Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օսկանյանի «իզին» լցվեց

Հունիս 04,2005 00:00

Օսկանյանի
«իզին» լցվեց Մինչ Ռ. Քոչարյանի եւ Ի. Ալիեւի վերջին հանդիպումը,
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը սիրում էր կրկնել, թե ինքն ադրբեջանցի իր պաշտոնակից
Մամեդյարովի հետ այլեւս խոսելիք չունի, քանի որ այդ ֆորմատով հանդիպումների օրակարգն
արդեն սպառված է, եւ ԱԳ նախարարների բանակցությունների նոր ռաունդի համար անհրաժեշտ
են երկու նախագահների լրացուցիչ ցուցումները: Այլ խոսքով, «Պրահյան գործընթացի» շարունակման
համար պետք է որ տեղի ունենար Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը, որից էլ, իբր,
պետք է ծնունդ առներ բանակցությունների նոր օրակարգը: Մի տեսակ տպավորություն է ստեղծվում,
որ Օսկանյանն ու Մամեդյարովը, պատկերավոր ասած, աշխատում են «ԱրմենՏելի» մոգոնած
տխրահռչակ սկզբունքով. երկու երկրների ԱԳ նախարարները մի որոշ շրջան հանդիպում են,
դեսից-դենից զրուցում, ու մեկ էլ պարզվում է, որ նրանց բանակցային «իզի քարտը» սպառվել
է: Իսկ այդ քարտը, ինչպես արդեն կռահեցիք, լիցքավորում են Քոչարյանն ու Ալիեւը՝ իրենց
հազվադեպ եւ, ինչպես փորձը ցույց է տվել, երիցս անպտուղ հանդիպումներով: ՀՀ
ԱԳՆ-ից հաղորդում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը
տեղի է ունենալու հունիսի 18-ին՝ Փարիզում, իսկ մինչ այդ՝ հունիսի 8-ին Վիեննայում
նախատեսված է Օսկանյանի հանդիպումը համանախագահների հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ
ՄԽ ռուս համանախագահ Մերզլյակովն ասել էր, թե «առաջիկա օրերին հստակեցվելու է Վ.
Օսկանյանի եւ միջնորդների հանդիպման ժամկետը, որից հետո՝ հունիսի կեսերին, կկայանա
համանախագահների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Քոչարյանի ու Ալիեւի վարշավյան հանդիպումից
հետո նրանց արտգործնախարարների «իզիները» լցված են: Թեեւ, ինչպես ինքներդ էլ հասկանում
եք, այդ քարտի շրջանակներում, անգամ մեծ ցանկության, էլ չենք ասում՝ քաղաքական կամքի
առկայության դեպքում, շատ բաների մասին չես էլ հասցնի խոսել: Մինչդեռ զարգացումների
տրամաբանությունը ցույց է տալիս, որ Օսկանյանն ու Մամեդյարովը խնդրի արագ կարգավորման
ոչ մի ցանկություն էլ չունեն, ուր մնաց թե՝ մտածեին սեղմ ժամկետներում տեղավորվելու
մասին: Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ գրեթե պաշտոնապես բարձրաձայնել է կարգավորումը
մինչեւ «ավելի լավ ժամանակներ» հետաձգելու իր մտադրությունը՝ ակնարկելով հարցը տնտեսական
հզորացման դիրքերից լուծելու ոչ այնքան հիմնազուրկ հնարավորությունը: Ինչ վերաբերում
է հայկական կողմին կամ ավելի ճիշտ՝ տվյալ պահին այդ կողմը ներկայացնող պաշտոնատարներին,
ապա առնվազն 1998թ. սկսած, ԼՂ հակամարտության կարգավորման հետաձգումը նրանց համար
գերխնդիր է՝ պայմանավորված մարդկանց խիստ նեղ շրջանակի խիստ նեղ հետաքրքրություններով:
Այլ հարց, որ երկու կողմերն էլ արտաքին աշխարհին «կոնստրուկտիվ» ներկայանալու խնդիր
ունեն: Այսպիսով, Օսկանյան-Մամեդյարով զույգը եւս մի քանի ամիս եվրոպաներում անհոգ
«ֆռֆռալու» հնարավորություն ստացավ: Մինչ նոր լիցքավորումը: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել