Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 04,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնութերորդ

ՏՐԱՍՍԻ ՏԱՏՅԱՆԱՆԵՐԸ

Երբ հասա «Իվերիա», արդեն գինով էի, ու երբ ադմինիստրատորին հարցրի, թե ոնց կարող եմ տեսնել Սոֆիկոյին, ասաց, որ Սոֆիկոն, ինչպես միշտ, հինգերորդ հարկում է, եւ երբ ադմինիստրատորին ասացի, որ Սոֆիկոյի ծանոթներից եմ, ինքն ինձ լիֆտը ցույց տվեց եւ, փաստորեն, թույլ տվեց բարձրանալ հինգերորդ հարկ, բայց ես ոչ թե լիֆտով, այլ աստիճաններով բարձրացա եւ էդպիսով ժամանակ էի ուզում շահել, քանի որ հոգեբանորեն անպատրաստ էի Սոֆիկոյի հետ առերեսմանը եւ երբ արդեն հինգերորդ հարկի միջանցքով խորանում էի, ականջիս կանացի ինչ-որ ծղրտոց հասավ, եւ երբ շրջվեցի, տեսա՝ Սոֆիկոն էր, ու մինչ կմտածեի՝ ինչ ասեմ, ինքն ինձ վրացերեն ինչ-որ բան ասաց եւ տեսնելով, որ չեմ հասկանում, ռուսերեն ասաց.

– Ո՞ւմ մոտ եք գնում, երիտասա՛րդ:

– Ոչ մեկի մոտ էլ չեմ գնում,- կմկմացի ես:

– Ինչպե՞ս թե՝ ոչ մեկի մոտ չեք գնում. ինչքան գիտեմ՝ դուք էս հյուրանոցի ապրող չեք, չէ՞,- զարմացավ նա:

– Ես հենց ձեզ էի ուզում տեսնել,- ասացի ես:

– Ինձ ճանաչո՞ւմ եք,- հարցրեց Սոֆիկոն:

– Հա՛. ութ տարի առաջ էս հարկում ապրել եմ,- ասացի ես:

– Հազարավոր մարդիկ են էս հարկում ապրել. ես ո՞ր մեկին հիշեմ,- ասաց Սոֆիկոն:

– Ես հայ եմ: Ուսանող ժամանակ ընկերոջս հետ հենց էս հարկում ենք ապրել,- ասացի ես:

– Հայեր էլ են հազարներով էկել ու գնացել: Մեջները համ շնորհքով մարդիկ են էղել, համ էլ՝ անշնորհք. ես ո՞ր մեկին հիշեմ,- ասաց Սոֆիկոն:

– Հասկանալի է,- ասացի ես:

– Երեւի ուզում եք էս հյուրանոցում տեղավորվել, հա՞,- հարցրեց Սոֆիկոն:

– Հա,- ասացի ես:

– Տեղավորվելու հարցով ադմինիստրատորին պիտի դիմեք,- ասաց Սոֆիկոն:

– Պարզ է,- ասացի ես.- կփորձեմ:

– Փորձեք,- ասաց Սոֆիկոն:

– Ինձ կներեք,- ասացի ես:

– Ներելու բան չկա: Դո՛ւք ինձ ներեք, որ ձեզ տեղը չեմ բերում: Համաձայնվեք, որ էսքան հյուրերի մեջ ուղղակի անհնար է կոնկրետ մեկին հիշել, մանավանդ՝ ութ տարի անց: Չնայած պիտի խոստովանեմ, որ ձեր դեմքը ծանոթ է:

– Ես ձեզ լավ եմ հիշում,- ասացի ես:

– Դուք ինձ իհա՛րկե կհիշեք,- ժպտաց Սոֆիկոն,- ես մի հոգի եմ, դուք՝ հազարավոր:

– Դե լավ, առայժմ,- ասացի ես:

– Առայժմ,- ասաց Սոֆիկոն.- ադմինիստրատորի հետ փորձեք լեզու գտնել. ինքը միշտ էլ զապաս համարներ ունենում է: Բայց չասե՛ք, որ ես եմ ձեզ ասել:

– Չե՛մ ասի,- խոստացա ես:

– Փորձեք հետը լեզու գտնել,- ասաց Սոֆիկոն:

– Մի բան կանեմ,- ասացի ես:- Առայժմ:

– Առայժմ,- ասաց Սոֆիկոն:

Երբ աստիճաններով իջա առաջին հարկ, ադմինիստրատորն ինձ տեսնելով՝ հարցրեց.

– Հը՞, Սոֆիկոյին գտա՞ք:

– Հա,- ասացի ես:- Շնորհակալություն:

– Խնդրեմ,- ասաց ադմինիստրատորը:

Ես Ռուսթավելիով վերստին շարժվեցի դեպի Գրողների միություն: Շատ դանդաղ էի գնում, որովհետեւ իմ տրամադրության տակ կես ժամից ավելի ժամանակ կար, եւ ես շատ խաղաղ ու հանգիստ էի ու Սոֆիկոյից չճանաչվելս էլ շատ բնական ու տրամաբանական էի համարում եւ վերստին խաղաղված ու հանգստացած էի, ու «վերստին» եմ ասում, որովհետեւ նախքան «Իվերիա» մտնելս, հիշում եմ, շատ հուզված ու շատ լարված էի, եւ էդ հուզմունքս ու լարվածությունս շարունակվում էին Սոֆիկոյի հետ դեմ առ դեմ հանդիպմանս ողջ ընթացքում, ու հիմա որ մտածում եմ, ոչ միայն չեմ զարմանում, որ ինքն էն ժամանակ ինձ չհիշեց ու տեղը չբերեց, այլեւ հասկանում եմ, որ էդ օրվա իմ ու իր հանդիպումն ավելի արդյունավետ չէր էլ կարող լինել:

Մի խոսքով, ութսունմեկին ես միանգամայն ջահել ու միանգամայն ռոմանտիկ տղա էի, եւ բանաստեղծն էլ մեջս արդեն հիմնավոր կար, եւ իմ ներսի բանաստեղծը միանգամայն բանաստեղծորեն էր տեսնում Թիֆլիսը, Սոֆիկոյին ու ամեն ինչ:

Երբ հասա Գրողների միություն, մայթին կանգնած մեր «Իկարուսն» արդեն կիսով լիքն էր ռուս ու շեղաչ բանաստեղծներով ու բանաստեղծուհիներով, եւ երբ մտա Ջանսուղի կաբինետ, եւ երբ Ջանսուղն ինձ ասաց՝ «Արմեն, արդեն անհանգստանում էի, ավտոբուսը հինգ րոպեից շարժվում է», ես ինձ շատ լավ զգացի, որ Ջանսուղն անունս հիշում է, եւ ընդհանրապես տրամադրությունս ահագին բարձր էր, որովհետեւ արդեն տեսել էի Սոֆիկոյին, ու բեղավոր բիձուկի անմահական գինին էլ դեռեւս իրենն ասում ու անում էր:

Մեր «Իկարուսը» շարժվեց, եւ շուտով մենք արդեն Թիֆլիսից դուրս էինք, ու չնայած իմ կյանքում ես մի քանի անգամ Վրաստանը գնացքով կտրել-անցել էի, բայց ավտոբուսով էդ բանն առաջին անգամ էի անում, ու դրանում ոչ մի արտառոց բան չկար, եւ եթե սարերի փեշերին մեկումեջ բուսնող եկեղեցիներից երկուսի մոտ Ջանսուղը մեր «Իկարուսը» չկանգնեցներ, ու ես էլ էդ եկեղեցիների պատերի վրացական գրերը չտեսնեի, պիտի կարծեի, թե դրանք բոլորն էլ հայկական են:

Մեր «Իկարուսն» ինչպես կիսադատարկ տեսել էի, էդպես կիսադատարկ էլ շարժվում էր դեպի Քութայիս, էնպես որ՝ յուրաքանչյուրիս երկու նստարան էր բաժին հասել, եւ իմ բաժին երկու նստատեղերի լայնքով մենմենակ ու կիսափռված ճանապարհ էի գնում, ու բոլորս էլ էդպես ազատ էինք նստած, ու միայն իմ առջեւի երկու նստատեղերին էին երկու հոգի նստած՝ մեկը բանաստեղծուհի Տատյանա Բեկն էր, մյուսը՝ Տատյանա Բրիկսինան՝ նույնպես բանաստեղծուհի, եւ ես առաջին Տատյանայի անունն ու ազգանունն անսխալ հիշում եմ, որովհետեւ ինքն էդ օրերին արդեն բավական հայտնի բանաստեղծուհի էր եւ հաճախ էր տպագրվում «Լիտգազետայում», իսկ երկրորդ Տատյանայի անունն ու ազգանունը պարզապես չեմ կարող չհիշել, որովհետեւ Մայակովսկու էդ պոեզիայի տոնից երկու տարի անց՝ սեպտեմբերի մեկին ես ու Բրիկսինա Տանյան արդեն կողք-կողքի էինք նստած Մոսկվայի Գորկու ինստիտուտի գրական բարձրագույն կուրսերի մեր լսարանում:

Տատյանաներից առաջինը հաստատապես էր հրեուհի, իսկ երկրորդի հրեուհի լինելն առաջին անգամ մտքովս անցկացրի Թամազի բռնվելու հենց էն երեկոյան, երբ Գորկու ինստիտուտի հանրակացարանի մեր հանգստի սենյակում տղերքով դոմինո էինք խաղում, իսկ Տանյան էլ «Վրեմյան» էր նայում, եւ երբ Սոկոլով Սաշան ինձ ու Թամազին անվանեց «լիցո կավկազսկոյ նացիոնալնըստի», Բրիկսինա Տանյան ինձ հետ եւ նույնիսկ ինձանից առաջ լքեց հանգստի մեր սենյակը՝ զզվանքով Սոկոլովի երեսին բարձրաձայն շպրտելով Սոկոլովին սազական ճշգրիտ բառը՝ զառազա:

Եվ ահա, ութսունմեկի հուլիսին ես ու Տանյա Բրիկսինան՝ դեռեւս իրարից, Սոկոլովից ու ընդհանրապես մեր ապագայից անտեղյակ, միեւնույն «Իկարուսով» ուղղություն էինք վերցրել դեպի Քութայիս, եւ ես հայացքս «Իկարուսի»՝ ինձնից աջ պատուհանին էի գամել, իսկ ձախ ականջովս տեւականորեն ու շարունակաբար կլանում էի երկու Տատյանաների անընդհատ քչփչոցները, եւ շատ չանցած՝ ես արդեն հստակ գիտեի Մայակովսկու անվան էդ, ուրեմն, մրցանակաբաշխության արդյունքները եւ ապագա մրցանակակիրների անուններն ու ազգանունները. առաջինն Էնվեր Նիժարաձեն էր, երկրորդը՝ Մարինա Կուդիմովան, եւ երրորդը՝ ղազախ Ասլանբեկ Աբդուռահմանովը, եւ, ինչպես քիչ անց Տատյանաների քչփչոցից պարզ դարձավ, Ասլանբեկը մեր «Իկարուսի» հենց առաջին նստարաններին փռված հաստավիզն ու հաստագլուխն էր, եւ հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ մեր Հայաստանում էդ արտաքինով սովորաբար ոչ թե բանաստեղծ են դառնում, այլ՝ առնվազն մսավաճառ:

Այդուհանդերձ, Տատյանաների անընդհատ քչփչոցն ապագա մրցանակակիրներից հիմնականում Մարինա Կուդիմովայի դեմ էր, որովհետեւ հենց Մարինան էր Տատյանաներից մեկի, ավելի ճիշտ՝ Բեկի փայ մրցանակին տիրանալու, իսկ թե ինչո՞ւ էր էդ մրցանակը Տատյանա Բեկի փայը, ես էդպես էլ չհասկացա, չնայած ականջս իրենց էդ քչփչոցներից չէի կտրում, ու ընդամենն էն պարզեցի, որ հանուն էդ մրցանակի Տատյանա Բեկը բարեհաճել էր վրաց մի քանի դասականների բանաստեղծությունները ռուսերեն թարգմանել:

Եվ քանի որ Տատյանաները շարունակ Ասլանբեկի կողմն էին նայում, ինձ համար նաեւ պարզ դարձավ, որ Էնվերն ու Մարինան մեր «Իկարուսում» չեն, եւ «Իկարուսում» գտնվող միակ մրցանակակիր Ասլանբեկն էնքան ինքնավստահ էր առաջին նստարաններին փռվել, որ եթե Տատյանաների քչփչոցներին ականջս պահած չլինեի էլ, երեւի ինքնուրույն էլ գուշակեի, որ հենց ի՛նքն է ապագա մրցանակակիրներից մեկնումեկը:

Էլի, փաստորեն, ժամանակներն իրար խառնեցի եւ պիտի խոստովանեմ, որ էդ խառնելն էլի ինքնաբերաբար ստացվեց, քանի որ իմ էս շեղումն ուղղակիորեն կապվում է իմ բանակի ընկեր Բախվա Բուրչուլաձեի հետ, եւ, եթե հիշում եք, ես պատմելով եկել-հասել էի էն պահին, երբ Բախվան բախեց նկարչական արհեստանոցիս դուռն ու միանգամայն ներդաշնակորեն միաձուլվեց մեզ, եւ միանգամայն տրամաբանորեն ինձանից պահանջվում էր նկարագրել ու գրել բանակային իմ առաջին օրերի իրադարձություններն ու դեպքերի ընթացքը՝ ընդհուպ Սահմանադրության օրվա մեր նվագախմբի պրեմիերան ու յոթիս մուտքն ընդհանուր կազարմա, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, ես արդեն որոշակիորեն սկսում էի հասկանալ, որ, թեպետ դիալոգները գրական երկի օզոն պարունակող մասերն են, այդուհանդերձ, իմ բանակային ու բանակագրական երկխոսություններն արդեն սկսել էին ձանձրույթ պատճառել ձեզ, ու ես դա ճիշտ ժամանակին զգացի, որովհետեւ էդ երկխոսություններն արդեն ինձ էլ էին սկսել ձանձրացնել, ու ես հիմա, յոթանասունչորսի դեկտեմբերի երկուսի Բախվայից թռնելով, մանրից մեր «Իկարուսով» ահա-ահա մոտենում եմ ու շատ շուտով կհասնեմ ութսունմեկի հուլիսի տասնիննի Բախվային, ու ես դա միանգամայն հանգիստ խղճով եմ անում, որովհետեւ յոթանասունչորսի դեկտեմբերի երկուսից մինչեւ դեկտեմբերի հինգի Սահմանադրության օրվա մեր պրեմիերան զինվորական յոթ երաժիշտներիս կյանքում որեւէ էական բան տեղի չունեցավ, ու ես, որպես ժամանակին բազում սերիալներ թարգմանած ու սերիալների բովանդակային կողմերին միանգամայն տեղյակ անձնավորություն, կարող եմ եւ ինձ իրավունք եմ վերապահում ժամանակների վրայով էսպես հետուառաջ վազվզել, բայց, այդուհանդերձ, չնայած խորքանց ուսումնասիրած ունեմ զանազան սերիալների ու դետեկտիվների մեխանիզմների կառուցվածքային հիմնական գաղտնիքներն ու ձեւերը, այդուհանդերձ, մի շատ էական հարցում ու բնավորությանս մի շատ էական կողմով որոշակիորեն տարբեր եմ զանազան սերիալների եւ, ուրեմն, դետեկտիվների հիմնական հեղինակներից, ու նրանցից իմ տարբերությունը հիմնականում այն է, որ ես, ի տարբերություն իրենց, չափից դուրս անհամբեր եմ եւ շատ հաճախ իմ իսկ անհամբերության պատճառով շրջանցում եմ իմ իսկ հորինած եւ շարադրած դեպքերն ու իրադարձությունները, եւ եթե սերիալների ու դետեկտիվների արհեստավարժ հեղինակները, միանգամայն համբերատար շարադրելով դեպքերն ու սյուժեն, ճիշտ ժամանակին են հասնում հանգուցալուծմանը՝ դրանով իսկ հաճույք, զարմանք ու շարան-շարան սյուրպրիզներ մատուցելով երախտագետ ու երախտապարտ ընթերցողին ու հանդիսատեսին, ապա իմ անհամբերության պատճառով ինձ մոտ ճիշտ հակառակն է ստացվում. ես, փաստորեն, գլխանց բաց եմ անում խաղաթղթերս ու հենց վերջից եմ սկսում՝ ի լուր աշխարհի տեղեկացնելով, թե վերջում ինչ եղավ, ու հետո նոր միայն, վերադառնալով, սկսում եմ պատմել, թե ամեն ինչ ինչպես սկսվեց, ինչպես ընթացավ եւ ինչպես հասավ վերջին:

Այսուհանդերձ, բոլոր դեպքերում իրադարձությունների ու դեպքերի առաջնահերթությունն անպայման պիտի պահվի, այսինքն՝ եթե ես գրում ու պատմում եմ, թե ինչպես էի մեր էդ «Իկարուսով» Թիֆլիսից Քութայիս գնում, ես եւ դուք չպիտի մոռանանք, որ սա ընդամենը գրողական ու մարդկային զեղում է բուն նյութից, ավելի ճիշտ՝ Թիֆլիսից Քութայիս իմ մեկնելն ընդամենը հիշողություն է, իսկ բուն նյութս դեռեւս բանակիս կյանքն է, ավելի ճիշտ՝ բանակային կյանքիս առաջին մի քանի օրերը, չնայած, եթե այս ամենին ըստ էության մոտենանք, իմ բանակի օրերն էլ են, փաստորեն, հիշողություն, ընդ որում՝ անհամեմատ հին ու անհամեմատ խորը հիշողություն, քան, ասենք, Տատյանաների ու Ասլանբեկի հետ միեւնույն «Իկարուսով» Թիֆլիսից Քութայիս մեկնելս է, բայց, էլի եմ ասում, դեպքերի առաջնահերթության խնդիր կա, եւ էդ խնդրի առկայությունն ինձանից պահանջում է, որ ես ու իմ համբերատար ընթերցողն առանձնապես երկար չլռվենք Թիֆլիս-Քութայիս տրասսի վրա եւ չափից ավելի չտարվենք Տատյանաների քչփչոցներով:

Իմ ու ձեր բախտից, էդ տրասսը բավական լավ վիճակում էր, եւ մեր «Իկարուսն» էլ շատ փափուկ ու շատ մեղմ էր առաջանում, եւ գիշերվա գնացքի քունս էլ միանգամայն կիսատ էր, ու Բեղավոր Բիձուկի գինին էլ էր մեջս ծեքծեքում, ու նմանապես ծեքծեքում էին ցերեկվա Թիֆլիսն ու Սոֆիկոյի մերթ մշուշվող ու մերթ հստակվող դիմագծերը, ու եթե էդ ամենին ավելացնեմ նաեւ մեր «Իկարուսի» նստարանների փափկությունն ու Տատյանաների միալար քչփչոցը, ձեզ համար միանգամայն հասկանալի կդառնա, որ Թիֆլիս-Քութայիս տրասսի վրա ես չէի կարող չքնել եւ, ուրեմն, քնեցի, ընդ որում՝ միանգամայն խոր ու տեւական քնով:

Արթնացա Տատյանաների քչփչոցների տոնայնության կտրուկ փոփոխությունից եւ Քութայիսի ուժեղ լույսերից, որովհետեւ արդեն լավ մթնել էր, ու մեր «Իկարուսն» էլ ոչ թե իր կայուն ու փափուկ ընթացքն էր շարունակում, այլ Քութայիսի «Գրուզիա» հյուրանոցի դիմաց իր հիմնական ու վերջնական տեղն էր ճշտում:

Ջանսուղն ասաց, որ կես ժամից ընթրիքի ենք, եւ մեր էդ առաջին ընթրիքը տեղի էր ունենալու նույն էդ հյուրանոցի ռեստորանում, ու ես, ստանալով միտեղանոց համարիս բանալիները, բարձրացա համար, լվացվեցի, թարմացա ու կես ժամից իջա ռեստորան:

Ընթրիքի սեղանի գլխին Եվտուշենկոն էր՝ յուր դեռատի ու հերթական տիկնոջ հետ, եւ, ինչպես Տատյանաներից իմացա, սիրունատես իռլանդուհին ու ինքը ընդամենը մի քանի ամսվա ամուսիններ էին, եւ, փաստորեն, չափազանց բարձրահասակ ու չափազանց հանրահայտ բանաստեղծն իր հերթական մեղրամիսն ու իր հերթական տոնը մեկին մեկ համապատասխանեցրել էր Մայակովսկու էդ, ուրեմն, պոեզիայի տոնին, եւ, ըստ Տատյանաների, նորապսակները Մոսկվայից իրենց նոփնոր ու ճեփճերմակ «Զրո վեցով» էին եկել ու հասել Քութայիս, ու էդ ողջ ճանապարհին մեքենան վարել էր իռլանդուհին, որ ռուսերեն լավ էլ ճտպտում էր եւ, ըստ Տատյանաների, ոչ միայն ավտոմեքենա վարելու ու Եվտուշենկոյի գծով էր խորացած, այլեւ՝ ընդհանրապես ռուս գրականության:

Սովետի օրոք հաճախ պատահող բան չէր, որ կինն ավտոմեքենա վարեր, եւ մեր աչքերը դեռեւս վարժված չէին դրան, բայց երբ հաջորդ օրը նստեցի իռլանդուհու «Զրո վեցը», նոր միայն հասկացա, որ ոչ միայն հենց կինը պիտի ղեկին նստի, այլեւ ամուսնուն էլ պիտի կողքին նստեցնի, եւ հատկապես իրենց պարագայում դա շատ ավելի գեղեցիկ էր, քան՝ եթե հակառակը լիներ:

Ինչպես երեւում է, դեպքերից ու իրադարձություններից առաջ ընկնելն ինձ մոտ արդեն բնավորության գիծ է սկսում դառնալ: Ես ուղղակի պարտավոր եմ վերադառնալ «Գրուզիա» հյուրանոցի ռեստորան եւ անդրադառնալ մեր առաջին ընթրիքին հենց թեկուզ էն պարզ պատճառով, որ մեր էդ առաջին ընթրիքի ժամանակ առաջին անգամ տեսա Մարինա Կուդիմովային ու Էնվեր Նիժարաձեին, այսինքն՝ Մայակովսկու մրցանակաբաշխության հիմնական լաուրեատներին, ու «հիմնական» եմ ասում, որովհետեւ էդ երկուսն իրար կողքի էին նստած ու Ասլանբեկին էլ ընդգծված արհամարհանքով էին նայում, եւ «Իկարուսի» ինքնավստահ Ասլանբեկից, փաստորեն, բան չէր մնացել, ու իմ բախտն էլ բերել էր, որ էդ ընթրիքի ողջ ընթացքում Տատյանաների արանքում էի նստած, եւ Էնվերի, Մարինայի ու Ասլանբեկի հետ կապված էդ բոլոր նրբերանգները ոչ թե իմ տեսածն ու նկատածն են, այլ Տատյանաների շարունակական քչփչոցների չափազանց համառոտ բովանդակությունն են, ու իրենց էդ ռեստորանի քչփչոցներն ինձ առավել լսելի էին, քան՝ «Իկարուսինը», որովհետեւ էստեղ ես իրենց մեջտեղում էի նստած, ու իրենց էդ քչփչոցներն արդեն ինձանից թաքուն չէին, քանի որ երեքս էլ արդեն Թիֆլիս-Քութայիս բավական երկար ճանապարհի ընկերներ էինք, ու Բրիկսինա Տանյան էլ, միանգամայն անտեղյակ լինելով, որ ընդամենը երկու տարի անց նույն հանրակացարանում ենք ապրելու, ինձ արդեն Արմենչո էր ասում:

Ընթրիքի ընթացքում ես հասկացա, որ շատ տեսանելի ու երեւելի տեղ եմ նստած, ու Եվգենի Ալեքսանդրովիչի երրորդ կենացն արդեն ձախիս Տատյանայի՝ մոսկովյան բանաստեղծական շրջանակներում արդեն միանգամայն հայտնի Տատյանա Բեկի կենացն էր, ու Եվտուշենկոն Բեկի կենացը միանգամայն հաշվենկատորեն առաջարկեց խմել, որովհետեւ երեւի ինքն էլ էր ներքուստ զգում, որ էդ տարվա մրցանակն ավելի շուտ ու ավելի շատ հենց Տատյանային էր հասնում, քան՝ արդեն շուրջ տասնհինգ հազար տող վրացական պոեզիա թարգմանած ու սարքած Կուդիմովա Մարինային:

Առավոտյան, նախաճաշից անմիջապես հետո մենք նախ այցելեցինք Քութայիսի մերձակայքի եկեղեցիներից մեկը, իսկ այնուհետեւ շարունակեցինք ճանապարհն՝ ընդհուպ Մայակովսկու ծննդավայր Բաղդադի գյուղը, ու էդ ողջ ընթացքում ես ոչ թե մեր ընդհանուր «Իկարուսում» էի, այլ Եվգենի Ալեքսանդրովիչի ճեփճերմակ «Ժիգուլիում»՝ Մարինա Կուդիմովայի քիփ կողքին, իսկ Եվտուշենկոն, ինչպես միշտ, իր իռլանդուհու կողքին էր, եւ իռլանդուհին ինձանից վարժ ու ինձանից լավ էր ռուսերեն խոսում եւ, մեքենան վարելով հանդերձ, մասնակցում էր մեր բոլոր խոսակցություններին եւ մերթընդմերթ էլ շրջվում ու հաճելիորեն ժպտում էր ինձ, ու ես ինձ հրաշալի էի զգում, որովհետեւ դեռեւս առաջին օրն էր, ու դեռեւս չէի նկատել, որ չքնաղ իռլանդուհին անխտիր բոլորին է ժպտում:

Իրենց «Ժիգուլիում» ես հայտնվեցի միանգամայն անկախ իմ կամքից, եւ երբ եկեղեցու մոտ կանգառ արինք, ես Տատյանաներից արդեն խուսափում էի, քանի որ երկուսն էլ ինձ արդեն դավաճան էին համարում ու մեղավոր էլ չէին, որովհետեւ չէին տեսել ու չգիտեին, որ ոչ թե ես եմ ինձ գցել նրանց «Զրո վեցը», այլ Եվտուշենկոն ի՛նքն էր պարբրիսից ինձ ձեռքով արել ու հրավիրել իրենց ավտոմեքենա, ու շատ էլ հնարավոր էր, որ ինձ իրենց «Ժիգուլի» հրավիրելու բուն պատճառն էլ հենց էն էր, որ ես ռեստորանի նախորդ օրվա մեր ընթրիքի ողջ ընթացքում հանրահայտ ու հմայիչ Տատյանա Բեկի քիփ կողքին էի նստած եղել եւ, ուրեմն, անկախ ինձանից տեւականորեն գտնվել էի Եվտուշենոյի ու բոլորի տեսադաշտում, ու հիմա ես էս երկրորդական մանրուքներն ու մանրամասներն էսպես մանրակրկիտ ու հավեսով եմ հիշում ու նկարագրում, որովհետեւ հիմա արդեն գիտեմ ու հասկանում եմ, որ ընդհանրապես գրողական միջավայրում ու գրողական հարաբերություններում էս երկրորդական մանրուքներն ու մանրամասները շատ կարեւոր նշանակություն ունեն:

Եկեղեցուն հատկապես Մարինա Կուդիմովան էր ուշադիր նայում: Ինքը մանրամասն զննում էր պատերի վրացերեն գրությունները, ու ես էդ ամբողջ ընթացքում իր կողքին լուռումունջ կանգնած էի ու իրեն մենակ չէի թողնում, որովհետեւ Եվտուշենկոն ու իռլանդուհին Ջանսուղի հետ արդեն խորանն էին տնտղում, իսկ Մարինան մատներով շոշափում էր նախշազարդերն ու վրացերեն խուճուճ տառերը եւ, մերթընդմերթ շրջվելով ու ինձ նայելով, հարցնում էր՝ «գենիալնը, նե՞տ»: Ես, իհարկե, ամեն անգամ պատասխանում էի՝ «դա», քանզի զգում էի, որ վրացական Մայակովսկու էդ, ուրեմն, մոտալուտ լաուրեատն ի խորոց սրտի տենչում է, որ իրեն մրցանակ տվողները դարավոր ու չափազանց հարուստ մշակույթ ունեցած լինեն, եւ իր էդ երախտապարտ մոլուցքի մեջ նա շարունակում էր գուրգուրել էդ քարե վրացերեն խուճուճիկներն ու խոպոպիկները, ու ես էդ ամենի մեջ անբնական ոչինչ չէի տեսնում, մանավանդ որ՝ էդ պահի դրությամբ դեռեւս չգիտեի, որ Մարինան վրացերեն տառերն ընդհանրապես չգիտի ու իր էդ տասնհինգ հազար տող վրացական պոեզիան էլ ռուսերեն տողացիներից է թարգմանել ու սարքել: Այդուհանդերձ, Մարինայի հիացմունքի առարկան ինձ չէր հիացնում, որովհետեւ էդ եկեղեցին մեկին մեկ նման էր Ծաղկաձորի Կեչառիսին, ու Մարինան մերթընդմերթ ապշահար ինձ էր նայում ու երեւի շատ էր զարմանում, որ ես ոչ ապշում եմ ու ոչ էլ ցնցվում, քանզի անտեղյակ էր ու չգիտեր, որ հայերիս աչքը վերջնականապես է կուշտ ամեն տեսակ եկեղեցիներից:

Երբ մոտեցանք մեր «Զրո վեցին», իռլանդուհին արդեն ղեկին էր, իսկ Եվտուշենկոն «Իկարուսի» մոտ տաք-տաք ինչ-որ բան էր քննարկում Տատյանաների հետ, ու ես նկատեցի, որ Բրիկսինա Տանյան համարյա Եվտուշենկոյի բոյին էր, բայց ինքը բոյով ու խեղճ-խեղճ կանգնած էր, ու Տատյանա Բեկն էր Եվտուշենկոյի հետ տաք-տաք վիճում, եւ, ըստ ամենայնի, վեճը Մարինային փայ հասած էդ, ուրեմն, ապագա մրցանակի շուրջ էր, որովհետեւ «պրեմիա» բառը մի քանի անգամ լսեցի ու մի քանի անգամ նաեւ լսեցի, որ իմ տրասսի ընկերուհի Տատյանա Բեկը Եվտուշենկոյին Ժենյա է ասում, ու դա եւս մի ապացույց էր, որ էդ մոտալուտ մրցանակը հենց իրեն էր հասնում:

Իսկ Մարինան միայն Եվգենի Ալեքսանդրովիչ էր ասում, եւ երբ Եվտուշենկոն Տատյանա Բեկից ժամանակավորապես փրկվելով՝ նստեց իր իռլանդուհու կողքին, եւ երբ իռլանդուհին տեղից պոկեց ավտոմեքենան, Կուդիմովան վերջին անգամ եկեղեցուն նայելով՝ ասաց.

– Հանճարեղ է, չէ՞, Եվգենի Ալեքսանդրովիչ:

– Տանյա Բեկի՞ն նկատի ունես,- ժպտաց Եվտուշենկոն:

– Եկեղեցին նկատի ունեմ,- ասաց Մարինան:

– Հանճարեղը հանճարեղ է, բայց՝ նայած ում համար,- ասաց Եվտուշենկոն:

– Բացարձակ հանճարի արդյունք է,- ասաց Մարինան:

– Հեչ բան է, չէ՞, Արմեն,- շրջվելով ու ինձ խորամանկ ժպտալով՝ ասաց Եվտուշենկոն:

– Ո՞վ, Տանյա Բե՞կը,- հարցրի ես:

Իռլանդուհին Եվտուշենկոյին ոչ Եվգենի Ալեքսանդրովիչ էր ասում եւ ոչ էլ Ժենյա, այլ միայն՝ Ժենիչկա, եւ երբ ես հարցրի՝ «ո՞վ, Տանյա Բե՞կը», իռլանդուհին ամուսնուն ասաց.

– Զգուշացի՛ր, Ժե՛նիչկա, մեր մեքենայի սալոնում քեզանից հումորով մարդ կա:

– Հումորը տեղն է, համաձայն եմ, բայց մրցանակն էն հաստագլուխ ղազախին են տալու,- ասաց Ժենիչկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել