Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայունությունը»

Հունիս 03,2005 00:00

«Կայունությունը» խոստանում է մոդելների կայուն բանակ «Կայունություն» հասարակական շարժման երեկվա ասուլիսի կազմակերպիչներն ավելի շատ էին, քան լրագրողները: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սրճարանում կայունականների մշակութային թեւը ներկայացրեց հուլիս-օգոստոս ամիսներին իրենց նախաձեռնությամբ կայանալիք «Ֆոտոմոդել-2005» մրցույթի ընթացակարգը: Մրցույթի կազմակերպիչներն ասացին, որ ի տարբերություն Հայաստանում կազմակերպվող մեծ թվով ծրագրերի, իրենք կոմերցիոն շահույթ չեն հետապնդում, որ իբր «Ֆոտոմոդելում» ամեն ինչ արդար է, օբյեկտիվ, թափանցիկ եւ այլն: Հայտարարվեց, որ «Կայունություն» հասարակական միավորման նախաձեռնությամբ ստեղծվել է վերահսկող հանձնաժողով, որը կհետեւի մոդելային մրցույթի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին, իսկ հանձնաժողովի մեջ կընդգրկվեն նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞ր լրատվամիջոցների ներկայացուցիչներն են երբեւէ մասնակցել «Ֆոտոմոդելի» աշխատանքներին: Պարզվեց, որ նախորդ անգամ գնահատող հանձնաժողովի մեջ եղել է ԱԼՄ հեռուստաընկերության ներկայացուցիչը: «Մեր ապրանքները պիտի գովազդեն մեր դեմքերը, ճանաչվեն այդ բիզնեսում ու հետագայում աշխատանք ունենան»,- պաթետիկ տոնով ասաց ներկա կայունական, նախկին ՀԺԿ-ական, ավելին՝ Հայաստանի առաջադիմական կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը: Նա ասաց, որ «Ֆոտոմոդել-2005»-ի մասնակիցներն ու հաղթողները կզբաղեցնեն իրենց տեղը գովազդային պաստառների վրա, պարբերականների էջերին, եւ նույնիսկ դուրս կգան արտերկրներ: Պարզվեց, արտերկիրն էլ, ըստ կայունականների, ընդամենը Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն են, եւ իրենք պայմանագրեր են կնքել մոսկովյան «Մոդել-շոու» ու սանկտպետերբուրգյան I.I.C.S. գործակալությունների հետ: Այս պահին իրականացվում է մրցույթի մասնակիցների հավաքագրումը, որից հետո կսկսվեն նախապատրաստական աշխատանքները, պարապմունքներն ու նկարահանումները: Կազմակերպիչները տեղեկացրին, որ «Ֆոտոմոդել-2005» մրցույթի առաջին փուլը կկայանա Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, խոստացան շքեղ բեմականացում եւ էֆեկտներ: Իսկ մրցույթից առաջ նույն թատրոնի Ձմեռային պարտեզում կկայանա նաեւ նկարիչ Արշալույս Աղայանի նկարների ցուցահանդեսը: Վերջինս հատուկ ժամանել էր ասուլիսին իր երախտագիտությունը հայտնելու «Կայունություն» շարժման ղեկավարությանը, որոնց շնորհիվ արվեստանոցի տեր էր դարձել: Ի դեպ, երբ Ա. Աղայանը առաջին անգամ հայտարարեց այդ մասին, Ս. Հարությունյանը նրան հուշեց. «Մի հատ էլ ասա, ու ավելի բարձր»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930