ՀԱՆՐԱՔՎԵՆ ՆՈՐԻ՞Ց ԿՏԱՊԱԼՎԻ Ըստ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի, Վենետիկի հանձնաժողովին կոալիցիոն ուժերի ներկայացրած փաստարկները, թե իբր սա ընդամենը հիմք ընդունած տարբերակ է, որի վրա պետք է աշխատել, որ կոալիցիան պատրաստակամ է ընդունել հանձնաժողովի պահանջները հավաստի չեն: Համոզվելով, որ սահմանադրական բարեփոխումներն իմիտացիոն բնույթ են կրում, պարոն Սարգսյանը լուրջ կասկածներ ունի՝ «կդրվի՞ այն հանրաքվեի, թե՞ ոչ. անգամ՝ հոկտեմբերին»: Ի՞նչն է նման ենթադրության հիմք տալիս՝ «Այն, որ իշխանությունը համոզված չէ, որ ժողովուրդը կընդունի բարեփոխումները, իշխանությունն ինքն էլ համոզված չէ, որ կկարողանա կեղծել եւ ստանալ իրեն ցանկալի արդյունքը, այն, որ իրական բարեփոխումները կբերեն ռեժիմի թուլացմանը»,- պարզաբանում է նա: Հանրաքվեի բացառման պարագայում պարոն Սարգսյանը կանխատեսում է «կոալիցիոն շատ լուրջ հակասություններ», որոնք սահմանադրական բարեփոխումների ջատագով կոալիցիոն ուժերին կպարտադրեն որոշում ընդունել՝ «կամ հլու-հնազանդ ենթարկվում են եւ դադարում են գործոն լինելուց, կամ դուրս են գալիս կոալիցիայից»: Եվ, ընդհանրապես, մեր զրուցակցի համոզմամբ, սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում հանգեցնելու է լուրջ քաղաքական ընդվզումների: Այս համատեքստում, «Առավոտի» դիտարկմանն ի պատասխան, Արամ Գ. Սարգսյանը տեղեկացրեց, որ «Արդարություն» դաշինքում պատրաստվում են քննարկել խորհրդարանական ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու հարցը. «Հաշվի առնելով, որ սահմանադրական հանրաքվեն նախատեսված է հոկտեմբեր ամսին եւ այդ գործընթացը կառավարելու անհրաժեշտություն կա, այդ հարցը մենք առաջիկայում լրջորեն կքննարկենք»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ