Սամվել Բաբայանը պաշտպանում է Ամուլյային
ԼՂ ժողովուրդը նախապատրաստվում է իր խորհրդարանական ընտրություններին, որը
կայանալու է հունիսի 19-ին: Մայիսի 16-ից սկսվել է քարոզարշավը եւ ամբողջ հանրապետության
շենքերի պատերը արդեն զարդարված են Հայաստանի հրատարակչություններում պատրաստված
եւ բավականին թանկարժեք ու ճոխ քարոզչական պաստառներով: Ստեփանակերտում կարելի է
տեսնել թեկնածուների քարոզչական «բուկլետներ», որոնք առաջարկվում են փողոցներում,
ցանկացած խանութում կարող են գնումների ժամանակ քեզ առաջարկել իրենց թեկնածուի բուկլետը:
22 մեծամասնական եւ 11 համամասնական ընտրակարգով առաջադրված է շուրջ 120 թեկնածու՝
տարբեր քաղաքական հոսանքներից եւ կուսակցություններից: Ամենաազդեցիկը այսօր Արցախում
համարվում է «ՀՅԴ-Շարժում 88»՝ ընտրությունների նախաշեմին ստեղծված դաշինքը, որը
նաեւ ամենաընդդիմադիրն է, որովհետեւ այստեղ են վերջերս իշխանություններից «նեղացած»
դաշնակցականները՝ հրաժարական տված կրթության նախարար Արմեն Սարգսյան, ԼՂՀ ԱԺ-ի մշտական
հանձնաժողովի փոխնախագահ Ալյոշա Գաբրիելյան, ինչպես նաեւ մշտապես ընդդիմադիր Մուրադ
Պետրոսյանը, «Դեմո» թերթի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, «Շարժում 88» կուսակցության
անդամ է նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Էդիկ Աղաբեկյանը (որը վերջերս ժողովրդավարական
ընտրությունների արդյունքում հաղթեց իշխանության թեկնածուին), վերջապես, այս դաշինքը
առաջնորդում է Արցախի հերոս, գեներալ-մայոր, «Արցախի պատերազմի վետերանների» միության
նախագահ Վիտալի Բալասանյանը, որը նույնպես վերջերս լուրջ հակասություններ ուներ իշխանությունների
հետ, որի արդյունքում նրան հեռացրին բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Բավականին
ակտիվ է գործում նաեւ ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը,
որում ընդգրկված են նաեւ ղարաբաղյան որոշ ձեռներեցներ եւ մտավորականներ՝ Ռուդիկ Հուսնունց,
Արայիկ Հարությունյան, Վարդգես Ուլուբաբյան, Արարատ Օհանջանյան եւ այլք: Նշված այս
երկու քաղաքական ուժերը ներկայացնում են ընդդիմադիր թեւը, չնայած Արցախում ոմանք
կասկածում են «Ազատ հայրենիք» կուսակցության լիդերների ընդդիմադիր լինելուն: Իշխանության
թեւը ներկայացնում է «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը, որում ընդգրկված
են ԼՂՀ ներկայիս նախարարներ, ԱԺ հանձնաժողովների նախագահներ, ինչպես նաեւ հանրապետության
շատ չինովնիկներ: Հետաքրքիրն այն է, որ փողոցներում մարդկանց հետ զրուցելիս զգացվում
է հայաստանյան քաղաքական ուժերի ազդեցությունը: Ըստ հարցումների, հայաստանյան իշխանություններին
ձեռնտու է, որ ԱԺ ընտրություններում մեծամասնություն կազմի ԼՂՀ իշխանությունների
կողմից հովանավորվող ԱԺԿ-ն, չնայած, ըստ որոշ լուրերի, ՀՀ պաշտպանության փոխնախարար,
գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը իր կապերով աջակցում է ընդդիմադիր դաշնակցականներին,
իսկ Սամվել Բաբայանը կարծես թե հեռահար պայմաններ է ստեղծում, որ ընտրություններում
մեծամասնություն կազմի նույն ընդդիմադիր թեւի այն հատվածը, որն իրականում անցել է
պատերազմի բովով: Հետաքրքիրն այն է, որ ղարաբաղյան ընտրություններում բավականին հետաքրքրություն
ունի Հայաստանի ԵԿՄ-ն, որն անգամ վարչության հայտարարությունն է ուղարկել Արցախ:
Բանակի նախկին փոխնախարար Արմեն Աբգարյանը՝ հանրաճանաչ «Ամուլյան», որը ԵԿՄ
վերջին համագումարում ընտրվեց նաեւ վարչության անդամ, Ղարաբաղում համարվում է Սամվել
Բաբայանի թիվ 1 մարդը եւ միաժամանակ նրա թեկնածությունը պաշտպանում է Հայաստանի երկրապահը:
Հիշեցնենք, որ 1993 թվականին Ա. Աբգարյանը ձերբակալվել էր տնտեսական բնույթի հանցագործության
համար: Ընտրապայքարի դուրս եկած թեկնածուներին կարելի է դասել երկու խմբի. փոխզիջումներով
ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման կողմնակիցներ՝ «Ազատ հայրենիք», «ԱԺԿ» եւ «ոչ
մի փոխզիջում»՝ ՀՅԴ, «Շարժում 88», գումարած նաեւ Սամվել Բաբայանի եւ ԵԿՄ-ի կողմից
հովանավորվող թեկնածուներ: («Առավոտին» տված հարցազրույցում Ս. Բաբայանը չներկայացավ
որպես ցանկացած փոխզիջման հակառակորդ-խմբ.): Ի տարբերություն Հայաստանի, Արցախում
հավատում են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններին: Ստեփանակերտի քաղաքապետի
ընտրության ժամանակ ժողովրդի այդ հավատն ամրապնդվեց: Մյուս կողմից էլ՝ կասկած կա,
որ եթե ընտրությունները կեղծվեն, ապա կկեղծվեն միայն ղարաբաղյան իշխանության կողմից,
այն էլ Հայաստանի իշխանությունների հրահանգով: Մասնավորապես, ըստ դիտորդների, ջանքեր
են գործադրվում, որպեսզի պատգամավորներ չդառնան Վիտալի Բալասանյանը եւ Արմեն Աբգարյանը:
ԱՆԱՀԻՏ ԱՅՎԱԶՅԱՆՍտեփանակերտ-Երեւան