Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԶԱՆՔԸ

Հունիս 03,2005 00:00

ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է Երեկ լուսաբացին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վերադարձավ Երեւան: Մեր երիտասարդ հերոսներին «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու էին գնացել ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ֆուտբոլասերներ: Թեեւ օդանավը վայրէջք կատարեց բավականին ուշացումով, երբ արդեն լույսը բացվել էր, դա չխանգարեց ջերմ ու հանդիսավոր ընդունելությանը: Եղան շնորհավորանքներ, գրկախառնություններ, զինվորական փողային նվագախմբի երաժշտություն, հրավառություն: Իսկ ակումբների մանկապատանեկան դպրոցների սաները ֆուտբոլիստներին ծաղկեփնջեր մատուցեցին: Հենց օդանավակայանում կազմակերպված հանպատրաստից ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Մեր այս հավաքականը ապացուցեց եւ մենք բոլորս դա տեսանք, որ ի վիճակի է շատ լուրջ խնդիրներ լուծել: Ես, որ միշտ խոսում էի ապագայի հավաքականի մասին, հենց նրանց նկատի ունեի: Մեր թիմի՝ խմբում առաջին տեղ գրավելը ու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելն անսպասելի չէր, համենայնդեպս, ես դրան սպասում էի: Սրանք այն տղաներն են, ովքեր ապագայում համալրելու են մեր ազգային հավաքականը: Մենք այսօր արդեն ունենք 14-18 տարեկան տաղանդավոր երեխաներ: Նրանք մի հինգ-վեց տարի հետո այսօրվա 19 տարեկանների հետ միասին կկազմեն բավականին ուժեղ, պահեստայինների երկար նստարան ունեցող հավաքականներ: Այ, ինձ մտահոգում է այն, որ դեռեւս չունենք մարզչական լիարժեք կազմ: Թեեւ Սամվել Պետրոսյանն արեց ամեն բան, ինչ հնարավոր էր ու ապացուցեց, որ ցանկանալու դեպքում կարող է լավ աշխատել: Ինչ վերաբերում է 19 տարեկանների առջեւ դրվելիք ծրագրին, դա հստակ է. հուլիսին պետք է պայքարեն Եվրոպայի գավաթը նվաճելու համար, մի բան, որ, իմ համոզմամբ, միանգամայն իրագործելի է: Բայց մինչ այդ՝ մենք դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու եւ դրա համար անելու ենք ամեն ինչ»: «Առավոտը» հետաքրքրվեց. – Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ընթացքում մեր հավաքականի առաջատար հարձակվող եւ լավագույն ռմբարկու Էդգար Մանուչարյանը լինելու է «Այաքսի» հետ: Հնարավո՞ր է, որ նա չկարողանա օգտակար լինել հավաքականին: – Հիմա դժվարանում եմ որեւէ բան ասել: Համենայնդեպս, մենք բանակցելու ենք «Այաքսի» ղեկավարության հետ, որպեսզի նրան այդ օրերին թույլ տան գալ հավաքական,- պատասխանեց Ռ. Հայրապետյանը: Ինքը՝ Էդգարը, խոսելով Հունգարիայում թիմի անցկացրած հանդիպումների մասին, ամենադժվարը Բելգիայի հետ խաղը համարեց: «Մենք անպայման պիտի հաղթեինք՝ 1-ին տեղի շանս ունենալու համար: Բոլոր տղաներն էլ շատ լավ խաղացին, ու մենք երեք միավոր վաստակեցինք,- ասաց նա:- Վերջին՝ Հունգարիայի հետ հանդիպման առաջին 20 րոպեներն էլ դժվար էին: Լավ է, որ կարողացանք արագ գոլ խփել ու հաղթեցինք 5:1 հաշվով: Ես ու տղաները շատ ուրախ ենք: Այժմվանից նախապատրաստվելու ենք եզրափակիչ փուլին: Ճիշտ է, այնտեղ շատ ուժեղ թիմեր են լինելու, բայց մենք երազում ենք Եվրոպայի չեմպիոն դառնալ»: Հիշեցնենք, որ մեր հավաքականը էլիտ մրցափուլում 0:0 խաղաց Իտալիայի հետ, 1:0 հաշվով առավելության հասավ Բելգիայի նկատմամբ, 5:1 հաշվով հաղթեց Հունգարիային եւ 7 միավորով միանձնյա դարձավ 4-րդ խմբի առաջատար: Հուլիսին Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի մրցակիցները լինելու են Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Նորվեգիան, Սերբիան եւ Չեռնոգորիան: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930