ԱՊՀ
ճակատագիրը առնվազն անորոշ է Երեկ Թբիլիսիում սկսվեց եւ շատ արագ ավարտվեց
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում
էր նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բոլոր կարեւոր գործերն ավարտվեցին
մեկուկես ժամվա ընթացքում, նույնիսկ կոլեկտիվ նկարը եւ համատեղ ասուլիսը չփրկեցին:
ԱՊՀ-ում քննարկվող հարցերը կարելի է բաժանել մի քանի խմբի, սակայն դրանք քննարկվում
էին բառացիորեն հետեւյալ կարգով. նիստը վարող Մոլդովայի վարչապետ Վասիլի Տառլեւը
ներկայացնում էր հարցը, հետո ԱՊՀ երկրների համագործակցության գործադիր քարտուղար
Վլադիմիր Ռուշայլոն իր հերթին էր ներկայացնում՝ մեկ-երկու նախադասությամբ: Ելույթներ
հիմնականում չէին լինում, եւ հարցը համարվում էր քննարկված: Համեմատաբար ակտիվ էին
վերջերս հեղափոխություն կատարած երկրների՝ Ուկրաինայի, Ղրղըզստանի եւ Վրաստանի վարչապետները,
որոնք էլ մեր տպավորությամբ, աշխատում էին ընդգծել սեփական ինքնուրույնությունը:
Հատկապես ակտիվ էր Յուլիա Տիմոշչենկոն, որին բոլոր երկրների վարչապետները վերաբերում
էին բավականին կնամեծար եւ հարգալից ձեւերով: Հենց նա էր, որ անմիջապես հայտարարեց,
որ Ուկրաինան չի ստորագրելու առեւտրական կապերի սահմանափակումները երկարաձգելու մասին
համաձայնագիրը, քանի որ ճիշտ կլինի ընդհանրապես հանել սահմանափակումներն առեւտրային
հարցերում: Ըստ Ուկրաինայի վարչապետի, այս սահմանափակումն ազդում է հիմնականում ուկրաինական
ապրանքների վրա: Մոլդովայի վարչապետն իր հերթին լրացրեց, որ խոսքը նաեւ մոլդովական
ապրանքների մասին է: Իսկ Ղրղըզստանի վարչապետը քննադատեց բյուրոկրատական քարշքշուկը:
«Եթե մենք ուզում ենք ապրել միասնաբար, ուրեմն՝ ապրենք, եթե մտնում ենք հերթական
բյուրոկրատական քաշքշուկի մեջ, դա ուրիշ հարց է: Թե չէ, արդեն քանի տարի խոսում ենք
այս կառույցի ռեֆորմացման մասին, եւ միայն խոսում ենք»: Նիստի ավարտից հետո
վարչապետները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Այստեղ վարչապետներին ուղղվեց
ինը հարց, որից հինգը ԱՊՀ հնարավոր փլուզման ժամկետների մասին էր: Բոլոր հինգին էլ
ինչ-որ չափով պատասխանեց ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, որը, սակայն,
նույնպես առանձին հուսադրող բաներ չասաց. «Մենք չենք ուզում դեպքերի ընթացքն արագացնել:
կարծում եմ, հարցի վերջնական լուծումը կտրվի այս տարվա օգոստոսին կայանալիք ԱՊՀ երկրների
ղեկավարների հանդիպման ժամանակ»: Պարոն Ռուշայլոն ասաց նաեւ, որ այսօր քիչ չեն այլ
կառույցներ, որոնց հեռանկարը ամենեւին էլ պարզ չէ: Իբրեւ օրինակ ներկայացվեց Եվրամիությունը,
որում, ըստ Ռուշայլոյի, միասնական Սահմանադրություն ընդունելու գործընթացի հետ կապված
լուրջ խնդիրներ են ծագել: Ուշագրավ է, որ ադրբեջանցի լրագրողին չթույլատրեցին
հարց ուղղել մամուլի ասուլիսի ժամանակ, այն բանից հետո, երբ պարզվեց, որ վերջինս
պատրաստվում է Հայաստանի վարչապետին հարց ուղղել հենց Ղարաբաղի հակամարտության մասին:
Առավել եւս, որ Անդրանիկ Մարգարյանն այդ ասուլիսին չմասնակցեց: Մյուսները ներկա էին
միայն ֆոնն ապահովելու համար, քանի որ իրականում հարցերին մեկ-երկու հոգի էր պատասխանում:
Ավելի ուշ, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, Անդրանիկ Մարգարյանն ասաց,
որ Հայաստանը առաջարկված 34 արձանագրություններից չի ստորագրել 4-ը: Համեմատության
համար ավելացնենք, որ նույն հեղափոխական Ուկրաինան չի ստորագրել 9-ը: Նիստին
նախորդող գիշերը վրացիները ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին եւ
նրանց այցը լուսաբանող լրատվամիջոցների անդամներին հրավիրել էին վրացական պարի ազգային
համույթի համերգին, որի ընթացքում վարչապետները հասցրին մի կարգին հոգնել վրացական
«Խանչալներով» պարից եւ հասկացան, որ եթե հաջորդ նիստը Թբիլիսիում տեղի ունենա, իրենք
պարզապես ստիպված կլինեն մինչ այդ վրացերեն սովորել: Սակայն սա արդեն ուրիշ պատմություն
է, որի մասին՝ առաջիկայում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԹբիլիսի-Երեւան