ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանի զարգացումներով Իսկ Ադրբեջանի ընդդիմությունն այսօր նորից դուրս է գալու հանրահավաքի «Եվրամիությունը անհանգստացած է մայիսի 21-ին Բաքվում տեղի ունեցած միջադեպերով եւ ոստիկանության կողմից իրականացված բռնություններով, որոնց թիրախ են դարձել ընդդիմությունն ու լրագրողները այդ օրը տեղի ունեցած ակցիաների ժամանակ»,- ասված է այդ կազմակերպության հայտարարության մեջ: «Եվրամիությունը կրկնում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր դիմումը, որտեղ կոչ էր արվել ապահովել ժողովներ անցկացնելու ազատությունը՝ այն հույսով, որ հետագա քաղաքական ակցիաները չեն ցրվի»: «Եվրամիությունը նաեւ հույս է հայտնում, որ ընդդիմությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ցույցերն ու հանրահավաքները անցնեն խաղաղ պայմաններում: ԵՄ-ն ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների զարգացումներին»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ: Մայիսի 21-ին Բաքվում ընդդիմության նախաձեռնած ցույցից հետո եղել էին ձերբակալվածներ, բայց Հելսինկյան քաղաքացիական միջազգային ասամբլեայի Ադրբեջանի համանախագահ Արզու Աբդուլլաեւան երեկ «Առավոտին» հայտնեց, որ նրանք բոլորն էլ ավելի ուշ ազատ են արձակվել: Տիկին Աբդուլաեւան մեզ հետ զրույցի ժամանակ գոհունակություն հայտնեց, որ Բաքվի դատարաններից մեկում, որտեղ դատում էին ցույցի մասնակիցներից մի քանիսին, դատավորն աննախադեպ որոշում է ընդունել եւ հենց դատարանի դահլիճից նրանց ազատ է արձակել՝ հայտարարելով, որ ինքն այդ մարդկանց արարքի մեջ օրինախախտում չի տեսնում: Այդուհանդերձ, եղել են մարդիկ, ովքեր ընդդիմության ցույցին մասնակցելու համար խուլիգանության, հասարակական կարգը խախտելու մեղադրանքներով ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանքների կամ 3-10 օրվա վարչական կալանքի, թեեւ, մեր զրուցակցի ասելով, նրանցից ոչ ոք իր պատիժը իրականում չի կրել: Իհարկե, ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից ոչ մեկը չի մասնակցել մայիսի 21-ի ցույցին: Ա. Աբդուլաեւայի փոխանցմամբ, ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական դաշինքի համակարգող խորհուրդը որոշում է կայացրել, որ առաջնորդները առաջիկա հանրահավաքներում հանդես չգան՝ դա բացատրելով իշխանությունների նկատմամբ անվստահությամբ եւ ընդդիմադիր առաջնորդների ձերբակալության վտանգով: Չնայած եվրոպական կառույցների հորդորներին, Ադրբեջանի ոստիկանությունը երեկ դարձյալ հայտարարել է, որ կասեցնելու է ընդդիմության չարտոնված հանրահավաքները, որոնցից մեկն էլ այսօր պետք է տեղի ունենա: Ընդդիմությունն էլ իր հերթին է հայտարարել, թե՝ մտադիր չէ հրաժարվել իր այդ նախաձեռնությունից: «Թեեւ ոստիկանությունը վճռական է տրամադրված, բայց դա ժողովրդին չի կանգնեցնում»,- վստահեցրեց Ա. Աբդուլաեւան: Նա հույս հայտնեց, որ չնայած ընդդիմության համար ստեղծված անբարենպաստ պայմաններին, առաջիկա ընտրությունները կարող են անցնել ժողովրդավարական չափանիշներով: «Հույսը վերջինն է մեռնում»,- ասաց ադրբեջանցի հասարակական գործիչը՝ հավելելով, որ Ադրբեջանում նորմալ ընտրությունների համար անհրաժեշտ նախապայմանների եւ մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ ակտիվորեն են աշխատում հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները, նաեւ՝ միջազգային կառույցները: Ն. Մ.