղել է, օրինակ, անցած տարի: Ավելին՝ որոշ գործակալություններ անգամ սպասում են, որ գներն էժանանալու են, քանի որ «լճացման երեւույթներ են նկատվում»: Պարոն Փենեսյանը նշեց, որ գների փոփոխության «բումն» անցյալ տարի էր, որը մասնավորապես պայմանավորված էր մի շարք էլիտար շենքերի կառուցմամբ եւ դոլարի կուրսի տատանումներով, իսկ այս տարի ամեն ինչ կանոնակարգվել է: Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով եւս անցյալ տարի բազմաբնակարան շենքերի 1քմ մակերեսի միջին գների տարեկան աճը կազմել է 32, 3%, ինչը հաստատում է 2004-ի առուվաճառքի գործարքների եւ բարձր գների «բումը»: Այնուամենայնիվ, հիմա դժվար է հստակ ասել, թե որ թաղամասում են բնակարաններն ավելի թանկ. «Եթե նախորդ տարիներին մարդիկ կենտրոնում էին ուզում ապրել՝ Թումանյան, Սարյան փողոցներում, հիմա ավելի շատ հաշվի են առնում շենքի առավելությունները, հետո նոր միայն՝ թաղամասի հեղինակությունը»: Պարզվում է՝ գնորդին նախեւառաջ հետաքրքրում է շենքի սեյսմակայունությունը, կառուցման թիվը, հետո նախագծի առավելությունները, առաստաղի բարձրությունը, վերելակի առկայությունն ու ոչ սովետական լինելը եւ այլն. «Կենտրոնում շենք կա, որտեղ 1քմ տարածքը 1600 դոլար է, շենք կա՝ ընդամենը 600: Անգամ կողք-կողքի շենքերի միջեւ գնային առումով 40% տարբերություն կարող է լինել»: Ամեն դեպքում, մի շարք գործակալությունների ներկայացուցիչների համոզմամբ, փոփոխական են միայն հին բնակելի շենքերի գները, իսկ նորակառույցների գները գրեթե չեն փոխվում: VVP-ի տվյալներով, այժմ մայրաքաղաքի ամենաթանկ «տարածքներն» են Մոսկովյան 31-ը՝ Սարյանի արձանի ետնամասը, Մաշտոցի պողոտան՝ կ/թ «Նաիրիի» մոտակայքը, Աբովյան, Սայաթ-Նովա եւ Թումանյան փողոցների որոշ բնակելի շենքեր, ինչպես նաեւ Կասկադի ձախակողմյան հատվածը: Ի դեպ, գնային առումով լուրջ տարբերություն կա Կասկադի ձախակողմյան եւ աջակողմյան հատվածների միջեւ, քանի որ պարոն Փենեսյանի խոսքերով՝ «Ձախ մասը ղեկավարության համար է, աջը՝ միջին խավի: Ու թեեւ արտաքուստ երկու կողմերի շենքերն իրար շատ նման են, բայց կառուցվածքային առումով միջին խավի շենքերը մի փոքր անհարմար են»: Նորակառույց շենքերը նման խնդիրներ չունեն, այնտեղ ամեն ինչ պայմանավորված է գնորդի ցանկությամբ ու քմահաճություններով: Ըստ այդմ, գործակալությունները նույնիսկ որոշակի սանդղակ ունեն, թե, ենթադրենք, Գերմանիայից ժամանած գնորդն ինչպիսի բնակարան կնախընտրեր: Այսպես, պարզվում է, սփյուռքահայերի համար ամենակարեւոր նախապայմանը պատուհանից բացվող Արարատի տեսարանն է, վարձով տրվող բնակարանների դեպքում՝ նաեւ կահույքի հարմարավետությունն ու թեթեւությունը: Ի դեպ, թեեւ գործակալությունները միանշանակ համոզված էին, որ բնակարանների գները չեն բարձրանա, բայց նույնը չասացին օրավարձերի մասին. դրանք արդեն իսկ կիսով չափ բարձրացել են: Պարոն Փենեսյանի տվյալներով, Կենտրոնում «ամենամեռած» գինը 1 օրվա համար 20 դոլար է, ամենաբարձրը՝ 80: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել