ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պնդեցին եվրոպացի պաշտոնյաները ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված՝ «Ժողովներ անցկացնելու ազատություն. օրենսդրություն եւ կիրառում» թեմայով կլոր սեղանի ընթացքում: Քննարկումների առանցքում «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն էր, որն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ: Փորձագետները նշել են, թե փոփոխությունների նախագծում կան էական բարելավումներ, բայց այնուամենայնիվ պահպանվել են որոշ մտահոգություններ՝ մասնավորապես զանգվածային միջոցառումների համար արգելված 7 տարածքների (նախագահի նստավայր, Հանրային հեռուստաընկերություն եւ այլն), դրանցից որոշակի հեռավորության վրա միայն ցույցեր անցկացնելու եւ ինքնաբուխ հավաքների առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիաննի Բուքիքիոն: Իսկ ելույթում նա ընդգծեց, թե հավաքներ անցկացնելու իրավունքի՝ Հայաստանում լիարժեք ճանաչվելու տեսանկյունից չափազանց կարեւոր է օրենքի ճիշտ կիրառումը. «Բրիտանացիներն ասում են, որ պուդինգի ապացույցն ուտելու մեջ է: Այսինքն՝ կարելի է ունենալ լավագույն օրենքն աշխարհում՝ բայց այն պետք է կիրառվի»: Այս առնչությամբ՝ Վենետիկի հանձնաժողովը խիստ կարեւորում է մի քանի շաբաթից ԵԽ-ի կողմից Հայաստանի ոստիկանության համար կազմակերպվելիք դասընթացները, որոնց կհետեւեն նաեւ այլ միջոցառումներ: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի նախագահ, դեսպան Քրիստիան Ստրոհալը նշեց, որ չնախատեսված զանգվածային հավաքների դեպքում երկրի իշխանությունները չպետք է միջոցներ ձեռնարկեն սահմանափակումներ կիրառելու համար՝ նրանք պետք է նպաստեն, որ ցույցը խաղաղ անցնի: Զանգվածային միջոցառումները պետք է լինեն «խաղաղ, կարգապահ՝ առանց բռնության կոչերի, սակայն առաջնայինը ազատությունն է, իսկ սահմանափակումները պետք է լինեն բացառություններ, որոնք ուղղված կլինեն օրինապահության ապահովմանը»: ԵԱՀԿ փորձագետ Մայքլ Համիլթոնը նույնպես շեշտեց, թե «կանոնը հավաքներ կազմակերպելու ազատությունն է, իսկ սահմանափակումները պետք է լինեն բացառություններ»: Նաեւ նշեց, թե սահմանափակումների նպատակը պետք է լինի հավաքի կազմակերպմանը հնարավորինս օժանդակելը: Եվ որոշակիացրեց, թե սահմանափակումները կարող են վերաբերել երաժշտությանը, ալկոհոլի օգտագործմանը կամ նրան, թե ո՛ր մայթով պիտի քայլեն ցուցարարները. «Սակայն այդ բոլոր սահմանափակումները պետք է թույլ տան, որ միջոցառումը հասնի նպատակին»: Մայքլ Համիլթոնն ընդգծեց, թե իրավապահ մարմինները կարող են ուժ գործադրել միայն ծայրահեղ դեպքերում: ԵԱՀԿ մյուս փորձագետը՝ Նիլ Ջարմանն ավելի հեռուն գնաց եւ հայտարարեց, թե ոստիկանության ներկայացուցիչները զանգվածային միջոցառումների ընթացքում պետք է լինեն նվազագույն քանակությամբ եւ մնան հեռավոր, անտեսանելի վայրում, որ ագրեսիա չառաջացնեն զանգվածային միջոցառումների մասնակիցների մոտ: Փորձագետն ասաց, որ հիմա շատ երկրներում արդեն անցած են համարվում պլաստիկ գնդակների, էլեկտրաշոկերի ու այլ միջոցների ժամանակները: Նիլ Ջարմանը նաեւ տեղեկացրեց, որ շատ երկրներում ոչ օրինական ցույցերի անցկացումն էլ չի խոչընդոտվում՝ հետագա լարվածությունից խուսափելու համար: Քննարկմանը ներկա էին նաեւ ընդդիմության հանրահավաքների անցկացումը մերժող կամ նրանց դեմ ուժ կիրառող մարմինների ներկայացուցիչները: Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ 2004-ին քաղաքապետարանին ներկայացվել է 68 միջոցառում անցկացնելու հայտ՝ մերժել են միայն 8-ի անցկացումը: Իսկ 2005-ին, ըստ Գագիկ Բաղդասարյանի, Երեւանի քաղաքապետարանին իրազեկվել է 35 միջոցառում անցկացնելու մասին, որոնցից մերժել են միայն 4-ը: Այս թվերի արժանահավատության լակմուսի թուղթ դարձավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի բացահայտումը, որը քաղաքապետարանի տվյալներն ամփոփող փաստաթղթում նկատեց, որ նշված է, թե արտոնվել է «Ա1+»-ի երթը՝ 2005-ի ապրիլի 2-ին, մինչդեռ քաղաքապետարանն արգելել էր այն: Օրենքը հնարավորություն է ընձեռում չթույլատրել զանգվածային միջոցառման անցկացումը, եթե «առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում միջոցառման անցկացումն իրական (ռեալ) վտանգ է սպառնում անձանց կյանքին կամ առողջությանը»: «Ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանը փորձեց պարզել, թե ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետարանը գնահատում, որ, ասենք, 3 օր հետո «ռեալ վտանգ» կարող է սպառնալ մարդկանց առողջությանը: Քաղաքապետի ներկայացուցչի պարզաբանումներից հայտնի դարձավ, որ քննարկումներ են անցկացվում «համապատասխան կառույցների հետ» եւ նրանք են խորհուրդ տալիս արգելել: Ընդ որում, երբ ներկաները փորձեցին պարզել, թե արդյոք այդ խորհուրդները ստանում են ոստիկանությունի՞ց՝ Գագիկ Բաղդասարյանը հայտարարեց, թե կարծիք են հարցնում իրավաբաններից, մամուլի ներկայացուցիչներից… Մինչդեռ չենք հիշում, թե որեւէ ցույց են արգելել՝ վկայակոչելով լրատվամիջոցի կարծիքը: Վարդան Պողոսյանն օրենքի այս դրույթն անվանեց ավելորդ. «Որեւէ մեկը Նոստրադամուս չէ»: Քննարկման ավարտին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը խոստացավ, թե օրինագիծը երկրորդ ընթերցման ներկայացնելիս «կարվեն մի քանի փոփոխություններ»: Արդյոք դրանց մեջ կլինի՞ նաեւ «համապատասխան կառույցների» նոստրադամուսների միջամտությունը բացառող նախաձեռնություն՝ հայտնի չէ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Նշենք, որ «Կոնգրես» հյուրանոցի դիմաց, ուր անցկացվում էր քննարկումը, այդ ընթացքում խաղաղ ցույց էին անում Հյուսիսային պողոտայի բնակիչները՝ «Պարոն նախագահ՝ դուք խլեցիք իմ տունը եւ ունեցվածքը» եւ «Պահանջում ենք արդարացի փոխհատուցում» կարգախոսներով: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ փոխհատուցում տրամադրողները չէին մասնակցում այս կլոր սեղանին: Իսկ եվրոպացի փորձագետներն այս ամենը տեսնելով՝ ընդամենը կարող էին ենթադրել, թե Հայաստանում իբր հարգվում է ցույցեր անելու իրավունքը: