ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
ՀԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ Երեկ ասուլիսում ԱԺ փոխնախագահ
Տիգրան Թորոսյանը հրապարակեց համատեղ հուշագրի տեքստը, ըստ որի՝ «Վենետիկի հանձնաժողովի
աշխատանքային խումբը համարում է, որ 2005 թ. մայիսին առաջին ընթերցմամբ ընդունված
սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռեւս ունի կարեւոր թերություններ»: Միաժամանակ
նշվում է, թե «Հայաստանի իշխանությունները մտադիր են կարեւոր փոփոխություններով լրամշակել
նախագիծը՝ այն համահունչ դարձնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին»:
Սակայն Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիաննի
Բուքիքիոյի պատմածից ակնհայտ դարձավ, որ իշխանությունների հավասարակշռության սկզբունքի
մասին խոսելիս՝ պրն Քոչարյանը փորձել է համոզել Բուքիքիոյին, որ հատկապես Հարավային
Կովկասի երկրներում «մարդկանց անհրաժեշտ են հզոր ղեկավարներ»: Բուքիքիոն հակադարձել
է. «Դրան կարելի է հասնել նաեւ կիսանախագահական համակարգում»: Իսկ Երեւանի քաղաքապետի
ընտրովի լինելու խնդրում, ըստ Բուքիքիոյի՝ «Քոչարյանը բավական ճկուն գտնվեց»: Նա
առաջարկել է Երեւանի քաղաքապետին վերաբերող դրույթը հանել սահմանադրական փոփոխությունների
նախագծից, փոխարենն ընդունել նոր օրենք «Քաղաքապետերի մասին»: Վենետիկի հանձնաժողովի
քարտուղարն ընդունելով այլընտրանքը՝ ընդգծեց. «Քաղաքապետը պետք է լինի ընտրովի»:
Հարցին, թե այս քննարկումներից հետո հնարավո՞ր է, որ հանձնաժողովի հունիսի
10-11-ը հաստատվելիք փաստաթղթում վերանայվի միջանկյալ երկրորդ եզրակացությամբ արտահայտված
«խորը հիասթափությունը»՝ Բուքիքիոն պատասխանեց, որ «իհարկե, հաշվի կառնվեն» քննարկումների
արդյունքները, եւ մասնավորապես՝ Երեւան այցելած աշխատանքային խումբը Վենետիկի հանձնաժողովին
կտեղեկացնի Հայաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքների մասին:
Ա. Ի.