Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է միջին վիճակ հայերենում

Հունիս 04,2005 00:00

Կարծիք է հայտնում «Հայ FM» ռադիոկայանի
հաղորդավար Արամ Չախոյանը – Ռադիոյի համար խիստ կարեւոր է բանավոր խոսքը,
որն այսօր հատկապես ուղիղ եթերի ժամանակ խիստ աղավաղվում է: Հանրային ռադիոյի ավանդական
գրական հայերենի կողքին առավել ընդունելի եւ մեծ լսարան ունեցող ռադիոկայանները չեն
հաջողում պահպանել հայերեն գրական խոսքը: – Ցանկացած հաղորդավար երեք հիմնական
առաջադրանք է կատարում՝ կրթել-դաստիարակել, տեղեկացնել եւ զվարճացնել: Կարեւոր է
հաղորդավարի բառապաշարը, որը պիտի հարուստ լինի: Նկատի չունեմ, թե պետք է խոսել չափազանց
գրական, քանի որ նման փորձ արվել է եւ այն իրեն չի արդարացրել: Եղավ մի շրջան, որ
անցանք բացարձակ գրական հայերենի, բայց դա չգործեց: Նույն ավանդապաշտ Անգլիայում
Վալտեր Սկոտի, Բայրոնի գործածած գեղեցիկ անգլերենի կողքին այսօր կա ժամանակակից անգլերեն
ժարգոն, որը գործածում են երիտասարդները եւ որը միեւնույն ժամանակ գործածելի եթերային
լեզու է: Երիտասարդությունն ունկնդիրների բավական մեծ բանակ է կազմում եւ պատահական
չէ, որ ամենաառաջադեմ ռադիոն առաջին հերթին հետաքրքիր է երիտասարդությանը: Եվ տուրք
տալով այդ լսարանի պահանջներին՝ այսօր թե՛ երաժշտական նյութը, թե՛ եթերային խոսքը,
շատ դեպքերում անցնում են բոլոր ընդունելի չափերը: Ո՞րն է մեր երկրի լեզվական
հիմնական խնդիրը: Հայերենը չունեցավ անցումային շրջան, այսինքն մենք չունենք գործածելի
եւ ընկալելի եթերային հայերեն, որը ե՛ւ երիտասարդները, ե՛ւ տարիքով մարդիկ, ովքեր
ժամանակին դաստիարակվել են հանրային ռադիոյով մատուցած հայերենով, կարողանան նույնկերպ
ընկալել այդ լեզուն, որը չհնչի գռեհիկ եւ միեւնույն ժամանակ գրագետ լինի: –
Բայց այսօր այդ հայերենը չկա: Փաստը մնում է փաստ, որ կա գռեհիկ, փողոցի լեզու եւ
գրական հայերեն: – Այո՛: Գրական հայերենը թեեւ իսկապես շատ գեղեցիկ է, բայց
չունի այնպիսի բառեր, որոնք անհրաժեշտ են մեր առօրյայում: Արդյունքում ստիպված օգտագործում
ենք ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, նույնիսկ թուրքերեն բառեր: Օրինակ, չի թարգմանվում
ռուսերեն դի-ջեյ բառը, որը փորձել են թարգմանել նվագավար: Բայց դի-ջեյը ոչ նվագավարն
է, ոչ էլ հաղորդավարը: Այսինքն, լեզվի ադապտացում, որն անհրաժեշտ է նոր ժամանակներին
եւ նոր սերնդի լեզվամտածողությանը, չի իրականացվում: Մենք այսօր լուրջ խնդիր
ունենք: Հենց մեր ռադիոկայանի օրինակը բերեմ. 2-3 ժամ պարային երաժշտություն ես մատուցում,
սակայն քո խոսքը բացարձակապես չի համապատասխանում մատուցած երաժշտությանը: Կշեռքի
մի նժարին դրված է բացարձակ ժամանակակից տենդենց՝ ի դեմս երաժշտական նյութի, մյուս
կողմից՝ գրական հայերեն խոսք, որով անհնար է մատուցել եւ մեկնաբանել այդ երաժշտությունը:
Այսինքն, գրական հայերենով հնարավոր չէ պահել խոսքի եւ երաժշտության հավասարակշռությունը:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել