Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը
ընտանիք-ընտանիք մարդաթափ է լինում: Միայն 2005-ի մարտ ամսվա ընթացքում մեկնել
է 9 ընտանիք: Հովհաննիսյանների ընտանիքը 3 շաբաթ առաջ հեռացավ Մարտունու տարածաշրջանի
Վաղաշեն գյուղից: Նրանք մեկն են այն շատ-շատերից, ովքեր չկարողանալով ապրել հայրենի
գյուղում՝ լքում են հայրենիքը: Ընտանիքի հայրը՝ Լեւոն Հովհաննիսյանը, 7 տարի շարունակ
արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս. «8-9 ամիս
դրսում եմ լինում, գալիս եմ ձմռանը: Կրասնոդարում շատ հայեր կան, մեր գյուղից էլ
շատերը կան: Էնտեղ ես ինձ լավ եմ զգում, մի հարազատ միջավայր է ստեղծվել, փոքրիկ
հայրենիք, միայն ընտանիքիս կարոտն է տանջում: Չեմ կարող այլեւս ընտանիքիցս հեռու
ապրել, իսկ էնտեղի գործս էլ թողնել չեմ կարող: Գյուղում մենք ուղղակի օրերը քարշ
ենք տալիս, իսկ Կրասնոդարում նորմալ կապրենք»,- ասաց Լեւոնը: Լեւոնի 3 երեխաները
դեռ փոքր են (միայն ավագ որդին է դպրոց գնում), եւ նա մտադիր է երեխաներին ռուսական
դպրոց տանել. «Միայն այն բանի համար, որ երեխաներս հայկական կրթություն ստանան՝ չեմ
կարող այստեղ մնալ»,- ավելացրեց Լեւոնը: Ավագ որդին՝ Գոռը, ուրախ էր, որ գնում են,
քանի որ ուզում է օդաչու դառնալ, իսկ այստեղ դա նրան չի հաջողվի: Հնգամյա Նարեկն
էլ ուրախացած ասաց. «Պապաս ասել էր, որ ինձ Երեւան կտանի՝ կարուսել նստելու, չէր
տանում: էնտեղ լիքը կարուսել կնստեմ»: Լեւոնի կինը եւս երկար էր սպասել այս պահին:
Նրա խոսքերով՝ թեեւ դժվար կլինի ապրել հարազատ հող ու ջրից հեռու, բայց ընտանիքը
միասին կլինի, ու ավելի լավ կապրեն: 1992-ից սկսած՝ Հայաստանում աճել են բնակչության
միգրացիոն տեղաշարժերը: Մեկնողների 85%-ը տեղափոխվում է ԱՊՀ երկրներ, ընդ որում՝
յուրաքանչյուր 3 տեղափոխվողից մեկը բարձրագույն կրթություն ունի: ՀՀ ազգային վիճակագրական
ծառայության տվյալներով՝ միայն 90-ական թվականների ընթացքում 800 հազար մարդ է հեռացել
երկրից: Երեւանի տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի դոցենտ
Կարեն Հակոբյանի խոսքերով՝ պաշտոնական տվյալները ճշգրտորեն չեն արտացոլում իրական
պատկերը. «Շատերը գնում են օտար երկիր՝ այդպես էլ մնալով մեր երկրի քաղաքացի: Ոմանք
հետո ձեռք են բերում նաեւ տվյալ երկրի քաղաքացիություն, իսկ մյուսներն այդպես էլ
շարունակում են ապրել դրսում՝ ունենալով ՀՀ քաղաքացիություն: Այնպես որ, մենք չենք
կարող ստույգ իմանալ, թե քանի մարդ է հեռացել երկրից»: Եթե 90-ական թթ. մեկնում
էր հիմնականում քաղաքային բնակչությունը, ապա մոտակա 15 տարիներին, Գիտությունների
ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ժողովրդագետ Խոջաբեկյանի կանխատեսմամբ, միջպետական
միգրացիան կակտիվանա գյուղական բնակչության շրջանում: Ըստ Վիճակագրության
Գեղարքունիքի մարզային վարչության տվյալների՝ 2004թ. տարածաշրջանից հեռացել է 353,
վերադարձել՝ 128 մարդ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում հեռացել է 114, վերադարձել՝
42 մարդ: «Վերջին տարիների վիճակագրական տվյալները հուսադրող չեն. Մարտունու տարածաշրջանում
արտագաղթն ակնհայտ է: Մարդիկ հեռանում են ցանկացած հնարավորության դեպքում: Վերջին
հինգ տարիներին տարածաշրջանի բնակչության թվի փոփոխությունը հետեւյալն է՝ եթե 2000թ.
այն կազմում էր 94.500 մարդ, ապա այսօր՝ 91.043»,- ասաց Վիճակագրության Գեղարքունիքի
մարզային վարչության գլխավոր մասնագետ Արայիկ Եղիազարյանը: ԿԱՐԻՆԵ
ԻՈՆԵՍՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆwww.hetq.am