«ժԱՄԱՆԱԿԸ ՔԻՉ Է, ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԵԼ ԱՐԱԳ» Թբիլիսիում ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Երկու երկրների հարաբերություններում անչափ կարեւոր են նաեւ լավ եւ բարի մարդկային հարաբերությունները»,- երեկ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ շեշտեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում՝ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Տիկին Բուրջանաձեն անմիջապես հայտարարեց, որ ինքը լավատես է եւ հույս ունի, որ հնարավոր է ելքեր գտնել ցանկացած բարդ իրավիճակում. «Մենք իրոք շատ մեծ ծրագրեր ունենք տնտեսական իրավիճակի բարելավման եւ այլ խնդիրների հետ կապված, եւ ես վստահ եմ, որ Հայաստանի հետ տնտեսական հեռանկարները կկարողանանք իրագործել»։ Վրաստանի խորհրդարանի նախագահի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի շրջանակը տնտեսական եւ պատմամշակութային էր։ Եվ որքան էլ տարօրինակ է, վերջինիս հետ կապված հարցերի մասին առաջինը խոսեց Նինո Բուրջանաձեն։ Նրա խոսքից այն տպավորությունը ստեղծվեց, որ վրացիները պլանավորել են իրենց երկրի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային արժեքներով զբաղվել եւ զբաղվել հօգուտ Վրաստանի։ Այս երկրում չի ընդունվել «Կրոնի մասին» օրենք, թեպետ, որպես ԵԽ անդամ երկիր, պարտավոր էին վաղուց ընդունած լինել նման օրենք, եւ արդյունքում հայկական եկեղեցիները հայտնվեցին բավականին տխուր իրավիճակում։ Մի քանի տարի առաջ՝ 90-ականներին, կործանվեց Թբիլիսիում ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, եւ հայտարարվեց, որ այն բնական ճանապարհով է փլուզվել։ Սակայն հայ համայնքի անդամները եւ եկեղեցականները լուրջ կասկածներ ունեն այս կապակցությամբ։ Հիմա էլ Թբիլիսիի Նորաշեն հոյակապ եկեղեցու բակում հազարամյակներ առաջ տեղադրված խաչքարերն ու տապանաքարերը հենց թբիլիսցիների աչքի առաջ ձեւափոխվում եւ փոփոխվում են՝ իբրեւ վրացական սրբություններ։ Հայկական գործող շուրջ 19 եկեղեցիները (միայն Թբիլիսիում) չեն վերանորոգվել տասնամյակներ շարունակ։ Վրացիները չէին թաքցնում իրենց հետաքրքրվածությունը Իրան-Հայաստան գազամուղի հետ կապված։ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին եւ Նինո Բուրջանաձեն մի քանի անգամ շեշտեցին, որ կուզեին միանալ այս ծրագրին։ Սակայն միաժամանակ առաջ քաշվեց Վրաստան-Հայաստան սահմանների հստակեցման հարցը. «Այս թեման բավական վաղուց օրակարգում կա. կան ուժեր, որոնք կուզեին, որ Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները այնքան լավ չլինեին, ինչպես այսօր է, եւ այս հարցը նույնպես կարող է օգտագործվել իրավիճակ բարդացնելու նպատակով։ Այդ պատճառով, կարծում եմ, վատ չէր լինի այս ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները»։ Պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ արդեն կար պայմանավորվածություն՝ հաշվառում կատարելու մասին, սակայն այն մինչ այժմ չի կատարվել։ Անդրանիկ Մարգարյանը հիշեցրեց այս մասին եւ ասաց. «Այս խնդիրը հիմա շատ դժվար է իրականացնել Ադրբեջանում, քանի որ այնտեղ եւս մենք բազմաթիվ պատմական եւ մշակութային հուշարձաններ ունենք, սակայն կարեւորն այն է, որ դուք եւ մենք համատեղ սկսենք այս գործը»։ Վարչապետն ասաց, որ հարցը մեզ համար խիստ կարեւոր է, եւ պետք է ամեն ինչ անել՝ այս հարցում առաջ գնալու համար. «Հարցը հարկավոր է լուծել Վրաստանի օրենսդրական նորմերին համապատասխան, եւ պետք է գործն անել, որ երբ դուք կունենաք համապատասխան օրենքը, կոնֆլիկտային իրավիճակ չառաջանա»։ Նինո Բուրջանաձեն ի պատասխան՝ առաջարկեց, որ նախ՝ հարցը երկու կողմերի գիտնականներն ու պատմաբանները քննեն։ Ճիշտ նման առաջարկ է անում նաեւ Ադրբեջանը։ Սակայն Անդրանիկ Մարգարյանը այլ կարծիքի է. «Եթե տվյալ հարցը սկսեն քննարկել պատմաբանները, ուրեմն հարցը չի լուծվի, քանի որ դա իրավաբանների եւ գործադիր իշխանությունների լուծելիք հարցն է»։ Նինո Բուրջանաձեն զարմանալիորեն արագ «հանձնվեց»՝ «Խոսքերս ետ եմ վերցնում»։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ ցանկացած հարց կարելի է լուծել, եթե կա ցանկություն եւ ժամանակ. «Եվ քանի որ հիմա ցանկություն կա, իսկ ժամանակը քիչ է, հարկավոր է աշխատել արագ։ Առանց խորհրդարանների օգնության երկու երկրների կառավարությունների համար դժվար կլինի։ Մենք պատրաստ ենք միմյանց օգնել։ Կարծում եմ՝ հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԹբիլիսի-Երեւան