Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները վախենում են դպրոցից

Հունիս 04,2005 00:00

ԿԳՆ-ն շարունակում է ամեն օր բազմաթիվ բողոքներ ստանալ ծնողներից՝ դպրոցներում կազմակերպվող դրամահավաքի մասին:

Անցյալ տարի քաղաքապետարանը համապատասխան տույժեր է կիրառել այն դպրոցների տնօրենների նկատմամբ, որտեղից երեխաներ էին մասնակցել մեդալակիրների քննությանը եւ ստացել «0», «1» կամ «2» միավոր: Թե ինչ տույժեր էին դրանք, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նուրիջան Մանուկյանը մեզ հետ զրույցում չմանրամասնեց: Փոխարենն անցնող ուսումնական տարում աշխատանքից ազատել են 6 տնօրենների, ովքեր թույլ են տվել «Ֆինանսական եւ ուսումնադաստիարակչական բնույթի թերություններ եւ բացթողումներ»: Վարչության պետը խոստովանեց, որ դպրոցներում կանոնակարգված չէ թեկուզ դրամահավաքը, որ դրանք հաճախ վատնվում են ոչ նպատակային եւ դպրոցներում ֆինանսատնտեսական գործունեությունն ընդհանուր առմամբ թափանցիկ չի կազմակերպվում: «Նոր ուսումնական տարվա ընթացքում ուզում ենք, որ պետական մոտեցում ապահովվի, դրամահավաքները չլինեն, պետության կողմից տրվող սուղ ֆինանսական միջոցները նպատակային օգտագործվեն, ոչ թե փոշիացվեն (չեմ ասում՝ գողանան), կարող են վերցնել ու այնպիսի հիմար բան անեն, որ ընդհանրապես դպրոցին պետք չէ, իսկ ավելի հրատապ հարցերին ուշադրություն չդարձնեն: Պետք է վերահսկել, որ այդ գումարները խիստ արդյունավետ օգտագործվեն, եւ ծնողն էլ ազատվի այդ հոգսերից»: Վարչության պետին անհանգստացնում են որոշ դպրոցներից ստացած հատկապես տարեվերջին ահազանգերը, թե պարտադրում են փող հավաքել:

«Նախարարը խորհրդակցության է հրավիրել բոլոր մարզերի կրթության վարչության պետերին, եւ խորհրդակցության 90 տոկոսը նվիրվել է «Վերջին զանգին», որ դա ավանդական միջոցառում է, որ աշակերտները հոգեպես նախապատրաստված են այդ միջոցառմանը, դա արգելել չի կարելի, պետք է անպայման լինի, բայց լինի բովանդակային: Այդ սցենարներով շոուները, թատերականացված ներկայացումները ոչ մեկին պետք չեն»: Բացի այդ, ըստ Ն. Մանուկյանի, նախարարությունը դեմ է եղել ճոխ քեֆերին ու խնջույքներին: Սակայն ճոխությունների գնալը յուրաքանչյուր ծնողի գործն է: Պրն Նուրիջանյանը համաձայնեց այս պնդմանը եւս. «Ծնողները ասում են՝ իմ երեխան ավարտում է, կուզեմ՝ լավ հագուստ կվերցնեմ, կուզեմ՝ ամբողջ դասարանին կհյուրասիրեմ: Դա ուրիշ հարց է, բայց եթե դպրոցը որոշակի գումար է պահանջում, որ, ասենք, պետք է բերես 40 հազար դրամ… ես մի դպրոցից այդպիսի ինֆորմացիա ունեմ, որով պետք է զբաղվեմ: Եվ ամեն օր այդ աշակերտը վախով ու սարսափով է մտնում դպրոց, որ իրենից պետք է պահանջեն այդ գումարը»: Պրն Նուրիջանյանը կոնկրետ դպրոցի անուն չնշեց, միայն ավելացրեց հետեւյալը. «Հեռախոսով մի կին լաց է լինում, ասում եմ՝ գրավոր դիմում գրեք, բանավոր բողոքի հետքերով ես չեմ կարող գնալ, ասում է՝ ուզում եք Ոսկանյանը (դասղեկն է) թոռիս սպանի՞: Ամեն օր տասնյակ հազարավոր այսպիսի զանգեր ենք ստանում, անանուն զանգեր են սրանք, եւ ամենացավալին այն է, որ գնաս այդ դպրոց, այդ ծնողին գտնես, կասի՝ չէ, ես չեմ ասել, վախի, սարսափի վիճակում են ծնողները, դպրոցից վախենում են»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել