Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառուցում են՝ ոչ ապագայի համար

Հունիս 04,2005 00:00

Մասնագետի կարծիքով, հավաքովի հիմնակմախքով
շենք կառուցելը վտանգավոր է Միաձույլ երկաթբետոնե շենքերի շինարարության մասնաբաժինը
ներկայումս ակնհայտորեն գերակշռում է, սակայն հավաքովի հիմնակմախքով շենքերի շինարարությունը
Երեւանում նույնպես քիչ թիվ չի կազմում։ Ի դեպ, նման տիպի շենքերի կառուցումն արտասահմանում
վաղուց դադարեցված է: Դրա հիմնական պատճառը երկրաշարժի ժամանակ նմանատիպ շենքերի
դրսեւորած վարքն է, այսինքն՝ հիմնահատակ փլուզվելը։ Խնդիրն այն է, որ որքան էլ փորձենք
տեղում ապահովել բետոնային աշխատանքների որակը՝ կրող էլեմենտների եւ նրանց միացման
հանգույցներում բետոնի կոշտությունները փաստացիորեն տարբերվում են իրարից, որը նախագծային
հաշվարկներում չի նախատեսվում։ Արդյունքում, հիմնակմախքի էլեմենտներում տեղի է ունենում
կոշտությունների անհամասեռ բաշխում եւ հանգույցներում առաջանում են դեֆորմացիաներ:
Այս հանգամանքը պարզ վկայություն է ստացել ուժեղ երկրաշարժերի, այդ թվում նաեւ՝ Սպիտակի
երկրաշարժի ժամանակ։ Նման շենքերի շինարարությունը առավել զգայուն է շինարարական
տեխնոլոգիայում թույլ տված շեղումների հանդեպ, եւ պետք է ապահովել բծախնդիր որակ։
Բայց նույնիսկ բարեխիղճ նախագծողն ու շինարարը չեն կարող ամբողջովին ապահովել սեյսմակայունության
նախագծային մակարդակը։ Գրեթե նման մի իրավիճակ է ստեղծվում նաեւ սեյսմակայուն
շինարարության մեկ այլ ասպարեզում, որտեղ եւս նախագծի եւ իրականում կառուցված շենքի
բնութագրերի միջեւ առաջանում են էական խզումներ։ Խոսքը վերաբերում է ռետինամետաղական
բարձիկների միջոցով շենքերի սեյսմակայության ապահովմանը։ Խնդիրն այստեղ առնչվում
է մի ամբողջ շարք հարակից ոլորտների՝ կապված ռետինի ֆիզիկական ու քիմիական կազմի,
պատրաստման տեխնոլոգիայի, նախագծման ու շինարարության հիմնահարցերի եւ համապատասխան
մշակումների հետ։ Դրանք նախատեսում են բարձր տեխնոլոգիայի եւ գիտաարտադրական բազայի
առկայություն, որին մենք ներկայումս չենք տիրապետում կամ ուղղակի պատրաստ չենք։ Դա
է հիմնական պատճառը, որ այս մեթոդն իր կիրառությունն է ստացել ընդամենը մի քանի զարգացած
երկրներում։ Կարելի է ենթադրել, որ նշված դեպքերում հնարավոր է ի վերջո ստանալ չնչին
տնտեսումներ: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ, ի տարբերություն տնտեսության այլ ոլորտների,
որտեղ թույլ տրված ամեն տեսակի բացթողումները ժամանակի ընթացքում դառնում են ուղղելի,
շինարարության, այն էլ՝ սեյսմակայուն շինարարության ոլորտում թույլ տված բացթողումներն
ու շեղումները, որպես կանոն, ունեն մնայուն, իսկ հաճախ նաեւ՝ անուղղելի բնույթ։ Այստեղ
«արձագանքները» դառնում են անխուսափելի՝ անկախ տասնամյակների տեւողությունից։ ՊԱՐՈՒՅՐ
ԶԱԴՈՅԱՆ Ինժեներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել